
Մուսթաֆա Ջեմիլևը դիմելու է ՄԻԵԴ-ին՝ կապված Ղրիմ իր մուտքն արգելելու հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված իրեն Ղրիմ մուտք գործելու արգելքի հետ.
«Այսպես կոչված Ղրիմի իշխանությունների գործողություններն ապօրինի են ու ընկնում են քրեական օրենսգրքի տակ: Մենք որոշում ենք ընդունելու և դիմելու ենք ՄԻԵԴ-ին: Ես վստահ եմ, որ կշահենք այս գործընթացը, որովհետև ոչ ոք չի ճանաչել և չի էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի իրավասությունը»:
Մայիսի 3-ին Ջեմիլևին թույլ չտվեցին մուտք գործել Ղրիմ: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ արգելքը գործելու է մինչև 2019 թվականը: Սրանից առաջ Ջեմիլևը հայտարարել էր, որ արգելքի վերացման հարցով զբաղվելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով այդ նպատակով պետք է հեռախոսազրույց ունենար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: