Վահագն Խաչատրյան. «Հետագայում էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ ենք վճարելու»
Որոտանի ՀԷԿ-ի («Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»)` մոտ 180 մլն դոլարով վաճառքն ամերիկյան ընկերությանն, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, անարդյունավետ է և ոչ տեղին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը նշեց, որ պետական ունեցվածքի վաճառքի համար պատճառներ են հարկավոր, որոնք տվյալ դեպքում չկան.
«Ես այն մարդկանցից եմ, որը որևէ սահմանափակում չի դնում պետական ունեցվածքի վաճառքի անհրաժեշտության մեջ: Ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել, Ատոմակայանից սկսած՝ մինչև սովորական աթոռ, ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, որովհետև միշտ չէ, որ պետությունը կարողանում է արդյունավետ կառավարել պետական ունեցվածքը, և կարող են գտնվել ավելի արդյունավետ կառավարող կազմակերպություններ, մարդիկ, որոնց և անհրաժեշտ է վաճառել` դրանից երկու նպատակ հետապնդելով. և՛ պետական բյուջե գումար մուտք անել, և՛, իհարկե, տվյալ դեպքում, այդ պետական սեփականությունն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն ստեղծել:
Եթե այդ տեսակետից ենք նայում, Որոտանի ՀԷԿ-ի գործարքն ենք նայում, միանգամից մի քանի հարցեր են առաջանում. արդյո՞ք Որոտանի ՀԷԿ-ը նման ներդրումների կարիք ունեցող մի կառույց է, որը գումարներ չունի, և պետք է դա վաճառել ու դրանով գտնել այն ներդրողին, այն արդյունավետ կառավարողին, որը կնպաստի Որոտանի ՀԷԿ-ի հետագա շահագործմանը: Երբ խորանում եք Որոտանի ՀԷԿ-ի պատմության մեջ, ինչպես նաև տնտեսական գործունեության մեջ, պատասխանը միանշանակ ո՛չ է: Այսինքն՝ դրա խիստ անհրաժեշտությունն այսօր չկա»:
Բանախոսն ասաց, որ թեկուզև ՀՀ Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ այն 40 տարվա մաշվածության ՀԷԿ է, թարմ կամ նոր ՀԷԿ չի համարվում, բայց իրականում այդպես չէ, որովհետև նման հիդրոկառույցները ծառայում են մինչև 100 տարի. «Առավել ևս, որ դա կառուցվել է, ոչ թե 30-ական թվականներին, այլ` 70-ականներին: Ասեմ, որ ինժեներական առումով շատ ունիկալ կառույց է այն: Ինքս ականատես եմ եղել (երբ 6-7 տարեկան էի) Որոտանի ՀԷԿ-ի կառուցմանը:
Ես այն ժամանակ բնակվում էի Սիսիանում, և այն ժամանակ էլ, որպես երեխա, տպավորությունը ցնցող էր, որովհետև առաջին անգամ այդտեղ հայտնվեցին «Բելազ» մեծ տարողությամբ մեքենաները: Ուզում եմ ասել, որ Խորհրդային Միությունը շատ լուրջ էր վերաբերվում այդ կառույցին, և կարողացան այդ տարիների ընթացքում (60-ականների կեսերից մինչև 70-ականների վերջ) շատ ունիկալ ինժեներական մի կառույց ստեղծել, որը երկու նպատակը ուներ. առաջին՝ բնականաբար, էլեկտրաէներգիա արտադրել, և երկրորդը` կարգավորիչ դեր ունենալ Հայաստանի հիդրոէներգետիկ համակարգում, որովհետև այնտեղ գտնվող 3 ջրամբարները հնարավորություն են տալիս, անկախ եղանակային պայմաններից, միշտ ակտիվ էլեկտրաէներգիա արտադրող կայան ունենալ: Ասեմ ձեզ, որ այդ հանգամանքն են հաշվի առել նաև Հայաստանի ատոմակայանը կառուցելիս»:
Տնտեսագետը նշեց, որ Որոտանի ՀԷԿ-ը տարբերվում է մեր մնացած հիդրոէներգետիկ կառույցներից, էներգետիկ հզորություններից. «Եվ այսպիսի ունիկալ կառույց վաճառելը նշանակում է՝ ուղղակի տնտեսապես մի մեծ համեղ պատառ ուրիշի տալ, իսկ դրա համար շատ մեծ գին պետք է վճարվի: Այսինքն, պետությունը դա վաճառելիս կամ մի ավելի մեծ ծրագիր պետք է իրականացներ, կամ, իրականում, պետությունը խիստ ճգնաժամային վիճակում է գտնվում, և նրան անհրաժեշտ են գումարներ: Բայց եթե դիտարկենք տնտեսական կառավարման առումով, ապա այն իմաստ չուներ վաճառել, քանի որ Որոտանի ՀԷԿ-ը տնտեսական ցուցանիշներով միշտ բավականին հաջող գործունեություն է ծավալել»:
Վ. Խաչատրյանն ասաց, որ, թեև Որոտանի ՀԷԿ-ը նախորդ տարիներին ցույց է տվել բացասական բալանս, բայց դա հիդրոկայանի տնտեսական գործունեության հետ կապված չի եղել. «Որոտանի ՀԷԿ-ի միջոցով նաև վճարվել են «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը: Այսինքն` կառավարությունը դրանով հնարավորություն է ունեցել օպերատիվ խնդիրներ լուծել»:
Տնտեսագետի խոսքով` վերջին տարիներին հիդրոկայանում տեղի է ունեցել գնվող էլկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացում. «Եթե մի ժամանակ 1,2 դրամ էր, հետո դարձավ 4,3 դրամ, հիմա դարձել է 7,9-8,2 դրամ: Դրանից էլ կախված է այդ կառույցի շահութաբերությունը: Սա էլ ուրիշ հարց է, թե ինչո՞ւ է դարձել 8,2 դրամ, որովհետև, երբ նայում ենք նոր գնորդի հետ պայմանագիրը, այդ 8,2 դրամը 3-4 տարվա ընթացքում պետք է եռապատկվի, իսկ ընդհանրապես պետք է քառապատկվի, որը նշանակում է, որ մենք հետագայում էլկտրաէներգիայի համար ավելի թանկ ենք վճարելու: Այն, լինելով բավականին էժան հոսանք արտադրող, հնարավորություն էր տալիս էներգետիկայի բնագավառում միջինացված ավելի էժան հոսանք արտադրել: Երբ նայում ենք Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի պայմանագրին այն առումով, թե ինչ է այն տալու, պետք է ասեմ, որ ոչինչ էլ չի տալու»: