Բաժիններ՝

Գարիկ Պապոյան. «Ինձ վատություն չեն անում, իմ անունն օգտագործելով՝ ուրիշին են շատ մեծ վատություն անում»

Այսօր «Վիտամին» ակումբի դերասան Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել՝ գրելով, որ ինչ-որ մեկն իր անունից DVD-ներ է փորձել վաճառել՝ պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Դերասանը կոչ է անում զգույշ լինել, քանի որ զանգահարողն ինքը չէ:

168.am-ի հետ զրույցում Գ. Պապոյանն ասաց, որ իրեն զանգահարել են այս հարցով այնպիսի անվանի ընկերություններից, ինչպիսիք են՝ «Մարիոթ» հյուրանոցը և «ԱՍԱ» պաղպաղակների ընկերությունը:

«Այդ կազմակերպությունների տնօրինությանը և մենեջերներին ինչ-որ մեկը զանգահարել է ու ներկայացել՝ որպես «Վիտամինի Գարիկ» և այդպիսի բան է առաջարկել: Եվ այս վերջինն էլ այսօր իմացա, որ էլի ինչ-որ կազմակերպության զանգել էին և DVD-ի մեկ հատը 2500 դրամով վաճառել էին, ու ընդհանուր առմամբ 50.000 դրամ են վերցրել այդ վերջին կազմակերպությունից»:

Դերասանի խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք չեն գնել, քանի որ ձայնը կասկածելի է թվացել, նույնիսկ ասել են՝ «Գարի՛կ, բայց սա քո ձայնը չի», բայց զանգահարողն ասել է, որ հեռախոսով իր ձայնն ուրիշ ձևով է հնչում: «Կան կազմակերպություններ, որոնց համոզել են և գումարը վերցրել են, կան, որ չեն համոզվել ու ինչ-որ մի ծանոթի միջոցով խոսել են ինձ հետ ու ճշտել են, որ նման բան չկա»,- ասաց Գարիկը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ թեև այսօր առաջին անգամը չէ, որ իմացել է այդ երևույթի մասին, սակայն այս անգամ է, որ շատ կասկածելի է թվացել իրեն, քանի որ արդեն փող են վերցրել. «Այն երկուսի դեպքում զանգահարել են ինձ ու ասել՝ «բա ինչո՞ւ ես DVD-ներն ուշացնում», և ես ասել եմ՝ «ի՞նչ DVD», ու պարզվել է, որ ինչ-որ մեկն իմ անունից DVD-ներ է խոսք տվել»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քայլը հենց իր անձի հետ է կապված, դերասանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կոնկրետ իմ անձի հետ կարող է կապված լինել, կարծում եմ՝ սա շարքային խարդախություն է, ուղղակի օգտագործել են իմ անունը, որը, այս պահի դրությամբ, իրենց թվում է՝ վստահություն կարող է ներշնչել: Ինձ, որ ասես՝ վատություն են անում, իրականում չեն էլ անում, իմ անունն օգտագործելով՝ շատ ուրիշ մարդկանց են վատություն անում, ինչի արդյունքում ես ինձ շատ վատ եմ զգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս