Սամվել Ֆարմանյան. «Հայկական երկու հանրապետությունների միջև մաքսային սահմանների մասին խոսելն ավելորդ է»
«Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի պարագայում չեն կարող լինել տարբեր մաքսային գոտիներում, ուստի հայկական երկու հանրապետությունների միջև մաքսային սահմանների մասին խոսելն ավելորդ է: Դա իրատեսական չէ ոչ մի պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի վերջին հայտարարությանը:
Իսկ հնարավո՞ր է` հրապարակային հայտարարությունների և կուլիսային հավաստիացումների միջև լինեն տարբերություններ, այսինքն` պաշտոնապես հայտարարվի, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև լինելու են մաքսակետեր, և ԼՂՀ-ն չի անդամակցելու, սակայն ԼՂՀ-ն, այնուամենայնիվ, դառնա միության անդամ, ինչպես ասում են, «լռության ռեժիմով»: Մեր այս հարցադրմանը Սամվել Ֆարմանյանը տվեց հակիրճ պատասխան` «հնարավոր է»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել էր, թե Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, և միության սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետության` ներկայումս ընդունված սահմաններով: