Եթե երկիրն ընտրի այլ նախագահի, ապա մենք ստիպված կլինենք մտնել հեղափոխության երրորդ փուլ. Տիմոշենկո
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ միայն նա կարող է երկրում իրականացնել անհրաժեշտ քաղաքական բարեփոխումներ: Այս մասին նա հայտարարել է երեկ Նիկոլաևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է արմատականորեն փոխի իշխանությունների ու ձեռնարկատերերի փոխհարաբերությունները, ինչպես նաևր «նոր սերնդի» դաստիարակությունը, որը կստեղծի «նոր երկիր»:
Տիմոշենկոն պատմել է իր օրինագծերի մասին, որոնց ընդունումը կոչված է լուծել կոռուպցիայի խնդիրը: Տիմոշենկոյի խոսքերով՝ դրանում շահագրգռված չեն օլիգարխային իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև իր գլխավոր մրցակից Պյոտր Պորոշենկոն:
Ավելին, Ուկրաինայի նախկին վարչապետը վստահ է, որ եթե հաղթի իր մրցակիցը, ապա Ուկրաինան ստիպված կլինի վերապրել ևս մեկ հեղափոխոխություն. «Ես այլևս չեմ ցանկանում պատասխանատվություն կրել հեղափոխության տապալման համար:
Սակայն եթե երկիրն ընտրի այլ նախագահի, իսկ ես ունեմ միայն մեկ մրցակից, ապա կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք մտնել հեղափոխության երրորդ փուլ, որովհետև ես չեմ տեսնում որևէ փոփոխության հնարավորություն: Ես գիտեմ այդ բոլոր մարդկանց»: