Տուժողները հարցաքննվեցին. «Ես ընդամենը ուզել եմ իմ գումարները հետ վերադարձնել»
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
Երեկ դատարանում հարցաքննվեցին գործով տուժող ճանաչված երկու անձինք: Տուժող Արման Ղազարյանը դատարանում ասաց, որ Արտակ Ղուկասյանն իր ընկերն է, նրա հետ ծանոթ է ուսանողական տարիներից, սովորել է նրա հետ: Տուժողը նախ դատարանում հայտարարեց, թե ինքը չի ցանկանում, որ Ա.Ղուկասյանը պատիժ կրի, կալանավորվի. «Ես ընդամենը ուզել եմ իմ գումարները հետ վերադարձնել»:
Տուժողը դատարանում հայտնեց, որ Ա. Ղուկասյանի առաջարկով նրան երեք փուլով 185 000 դոլար է տվել «գործի մեջ դնելու համար», որն իրենց եկամուտ պետք է բերեր: Տուժողը դատարանում հայտնեց, որ որոշ ժամանակ անց Ա. Ղուկասյանը չի պատասխանել իր զանգերին, ինչն իրեն անհանգստանալու առիթ է տվել, ապա ինքը գնացել է Ա. Ղուկասյանին պատկանող գրավատուն, որտեղ տեսել է նաև այլ մարդկանց, ովքեր նույնպես գումարներն են պահանջել: Ըստ տուժողի, ինքը հետագայում 29 000 դոլար գումարի մարում է ստացել: Ա. Ղազարյանը դատարանում ասաց, որ գումար տալիս պայմանագիր չի կնքվել, ինչը եղել է իր թերացումը: Նրա խոսքով՝ իր ու Ա. Ղուկասյանի հարաբերություններն ընկերական են եղել, և ինքը չի պատկերացրել, որ «ամեն ինչ կարող է հայտնվել նման վիճակում»:
Պատասխանելով մեղադրող Պավել Գյուլումյանի հարցին՝ տուժողն ասաց, որ Ա. Ղուկասյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ է նա արել այդ գումարները, և պատասխան է ստացել, որ իր գումարները ներդրվել են գրավատների գործի մեջ, պետք չէ անհանգստանալ, և, որ այն կվերադարձվի: Մեղադրողը տուժողից հետաքրքրվեց նաև՝ արդյոք նա տեղեկություն ունի՞ այն մասին, որ Արտակ Ղուկասյանին առևանգել կամ ծեծի են ենթարկել: Տուժողն ասաց, որ հանդիպել է Ա. Ղուկասյանին, ով իրեն հայտնել է, որ իրեն ծեծել են, սակայն ինքը չի իմացել՝ ովքեր են եղել ծեծողները:
Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանը տուժողից հետաքրքրվեց, թե որքան է պատկերացրել իր տված գումարի դիմաց իր եկամուտի չափը: Ի պատասխան` Ա. Ղազարյանն ասաց, որ Արտակ Ղուկասյանն էր առանձնացնելու այդ մասը, իսկ ինքը չէր պարզելու՝ արդյոք Ա. Ղուկասյանի նշած չափը ճիշտ է, թե ոչ. ինքը վստահել է Ա. Ղուկասյանին:
«Եթե ես այդքան գումարը տվել եմ իրեն` առանց որևէ պայմանագրի, առանց որևէ խնդիր ունենալու… ես չեմ կասկածել, որ ինքը ինձ կխաբի, ենթադրենք` եկամուտը 1000 դոլար կկազմի, ինքը ինձ կասի՝ 1000 չէ, 700 է»:
Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ա. Ղուկասյանին գումար տրամադրելուց հետո պայմանավորված ժամկետում շահույթ չստացած` նորից Ա. Ղուկասյանին գումար է տվել:
Ի պատասխան` տուժողն ասաց, որ ինքը պարզապես վստահել է Ա. Ղուկասյանին, հավատացել նրան. «Ես այն ժամանակ հավատացել եմ ու որևէ տրամաբանություն չեմ գտել հետո, երբ ես հետ եմ նայել իմ գործողություններին, որևէ տրամաբանություն չեմ գտել: Ես ուղղակի կուրորեն հավատացել եմ իմ ընկերոջը»: Հ. Ճարոյանը տուժողից նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրա կարծիքով` Ա. Ղուկասյանը հենց այդ ժամանակ տրամադրված եղել է գումարը յուրացնելու և այն չվերադարձնելու: «Չեմ կարող ասել»,- ի պատասխան` ասաց տուժողը:
Դատարանում երեկ հարցաքննված մյուս տուժողն էլ հայտարարեց, որ Արտակ Ղուկասյանին ճանաչում է իր որդու միջոցով. նրա հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել:
Տուժողը դատարանում պատմեց, որ Արտակ Ղուկասյանին տարբեր փուլերով գումար է տվել: Վկայի խոսքով՝ երբ Ա. Ղուկասյանը չի պատասխանել հեռախոսազանգերին, ինքը գնացել է նրա բնակարան, որտեղ Ա. Ղուկասյանը պատմել է, որ իրեն ծեծել են, սակայն չի նշել, թե ովքեր են իրեն ծեծել: Դատավորը տուժողից հետաքրքրվեց՝ արդյոք նրա կարծիքով Ա. Ղուկասյանն ի սկզբանե նպատակ ունեցե՞լ է խաբել նրան. «Ես այդպիսի բան իրենից չեմ տեսել»:
Նշենք, որ ամբաստանյալը, նրա պաշտպանը պնդում են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, ապօրինի զրկել են ազատությունից, բռնություն գործադրել: Փաստաբանի խոսքով՝ այդ մասին հայտնել են նաև Ա. Ղուկասյանի հարազատները, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվել: Այժմ քրեական գործ չհարուցելու որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ բողոքը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին, որի ընթացքում կշարունակվի տուժողների հարցաքննությունը: