Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2014»-ում գլխավոր գործոն կարող է դառնալ քաղաքականությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի մի շարք մասնակիցների ելույթների վրա կարող է ուղղակիորեն ազդել քաղաքականությունը:

Դա, մասնավորապես, վերաբերում է Ավստրիայի ներկայացուցիչ Թոմաս Նոյվիրտին, ով առավելապես հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ, Ռուսաստանը ներկացնող Անաստասիա ու Մարիա Տոլմաչևա քույրերին ու Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկին:

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու են 26 երկրների կատարողներ: Բուքմեյքերները հաղթողի գլխավոր հավակնորդ են համարում Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենին: Եթե հաղթի Նիլսենը, ապա դա կլինի վերջին երեք տարում Շվեդիայի երկրորդ հաղթանակը: Հաղթողի երկրորդ հավակնորդ է համարվում Կոնչիտա Վուրստը:

Սակայն «Եվրատեսիլ 2014»-ում գնահատման ժամանակ գլխավոր գործոն կարող է հանդիսանալ աշխարհաքաղաքականությունը, ինչը մասնավորապես առնչվում է Ուկրաինայի ճգնաժամին և տվյալ հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը: Դանիայում լսարանն արդեն իսկ սուլոցներով է ընդունել այն, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն անցել են եզրափակիչ փուլ:

Բացի այդ, մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ Ղրիմի բնակիչներից ստացված բոլոր քվեները հաշվելու են որպես ուկրաինացիների քվեներ, քանի որ քվեների հաշվարկը կատարվում է գոյություն ունեցող  միջազգային հեռախոսակոդերի համաձայն:

Մյուս կողմից «Եվրատեսիլ» մրցույթը մեծ հանրաճանաչություն է վայելում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում, որոնց հանդեպ անհանդուրժողականություն է ցուցաբերում Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն այսօր ելույթ է ունենալու 7-րդ համարի ներքո: Ի դեպ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով հենց նա է հաղթելու մրցույթում: Ժիրինովսկին դա պայմանավորել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտալուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս