Պուտինը հիասթափված է ԵՄ-ի գործողություններից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձ է հղել եվրոպացի առաջնորդներին, որում նշել է, որ Ռուսաստանը հիասթափված է Ուկրաինայի գազային պարտքի խնդրի կարգավորման հարցում ԵՄ-ի կողմից կոնկրետ առաջարկ չանելու կապակցությամբ:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը հուսով է, որ եվրոպական երկրները կձեռնարկեն ավելի ակտիվ գործողություններ՝ տվյալ իրավիճակը կարգավորելու համար: Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինային գազ մատակարարելու համար կանխավճարային համակարգին անցում կատարելու մասին Ռուսաստանի որոշումը համապատասխանել է Ուկրաինայի հետ կնքված պայմանագրին:
Պուտինը հիշեցրել է, որ դեռ ապրիլի սկզբին է եվրոպացի առաջնորդների առջև բարձրացրել Ուկրաինայի հետ գազային խնդրի հարցը, սակայն այս ընթացքում ԵՄ-ի անդամ երկրները միայն մեկ հանդիպում են կազմակերպել Վարշավայում, որը, սակայն, ավարտվել է անարդյունք:
Պուտինի խոսքերով՝ հաշվետու ժամանակահատվածում ռուսական գազի համար վճարում անելու շուրջ իրավիճակն ավելի է վատթարացել և Ուկրաինայի պարտքի ծավալը 2 միլիարդ և 237 միլիոն դոլարից հասել է մինչև 3 միլիարդ և 508 միլիոն դոլարի: Պուտինն ընդգծել է, որ չնայած Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է 3.2 միլիարդ դոլար կազմող առաջին տրանշը, սակայն նա ցայժմ վճարում չի արել իրենց: