ՍԴ-ի «բարեխիղճ» մոլորությունը

«Կարևոր է ոչ այնքան օրենքը, որքան նրա մեկնաբանությունը»,- ասում է հրեական ասույթը և, փաստորեն, չի սխալվում: ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ վերջապես ներկայացրեց 64 էջից կազմված որոշումը՝ չի՞ հակասում սահմանադրությանը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Եվ գտավ, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են:

Մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված «պարտադիր» բաղադրիչը հակասում է Սահմանադրությանը: Համընդհանուր խնդության, ծափուծիծաղի մթնոլորտում ոչ բոլորը լսեցին առանցքային միտքը. «Սույն որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը` իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»:

«Պարտադիր բաղադրիչը չի կարող գործել այս որոշման հրապարակման պահից»,- ՍԴ որոշումից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսպես մեկնաբանեց ՍԴ որոշումը. «Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը գործելու է, ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են»:

Ըստ այդմ՝ «պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն գործատուները, որոնք պարտադիր պահումները չկատարեն, քանի որ ՍԴ-ի` սահմանադրությանը հակասող իրավական նորմերն ուժը կորցնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է»: ՀՀ Սահմանադրական դատարանի առաջ միշտ սև, շքեղ ավտոմեքենաներ են. ՍԴ անդամներին սպասարկող մեքենաներ են: Դրանց առատությունն ու շքեղությունը ստիպում են մտածել, թե սա հույժ կարևոր մի հիմնարկ է, ուր մեղվի ժրաջանությամբ աշխատում են բարձրորակ իրավաբանները:

Իսկ այս հույժ կարևոր կառույցն ինչո՞ւ հենց այսօր ուժը կորցրած չճանաչեց հակասահմանադրական դրույթները, եթե վստահ է, որ դրանք հակասում են Սահմանադրությանը:

Ինչո՞ւ անսահմանափակ ժամանակ չտալ կառավարությանն ու ԱԺ-ին՝ վերանայել ու մշակել օրենքի դրույթները, դրանք համապատասխանեցնել Սահմանադրությանը, ապա նոր կիրարկել օրենքը, այլ մինչև սեպտեմբերի 30-ը դարձյալ քաոտիկ, անորոշ վիճակում պահել հասարակությանը: Այս հարցի պատասխանը ՍԴ-ն այսպես է ձևակերպում՝ եթե այդ նորմերն ուժը կորցրած ճանաչվեին այսօրվանից, ապա երկրում «կխաթարվի իրավական անվտանգությունը»:

Երկրի իրավական անվտանգությունը չխաթարելու՝ ՍԴ-ի փորձը խոր արմատներ ունի: Համոզվելու համար գուցե բավական է վերհիշել, թե
ՍԴ-ին ինչ դեր է վերապահված. համապետական նշանակության բոլոր ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու հայցերն այստեղ մերժվել են: Սակայն մերժելը չարյաց փոքրագույնն է. այսպիսով գոնե որոշակիություն է մտնում իրավիճակի մեջ: 2003-ին, երբ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ՍԴ էր դիմել՝ հայցով՝ վերանայել ընտրության արդյունքները, ի՞նչ արեց ՍԴ-ն. նախ՝ անփոփոխ թողեց մարտի 11-ի ԿԸՀ որոշումը, որը նախագահ էր հռչակել Ռոբերտ Քոչարյանին, ապա ՀՀ նախագահին և ԱԺ-ին առաջարկեց մեկ տարվա ընթացքում փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում և կազմակերպել «Վստահության հանրաքվե»:

Նման հանրաքվե, ինչպես բոլորս ենք հիշում, տեղի չունեցավ: Բոլորի ուշադրությունը կեղծված ընտրություններից տեղափոխվեց տարօրինակ այդ բառակապակցության վրա: Ավելի ուշ` 2008-ին, երբ Երևանում էին հավաքվել 11 երկրների ՍԴ նախագահներ՝ քննարկելու ՍԴ-ի դերն՝ առհասարակ, լրագրողները հիշեցրել էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին «Վստահության հանրաքվե» խորհրդավոր բառակապակցությունը, ինչին վերջինս այսպես էր արձագանքել.

«Դա կապված է մեկնաբանություններից ու ընկալումներից: ՍԴ-ն ասել է: Ինչպես է հասկացվել, ինչպես է ընկալվում, ինչպես է մեկնաբանվում, ինչպես է կիրառվում, դա արդեն ՍԴ-ի խնդիրը չէ»:

Ի՞նչ կարող ենք արձանագրել ՍԴ երեկվա որոշումից հետո. այն, որ խնդիրը, խոշոր հաշվով, լուծված չէ: Ակնհայտ է, որ եթե այս որոշումն ինչ-որ խնդիր լուծել է, ապա ամենևին` ոչ «Դեմ եմ» շարժման ակնկալիքները: Խնդիրը նույն փուլում է, ինչ մինչ որոշման հրապարակելը: Ի վերջո, այն, որ վերոնշյալ օրենքի դրույթները հակասահմանադրական են, գիտեինք մինչ ՍԴ դիմելը:

Այնտեղ պարզապես հաստատեցին, սակայն թողեցին անփոփոխ մինչև սեպտեմբերի
30-ը: Որևէ մեկը, հասկանալի է, չի կասկածում, որ 64 էջանոց տեքստ ընթերցելը Գագիկ Հարությունյանի համար սիրելի զբաղմունք է, սակայն ոչ ինքնաբուխ:

Այս որոշման հեղինակը ՍԴ անդամները չեն՝ հակառակ դեպքում, քննարկումների ընթացքը տանում էր նրան, որ օրենքը կկասեցվեր որոշման հրապարակումից անմիջապես հետո: Այդպիսով միայն չէր վտանգվի «երկրում իրավական անվտանգությունը»:

Այնպես որ, «Ուռաա՜, մենք հաղթեցինք: Երեխայիս անունը ՍԴ եմ դնելու: Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ: Քանի որ որոշման հասցեատերն ամենևին հասարակությունը չէր:

Եթե հասարակական այսպիսի հնչեղության հարցի մասին ՍԴ որոշումն իրարամերժ մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, ընդ որում, երկու դեպքում էլ՝ ՍԴ վճիռը մեկնաբանողները մասնագետներ են, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մասնավոր դեպքերում, երբ մարդիկ իրավական գրագիտություն չունեն, և ցանկացած օրենք նրանց հանդեպ կարող է կիրառվել՝ ըստ մեկնաբանողի պրոֆեսիոնալիզմի, խղճի կամ վերցրած կաշառքի չափի:

Այնպես որ, այս որոշումն ամբողջապես ՍԴ-ի ոգով էր՝ երկար ու անորոշ: ՍԴ-ն այս խնդիրն էր դրել, ինչը և հրաշալի կատարեց: Հակասության մեջ գտնվող կողմերն այդպես էլ կշարունակեն հակասության մեջ մնալ, որովհետև կողմերից և ոչ մեկի համար ՍԴ որոշումը որոշակի չէ:

Նման դեպքերում, երբ դատավորները կաշառքով կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ սխալ, ապօրինի, մեկնաբանության հնարավորություններ թողնող վճիռներ են կայացնում, խղճի խայթ առանձնապես չեն զգում, քանի որ նման դեպքերի համար կա իրավունքի նորմ՝ «բարեխիղճ մոլորություն»:

Տեսանյութեր

Լրահոս