«Ժառանգության» փոխնախագահ. Հասարակությունը քաղաքական ուժերից պահանջում է ամբողջական իշխանափոխություն

«Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ անհրաժեշտ է քառյակի` առաջնորդների անհապաղ հանդիպումը, որպեսզի ճշտեն հետագա անելիքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

Ըստ նրա` վարչապետի հրաժարականն, այնամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը քաղաքական օրակարգում և փորձել է որոշակի «սաբոտաժի» ենթարկել քառյակի գործողությունները, հնարավոր են նաև արտաքին ինչ-որ ազդակներ: Միաժամանակ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ կողմ է ամբողջական իշխանափոխությանը` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը,

«Այժմ, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ անհրաժեշտ է քառյակի` չորս ոչ իշխանական ուժերի առաջնորդների անհապաղ հանդիպումը, որպեսզի ճշտեն հետագա անելիքները, որովհետև եթե նախկինում մենք խոսում էինք ամբողջական իշխանափոխության և բարեփոխումների մասին, մեր գործընկերների մի մասը նախապատվությունը տալիս էր դրա փուլային տարբերակին: Հիմա այդ հանդիպումը պետք է, որպեսզի պարզվի` այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե՞ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաղթանակ է տարել քառյակի նկատմամբ:

Կարծում եմ, որ եթե իրերի դասավորությունը մնալու է նույն տրամաբանության մեջ, այսինքն` նույն մեծամասնությունը, նույն նախագահությունը, նույն խաղի կանոնները, ապա բացարձակապես տարբերություն չի լինի, թե ով է լինելու վարչապետը: Իհարկե, ցանկալի է, որ վարչապետ նշանակվի մի անձնավորություն, ով նախկինում պաշտոնատար անձ չի եղել, որովհետև բոլորն էլ բացասական հետք ունեն: Բայց ցանկացած պարագայում կարծում եմ, որ հասարակությունը քաղաքական ուժերից պահանջում է ամբողջական իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի առաջարկի դեպքում «Ժառանգությունը» կհամաձայնի՞ մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նմանատիպ որևէ հարց «Ժառանգությունը» դեռ չի քննարկել, ապրիլի 4-ին մենք ունենք նախահավաքներ Վանաձորում և Գյումրիում: Ինչ վերաբերում է համազգային կամ փրկության կառավարությանը, ապա կարծում եմ` ցանկացած դեպքում քառյակն առաջին հերթին պիտի քննարկի, նորից եմ կրկնում` անհրաժեշտ է առաջնորդների անհապաղ հանդիպում»

Նա ավելացրեց, որ այդ հանդիպումն անհրաժեշտ է այն իմաստով, որ իրենք քննարկեն, թե ամբողջական իշխանփոխությունն օրակարգո՞ւմ է, թե՞ ոչ. «Եթե օրակարգում է, ապա ճանապարհը շատ ավելի պարզ է և այդ ճանապարհը բոլորս միասին կարող ենք անցնել: Պետք է լինի համազգային պայքար, և 100 տոկոսով համոզված եմ, որ հասարակությունը պատրաստ է»:

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է չորս ոչ իշխանական խմբակցությունների դռնփակ նիստը: Նաև հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի հրաժարականից մի քանի օր առաջ հայտարարել էին, որ ապրիլի 28-ից 30-ը շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու` վարչապետի հրաժարականի պահանջով:

Տեսանյութեր

Լրահոս