Ծեծկռտուք է եղել, դանակահարված մարդ կա, դա ոչ մի կերպ չի ողջունվում. Սյունիքի մարզպետ
«Տխուր ավանդույթ է դառնում, որ Սյունիքի մարզից, հատկապես Գորիսից, տխուր լուրեր ենք լսում: Սա Ձեզ չի՞ մտահոգում, հատկապես այդ պրոցեսների համատեքստում հնչում է Սուրիկ Խաչատրյանի անունը: Անընդհատ խոսում ենք օրենքի գերակայության մասին, բայց ոնց որ Ձեր մարզում ահագին մարդ կա, որ հանցագործ է»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Մարզպետը վստահություն հայտնեց, որ շուտով իրավական գնահատական կլինի. «Ծեծկռտուք է եղել, դանակահարված մարդ կա, դա ոչ մի կերպ չի ողջունվում: Կարծում եմ, իրավական գնահատական կլինի: Իհարկե, անցած տարի դեպքից հետո լարված ու ուշադրության կենտրոնում էր քաղաքը, բայց այն էլեմենտները, որ քրեական տարրեր են պարունակում, լինի իմ եղբայրը, թե ով, անընդունելի է»:
Ն.Փաշինյանը չկիսեց մարզպետի լավատեսությունը. «Նման բազմաթիվ դեպքեր են եղել, որ իրավական գնահատական չի տրվել»: Ըստ պատգամավորի՝ մամուլում լուրեր կան, որ միջադեպի մասնակիցները նախկինում սպանության մեջ մասնակից են եղել: Նա շեշտեց, որ հանցագործությունն իրականացնողները ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարի ընտանիքի անդամ են:
«Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատրյանը ողջունում է դա, բոլոր դեպքերում գնահատականը կտրվի»,- ասաց մարզպետը: