Դավիթ Խաչատրյան. Ինձ զոհաբերելու ճանապարհով պաշտոնյաները փորձեցին բարձր պահել հասարակության մեջ իրենց հեղինակությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն դիմում է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին: Դիմումում մասնավորապես ասված է.

«Հանդիսանում եմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՏԴ/0097/01/13 քրեական գործով ամբաստանյալ և մեղադրվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտնում եմ Ձեզ, որ իմ համածառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն և նպատակ չեմ ունեցել և չեմ արել: Դա հաստատվել է նաև ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում, սակայն ոչ քննչական մարմինը, ոչ էլ դատախազները ուշադրություն չդարձրեցին այդ հանգամանքներին, քանի որ դեպքի հենց առաջին իսկ օրերից տուժողի հարազատները մեծ աղմուկ բարձրացրեցին, անգամ իրենց որդու դին Երևան էին բերում, որ դնեն կառավարության շենքի դիմաց:

Այդ ժամանակ շատ բարձրաստիճան պաշտոնայաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և այլոք եկան տուժողի հարազատներին ընդառաջ՝ հասնելով Սևան քաղաք, որտեղ փորձեցին հանգստացվել հավաքված անձանց և համոզել, որ հետ վերադառնան իրենց գյուղ, ինչին հավաքված ամբոխը չէր համաձայնում, որի պատճառով էլ նույնիսկ բախում եղավ նրանց և ոստիկանների միջև:

Անկառավարելի ամբոխին հանգստացնելու նպատակով՝ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված եղան կատարել նրանց պահանջը և լրատվական միջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարել, թե իբր ես միտումնավոր կերպով եմ կրակել Լյուքս Ստեփանյանի վրա և սպանել նրան, ինչպես նաև խոստացան, որ շատ խիստ են պատժելու ինձ, որից հետո միայն ամբոխը մի փոքր հանգստացավ և հետ գնաց:

Կարդացեք նաև

Այս ամենը հաստատող տեսագրությունները առկա են համացանցում:

Հենց այդ պահից սկսած գործի ամբողջ քննությունը գնաց միայն մեկ՝ ինձ սպանության մեջ մեղադրելու նպատակով: Այսինքն՝ ինձ զոհաբերելու ճանապարհով այդ պաշտոնյաները փորձեցին բարձր պահել հասարակության մեջ իրենց հեղինակությունը, ինչպես նաև փորձեցին կանխել իրենց նկատմամբ հասարակության կողմից հնարավոր մեղադրանքները, քանի որ իմ արարքին ճիշտ որակում տալու դեպքում այն դիտավորյալ սպանության չի կարող համարվել:

Նույնը շարունակվեց նաև դատաքննության ընթացքում. պարզից էլ պարզ երևում էր, որ գործը քննող դատավորը և մասնակցող դատախազներն ակնհայտորեն կաշկանդված են վերը նշված խոստումներով, ինչպես նաև ամեն ինչ անում էին և անում են տուժողի վրդովված հարազատներին գոհացնելու նպատակով, որոնք դատաքննության առաջին իսկ օրից դատարանում, բացի դատախազներից, բոլորին, այդ թվում՝ դատական կարգադրիչներին, պաշտպաններից և ինձ աջ ու ձախ հայհոյում էին և վիրավորում, բռնություն գործադրում կարգադրիչների նկատմամբ, իսկ երբեմն էլ վիրավորական խոսքեր ասում դատավորի հասցեին հենց նիստի ժամանակ (տեսագրությունները նույնպես առկա են համացանցում): Սակայն այդ ամենը բոլորի կողմից անտեսվում էր, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ գործով առնչվող պաշտոնյաներն ամեն ինչ անում են և անելու են տուժողներին գոհացնելու և ինձ սպանության համար դատապարտելու ուղղությամբ, քանի որ տուժողներն աընդհատ սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի:

Այս ամենը հաստատվեց նաև այսօր՝ 08.05.2014թ. դատական նիստի ժամանակ մեղադրողի ճառով, որում դատախազը, բացարձակապես հաշվի չառնելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, առանց որևէ վերլուծության, ընդամենը մեխանիկորեն ընթերցեց դեռևս նախաքննության ժամանակ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և միջնորդեց իմ նկատմամբ նշանակել 18 տարի ժամկետով ազատազրկում: Այն, որ իմ գործը շահարկելով և ինձ զոհաբերելով դատարանը, դատախազությունը և որոշ այլ մարմիններ փորձում են արդարության պատրանք ստեղծել և իրենց հեղինակությունը բարձրացնել, հաստատում է նաև հետևյալ օրինակը՝ դատաքննության հենց սկզբից տուժողի հարազատները պարբերաբար հայհոյում և վիրավորում էին ինձ և հատկապես պաշտպաններիս, փորձում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել վերջիններիս հետ:

Տեսնելով, որ որևէ իրավասու մարմին այդ կապակցությամբ որևէ գործողություն չի կատարում, հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով պաշտպանները ստիպված դիմեցին ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար, սակայն գործի հարուցումը մերժվեց՝ պատճառաբանելով, թե նման բան չի եղել, դատարանում որևէ մեկը հայհոյանք չի տվել, չի սպառնացել և դա ընդունվեց բոլորի կողմից այն դեպքում, երբ այդ ամենը ձայնագրվել է նիստի ժամանակ, տեսագրվել և լրագրողների կողմից այդ ամենը բազմիցս ցուցադրել են հեռուստատեսությամբ և հիմա էլ առկա է համացանցում:

Իմ նպատակը այն չէ, որ տուժողի հարազատները ենթարկվեն քրեական պատասխանատվության, նույնիսկ որևէ անգամ չեմ արձագանքել նրանց կողմից իմ հասցեին հնչեցրած հայհոյանքներին: Սակայն իմ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու երբ «Հարսնաքարի» գործով մեղադրյալները ընդամենը մեկ անգամ հայհոյանք տվեցին տուժողների փաստաբանին, գլխավոր դատախազի հանձնարարությամբ անմիջապես գործ հարուցվեց: Ավելի ճիշտ՝ ես հասկանում եմ, որ այնտեղ նույն վրդովված մարդիկ, տուժողները պահանջում էին, որ գործ հարուցվի և չհարուցվելու դեպքում այդ պաշտոնյաները կմեղադրվեին հրապարկայնորեն և նրանց հեղինակությունը կընկներ, իսկ իմ պարագայում հակառակն է. եթե գործ հարուցեին, ապա այդ դեպքում հրապարակայնորեն կմեղադրվեին, ինչը վկայում է, որ իմ գործով առնչվող պաշտոնյաները գործում են ոչ թե օրենքի հիման վրա, այլ իրենց ցանկություններով, հանկարծ տուժողների կողմից անարդարության մեջ չմեղադրվելու ձգտումով:

Հենց այս անարդարության պատճառով էլ, նաև լսելով դատախազի անհիմն մեղադրական ճառը և միջնորդած պատիժը՝ այսօր հայտարարում են անժամկետ հացադուլ:

Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:

Հասկանում եմ, որ այնուամենայնիվ այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որ որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:

Լուսանկարը՝ aravot.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս