
Ալեքսանդր Անկվաբը հոսպիտալացվել է

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հոսպիտալացվել է՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահին կից Տեղեկատվական վարչության ղեկավար Քրիստիան Բժանիան:
Նրա խոսքերով՝ երեկ տեղի ունեցած բազմակողմ հանդիպման ժամանակ վատթարացել է Անկվաբի ինքնազգացողությունը, ինչից հետո շտապօգնություն են կանչել:
Բժիշկներն Անկվաբի մոտ գրանցել են արյան ճնշման բարձրացում: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները նրան խորհուրդ են տվել հետազոտվել Սուխումի քաղաքային հիվանդանոցում, որի սրտաբանական բաժանմունքում էլ հոսպիտալացրել են նրան:
Այսօրվա դրությամբ բժիշկներն Անկվաբի առողջական վիճակը գնահատում են կայուն: