
Պուտինը կոչ է արել հետաձգել մայիսի 11-ին Ուկրաինայի հարավ-արևելքում նշանակված հանրաքվեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան Ուկրաինայի հարավ-արևելքի ֆեդերալացման կողմնակիցներին կոչ է արել հետաձգել շրջանների ինքնորոշման մասին հանրաքվեն, որը նշանակված է մայիսի 11-ին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչներին, երկրի ֆեդերալացման կողմնակիցներին կոչ ենք անում հետաձգել մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն երկխոսության համար»:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ այդ հանրաքվեի կազմակերպիչ է համարում Ռուսաստանին, ով ձգտում է հանրաքվեին մասնակցելու ցուցանիշը հասցնել ավելի քան 90 տոկոսի: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադան դեմ է արտահայտվել մայիսի 25-ին նախագահական ընտրությունների զուգահեռ համաուկրաինական հարցում անցկացնելուն: