Բաժիններ՝

Ձեզ վիրահատել են բարձր մակարդակով, բայց եթե կաղում եք՝ հոգեբանի կարիք ունեք

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Ի վերջո, գոնե մեկ անգամ բժիշկները պե՞տք է իրենց սխալի համար քրեական պատասխանատվության ենթարկվեն» վերնագրով հոդվածով ներկայացրել էինք Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ավետիք Շաղոյանի դժգոհությունն` ուղղված առողջապահության ոլորտի կոնկրետ մասնագետներին:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 23-ին նա «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ենթարկվել էր ձախ ոտնաթաթի վիրահատության, որի արդյունքում, ըստ իր խոսքերի՝ ապաքինվելու փոխարեն, ստացել էր կրկնակի հաշմանդամություն: Ա. Շաղոյանին նախապես խոստանալով բարեհաջող վիրահատություն և ձախ ոտքի առկա խնդրի վերացում` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրահատել են անձամբ հիվանդանոցի տնօրեն Արսեն Ազիզբեկյանը և նրա ասիստենտ Ջանիբեկ Ատեսյանը, ովքեր հետվիրահատական շրջանում, այնուամենայնիվ, Ա. Շաղոյանին հորդորել են, թե շուտով նրա ձախ ոտնաթաթի կենսագործունեությունը կվերականգնվի:

Մինչդեռ, անգամ 8 ամիս հետո էլ՝ վերջինիս ոտնաթաթը շարունակում է մնալ անշարժացած վիճակում, և Ա. Շաղոյանը տեղաշարժվում է սոսկալի ցավերով, անշարժացած ոտնաթաթերով, ոտքը մի կերպ քարշ տալով: Ա. Շաղոյանի բազմաթիվ գանգատներին, լավագույն դեպքում, տրվել է «վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով» բացատրությունը, որից հետո նա ստիպված է եղել դիմել Երևանի Կենտրոնի ոստիկանություն՝ պահանջելով Ա. Ազիզբեկյանին բժշկական սխալի համար ենթարկել քրեական պատասխանատվության, այնուհետև ստիպել վերականգնել ոտքի կենսագործունեությունը: Նոյեմբերի 27-ից Կենտրոնի ոստիկանությունում գտնվող դիմում-բողոքը, սակայն, մինչ օրս մնացել է անարձագանք:

Թեև Ոստիկանությունը պարտավոր էր դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել Դատաբժշկական փորձաքննություն, այդուհանդերձ, առ այսօր որևէ գործողություն չի կատարվել: Մեր նախորդ հոդվածում խոստացել էինք անդրադառնալ այն բազմաթիվ դիմում-բողոքներին, ըստ որոնց՝ Ա. Շաղոյանը պետական համապատասխան պաշտոնյաներին խնդրել է ուսումնասիրել կատարվածը, և օրթոպեդիկ վիրաբույժ Ա. Ազիզբեկյանին ենթարկելով պատասխանատվության՝ վերականգնել նրա կատարած անփույթ վիրահատության հետևանքով առաջացած ոտքի կենսագործունեությունը:

Կարդացեք նաև

Նախ` ներկայացնենք Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին ուղղած` Ա. Շաղոյանի դիմումի պատասխանը, որը ռեկտորի հանձնարարականով արձանագրել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կ.Ռ. Սահակյանը: «Ի պատասխան Ձեր նամակի՝ տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարականով Ձեր նամակը քննության է առնվել և դեպքը ուսումնասիրվել է ինչպես Ձեզ բուժող բժիշկների, այնպես էլ ԵՊԲՀ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Ա.Ս. Ազիզբեկյանի և ամբիոնի վարիչ Ա.Գ. Չարչյանի կողմից: Ուսումնասիրելով Ձեր հիվանդության պատմագիրը՝ պարզվել է, որ Ձեր վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և մեր հիվանդանոցի դեղատանը գտնվող ժամանակակից դեղորայքով, որով բուժվում են մեր բոլոր հիվանդները:

Պարզվեց նաև, որ Ձեր ներկայիս վիճակը ամբուլատոր պայմաններում անբավարար վերականգնողական (ռեաբիլիտացիոն) վարժությունների արդյունքն է: Խորհուրդ է տրվում շարունակել ռեաբիլիտացիոն բուժումը, կատարել վարժությունները՝ ոտնաթաթի մատների շարժումների ծավալը վերականգնելու նպատակով: Ինչպես նաև Ձեզ հարմար ժամանակ կարող եք այցելել հիվանդանոց՝ կրկնակի հետազոտության և հետվիրահատական բուժման վերաբերյալ ցուցումներ ստանալու համար»:

Նշենք նաև, որ ինքը՝ Ա. Շաղոյանը, հավաստիացնում է, որ ամենայն պատասխանատվությամբ կատարել է բժշկի տված ռեաբիլիտացիոն ցուցումները, և իր ներկայիս վիճակը կապել վարժությունների հետ՝ ուղղակի աբսուրդ է: Ավելի զավեշտալի մասնագիտական եզրակացություն է տվել Վնասվածքաբանության և օրթ. կլինիկայի ղեկավար, Ա. Շաղոյանին վիրահատող բժիշկ Ա. Ազիզբեկյանը. «Ընդհանուր առմամբ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով՝ ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան:

Հիվանդին մանրամասնորեն ներկայացվել են վիրահատական բուժման նպատակը, կատարման ձևը, ընթացքը, սպասվելիք արդյունքները, որին նա տվել է իր համաձայնությունը:

Հիվանդի բողոքի պատճառները ինձ համար անհասկանալի են, օբյեկտիվ հիմքեր չունեն: Կարծում եմ, որ հիվանդը ունի հոգեբանի կարիք: Որևէ վիրահատական բուժման` «վիճակը շտկելու նպատակով», կարիք չունի»: Նույնաբովանդակ պատասխաններ գրել են ևս երկու մասնագետներ՝ կրկին ընդգծելով, որ այն կատարվել է բարձր մակարդակով, սակայն, թե ինչո՞ւ է Ա. Շաղոյանի նորմալ կենսագործունեություն ունեցող ոտնաթաթն անշարժացել՝ որևէ նորմալ բացատրություն չի տրվում:

Նախ` նշենք, որ վիրահատող բժիշկ Ա. Ազիզբեկյանի գրավոր պատասխանը մենք ներկայացրեցինք կրճատումներով, սակայն դատելով քաղաքացուն տրամադրած նրա փնթի գրությունից, կարող ենք ենթադրել, որ նա նույն որակով էլ «բարձր մակարդակով» ոտնաթաթ է վիրահատել: Իսկ, որ ամենաուշագրավն է` վիրահատությունից կրկնակի հաշմանդամություն ձեռք բերած Ա. Շաղոյանին նա ուղղորդում է կամ հոգեբանի մոտ, կամ` հոգեբուժարան:

Այսինքն` ցույց է տալիս մի ճանապարհ, որտեղ վերջին շրջանում ուղարկվում են ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր փորձում են իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարել, և չենք զարմանա, եթե մի օր էլ Ոստիկանությունն, Ա. Շաղոյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, բժշկական սխալը կոծկելու համար, վերջինիս ուղարկի հոգեբուժարան:

Նշենք նաև, որ մեր ձեռքի տակ է Ա. Շաղոյանի բոլոր այն դիմում-բողոքների փաստաթղթերի փաթեթը, որոնցով նա իր հետ կատարվածի մասին ահազանգել է ՀՀ նախագահի Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և պետական այլ պաշտոնյաների, որոնք ի պատասխան` միայն տեղեկացրել են, որ դիմումը կուսումնասիրվի, կամ լավագույն դեպքում` դրանք վերահասցեագրվել են Ոստիկանություն: Մինչդեռ Ոստիկանությունը նոյեմբերից մինչ օրս որևէ գործողություն չի կատարել: Ա. Շաղոյանը վրդովված ասում է. «Մեջբերում եմ բառացիորեն ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի խոսքերը, որոնք սթափության կոչ են Երևանում հունվարի 15-ին կայացած մասնագիտական համաժողովի մասնակիցներին:

Նա ասաց՝ չեմ տեսնելու էն տեսակի ոստիկաններին, որոնց մասին ես, 2 տարի է, խոսում եմ անընդհատ: Բիրտ, փնթի, անշնորհք, անդաստիարակ, տգետ, զոռբա ոստիկանին ես չեմ հանդուրժելու` անկախ նրա զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Հիմա նոյեմբեր ամսից Ոստիկանություն ներկայացրած իմ դիմումին արձագանքող չկա, և թող անձամբ ոստիկանապետը որակում տա այդ երևույթին: Հավատացե՛ք, ինձ հետ կատարվածից ես չեմ չարացել, պարզապես փորձում եմ իմ իրավունքի համար պայքարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս