
Իլհամ Ալիևը հերթական հարվածն է հասցրել երկրի գյուլենականներին. թուրքական մամուլ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` թուրքական մամուլը վիթխարի ուշադրություն է հատկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական հանձնաժողովի նախագահ Էլշադ Իսքենդերովի պաշտոնանկությանը:
Թուրքական մամուլը ողջունել է Ալիևի այդ քայլը` դա ներկայացնելով որպես գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում կատարված հերթական քայլ: Թուրքական «Աքշամ» թերթն այդ լուրը վերնագրել է հետևյալ կերպ. «Ալիևը սկսել է գործողությունը. պաշտոնանկ է արվել «զուգահեռ» նախարար»:
Սրանից առաջ էլ Իլհամ Ալիևը պաշտոնանկ էր արել նախագահի աշխատակազմի ղեկավար Էլնուր Ասլանովին, որին որակում են որպես «Ադրբեջանի գյուլենականների ղեկավար»:
Դրանից հետո Ադրբեջանում կասեցվել էր Yurd TV ինտերնետային հեռուստաալիքի գործունեությունը, որը որոշակի տվյալներով վերահսկվում էր Էլնուր Ասլանովի կողմից: Ադրբեջանում ձերբակալված գյուլենականների քանակը հաշվվում է տասնյակներով: