Տիգրան Ուրիխանյանը՝ ՀԱԿ-ի հայտարարության մասին
«Դուք, բնականաբար, հասկանում եք, որ այս ուշ երեկոյան ժամին իմ քամահրանքով չէր կարող հրավիրվել ԲՀԿ քաղաքական խորհրդի խորհրդակցություն, հետևաբար, ես չեմ կարող ունենալ պաշտոնական դիրքորոշում Ձեր կոնկրետ հարցադրման վերաբերյալ»,- ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն շարունակելու է համագործակցել ՀԱԿ-ի հետ ամբողջական իշխանափոխության շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան տարածած հայտարարությունում ՀԱԿ-ը նշում է` «…մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»: Միաժամանակ ՀԱԿ-ը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ շարունակելու քառյակի ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը։
Տ.Ուրիխանյանի խոսքով` առհասարակ համագործակցություն բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ չկան սկզբունքային և բարոյական հակասություններ և ում հետ գործակցությունը կարող է տանել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանը, ապա այդպիսի համագործակցություն, բնականաբար, առաջին օրը չէ, որ ստեղծվել է, և ինչ-որ մի ակնթարթային իրավիճակում չէ, որ ավարտվելու է: