Թուրքական նավատորմը 148-ամյա ընդմիջումից հետո վերստին հայտնվել է Բարեհուսո հրվանդանի մոտ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի «Բարբարոս» նավախումբն իր աֆրիկյան արշավի 51-րդ օրը (մայիսի 6) ժամանել է ՀԱՀ-ի Քեյփթաուն նավահանգիստ: Խմբում ընդգրկված է 4 ռազմանավ. 2 ֆրեգատ` TCG Gediz (F-495) և TCG Oruçreis (F-245), 1 կորվետ` TCG Heybeliada (F-511) և 1 լոգիստիկ նավ` TCG Yb. Kudret Güngör (A-595), ինչպես նաև 3 ուղղաթիռ:
Նավախմբի 102-օրյա աֆրիկյան արշավը մեկնարկել է այս տարվա մարտի 17-ին: Այն ավարտվելու է հունիսի 27-ին: Արշավի շրջանակներում թուրքական նավերը պետք է մուտք գործեն աֆրիկյան 27 երկրի 29 նավահանգիստ: Ընդ որում, թուրքական նավատորմն առաջին անգամ է այցելելու 21 երկրի նավահանգիստներ: Քեյփթաուն հասնելուց առաջ նավախումբն արդեն իսկ այցելել է աֆրիկյան 15 երկրի նավահանգիստներ:
Արշավի շրջանակներում նավախումբը պետք է անցնի մոտ 15.000 ծովային մղոն (30.000 կիլոմետր) ճանապարհ: Թուրքական նավատորմը 148-ամյա ընդմիջումից հետո վերստին հայտնվել է Բարեհուսո հրվանդանի մոտ: Վերջին անգամ թուրքական (օսմանյան) նավատորմն այդ հրվանդանի մոտով (Քեյփթաուն) անցել է 1866 թվականին:
Հիշեցնենք, որ Բարբարոս Հայրեդդին փաշան օսմանյան նավատորմում ծառայել է 1500-1545 թվականներին: Նա հանդիսանում է Օսմանյան պետության նավատորմի առաջին գերագույն հրամանատար և մեծ ծովակալ (մարշալ): Ի դեպ, Թուրքիան 2002-2013 թվականներին աշխարհի տարբեր երկրներում բացել է 36 դեսպանատուն և 22 գլխավոր հյուպատոսություն, ընդհանուր առմամբ` 58 նոր ներկայացուցչություն:
Հաշվետու ժամանակահատվածում բացված ներկայացուցչությունների (25) քանակով առաջատարն Աֆրիկան է: Եթե մինչև 2002 թվականը Թուրքիան աֆրիկյան երկրներում ուներ 12 դեսպանատուն և 2 գլխավոր հյուպատոսություն, ապա 2013 թվականին՝ համապատասխանաբար 35 դեսպանատան ու 4 գլխավոր հյուպատոսության: