Արջամկան օրը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունն արդեն ձևավորված է և, Սահմանադրության համաձայն, առաջիկա 20 օրերին պետք է Ազգային ժողովին ներկայացնի գործունեության ծրագիրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ դա կարող է տեղի ունենալ մայիսի 12-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում: Պետք չէ բացառել, սակայն, որ ժամկետները կարող են փոփոխվել, և կառավարության ծրագրի ներկայացումը կարող է տեղի ունենալ սահմանված ժամկետի վերջին օրը: Ինչպես, ի դեպ, տեղի է ունեցել վարչապետի նշանակումը, ինչպես ստորագրվել է կառավարության վերջին անդամի նշանակման մասին հրամանագիրը: Կառավարության ծրագրի խորհրդարանական ներկայացումը կարող է հետաձգվել բազմաթիվ պատճառներով:

Դրանցից որևէ մեկը, սակայն, հազիվ թե կապ կունենա կառավարության ծրագրի բովանդակության հետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Հովիկ Աբրահամյանին ու նրա թիմին թեկուզ մեկ օր ավելի ժամանակ է պետք՝ կառավարության ծրագրում արտացոլվելիք հաշվարկներն ավելի կատարյալ դարձնելու, տնտեսական զարգացման այլընտրանքային բոլոր սցենարները գնահատելու, լավագույնն ընտրելու և այլնի համար: Ինչպես Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, այնպես էլ՝ նրա կաբինետի անդամների ընտրությունն ու նաև ծրագրի ներկայացումն ունեցել են և ունենալու են բացառապես ներքաղաքական դրդապատճառներ: Դրանցից մեկը, գուցե՝ ամենակարևորը, թերևս, վերաբերում է ոչ իշխանական ուժերի կամ քառյակի ճակատագրին:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության ճակատագիրն է ինչ-որ իմաստով կախված ոչ իշխանական ուժերից, նրանց քվեարկությունից, գնահատականներից, և այն: Ճիշտ հակառակը: Ստեղծված քաղաքական իրավիճակի նրբությունն այն է, որ հրաշալի քառյակի ճակատագիրն է կախված Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրից, ավելի կոնկրետ՝ այդ ծրագրին «կողմ», «դեմ» քվեարկելու անհրաժեշտությունից կամ պարտավորվածությունից: Եվ խնդիրն ամենևին ԲՀԿ-ի հնարավոր քվեարկությունը չէ. այն կանխատեսելի է:

Որպես անսահման ազատ ու ժողովրդավարական կուսակցություն՝ ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կորոշի, որ իր պատգամավորները կարող են քվեարկել «ազատ ռեժիմով», ինչպես Գալուստ Սահակյանի դեպքում, հետո նրանցից ոմանք կհայտարարեն, որ «դեմ» են քվեարկել կառավարության ծրագրին, սակայն սրիկա ՀՀԿ-ականները կեղծել են իրենց քվեարկությունը: Դա արդեն քանիցս կիրառված ու բավականաչափ ձանձրացրած սցենար է, որն արդեն նույնիսկ հետաքրքիր չէ: Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այս անգամ ՀԱԿ-ն արդարացնելու ԲՀԿ-ի քվեարկությունը: Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո ՀԱԿ-ականները շատ ավելի հախուռն էին պատասխանում ԲՀԿ-ին ուղղված քննադատությանը, քան ԲՀԿ-ականներն՝ իրենք:

Իհարկե, ՀԱԿ-ականները նույնը կարող են անել նաև կառավարության ծրագրի ընդունումից հետո, ՀԱԿ-ի հռետորական զինանոցը կբավարարի նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտպանությունն արդարացնելու համար: Ի տարբերություն քաղաքական զինանոցի, որը սպառվել է այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ վստահությունը, որն իբր պետք է վերականգնի Հովիկ Աբրահամյանը: ԲՀԿ-ի կողմից իրեն ուղղված՝ թաքնված, ՀԱԿ-ի կողմից՝ ԲՀԿ-ին ուղղված բացահայտ աջակցությամբ:

Բայց կառավարության ծրագիրն ԱԺ նախագահի ընտրություն չէ, այն կարող է պայթեցնել ինչպես՝ բուրժուաների, այնպես էլ՝ դեմոկրատների առանձին և համատեղ «փուչիկները»: Հօդս ցնդեցնելով ՀԱԿ-ի՝ ավազակապետաբարգավաճումն արդարացնելուն ուղղված «բուրժուադեմոկրատական» հեղափոխության թեզը: Հետևաբար՝ որքան ավելի երկարաձգվի կառավարության ծրագրի ներկայացումը, այնքան քառյակը՝ ներկայիս տեսքով, ավելի երկար կյանք կունենա: Իսկ այդ ժամանակը գուցե բավարար լինի Լևոն Տեր-Պետրոսյանի համար՝ գտնել համեմատության համարժեք եզրեր, Հովիկ Աբրահամյանի՝ ինչ-որ մեկից պակաս չլինելու հարցադրումը որպես նոր քաղաքագիտական վերլուծություն ներկայացնելու համար:

Իսկ հարցերին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը Հայաստանի տնտեսության վրա, կարո՞ղ է արդյոք այն հիմք դառնալ ներկայիս տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, սոցիալական աղետը կանխելու, արտագաղթը կանգնեցնելու և այլ կենսական խնդիրների լուծման համար, և այլն, ռացիոնալ հարթությունում պատասխանելը շատ դժվար է, եթե ոչ՝ անհնար: Քանի որ այդ հարցերի պատասխանը կախված է ոչ թե նրանից՝ ինչ է գրված լինելու կառավարության ծրագրում, այլ բազմաթիվ միանգամայն այլ՝ կառավարության ծրագրում չգրված գործոններից, որոնք դուրս են ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլև ամբողջ կառավարության կոմպետենտության դաշտից:

Դրա համար, թերևս, ավելի ճիշտ կլինի կառավարության ծրագրի ներկայացման ամսաթիվը տոնացույցում ընդգրկել՝ որպես «Հայկական արջամկան օր»: Ամերիկացիները, ինչպես հայտնի է, ամեն տարի մեծ շուքով նշում են «Արջամկան օրը»՝ փետրվարի 2-ին: Ավանդության համաձայն, այդ օրը բոլորը հետևում են, թե ինչպես է իր բնից դուրս գալիս արջամուկը, և դրանից ելնելով՝ կանխատեսում՝ գարունը շո՞ւտ կբացվի, թե՞ ոչ:

Մեր կառավարության ծրագրից դրական փոփոխությունների սպասումն իր իռացիոնալությամբ եթե ավելին չէ, ապա հաստատ չի զիջում «Արջամկան օրվա» սպասումներին: Ի դեպ, այդ օրը ևս կարելի է հայտարարել ոչ աշխատանքային:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031