Սիրիական ընդդիմությունն առաջարկել է անորոշ ժամկետով հետաձգել նախագահական ընտրությունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունն առաջարկել է անորոշ ժամկետով հետաձգել նախագահական ընտրությունները, քանի որ ընտրողների մեծ մասը չի կարող մասնակցել քվեարկությանը:
Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Փոփոխությունների ու ազատագրման համար» ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը: Նա ընդգծել է, որ ընդդիմությունը կոչ չի անում բոյկոտել նախագահական ընտրությունները:
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: Գործող նախագահ Բաշար Ասադը կունենա երկու մրցակից: Նրանցից մեկը Հալեպը ներկայացնող 43-ամյա կոմունիստ Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարն է, իսկ երկրորդը՝ 54-ամյա նախկին նախարար Հասան Աբդուլահ ալ-Նուրին:
Սկզբնական շրջանում նախագահական աթոռի համար պայքարելու հայտ ներկայացրեց 23 թեկնածու, սակայն նրանց մեծ մասին չհաջողվեց ստանալ 35 պատգամավորի աջակցություն՝ գրանցման գործընթացն անցնելու համար: Բաշար Ասադը Սիրիայում իշխանության ղեկին գտնվում է 2000 թվականից: