
Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ է սահմանվելու. Օլանդ

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում կայացել է Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որն իր ներկայությամբ պատվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների և Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է զետեղել Կոմիտասի հուշարձանին և հանդես եկել ելույթով։
Նախագահ Օլանդը հայտնել է հաջորդ տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին: Բացի այդ, պետության ղեկավարը հայտնել է, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծել է նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ են անցկացրել Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:
Նույն օրը Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքապետերի և պետական պաշտոնյաների գլխավորությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը:Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ Զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: