«Ի վերջո, գոնե մեկ անգամ բժիշկները պե՞տք է իրենց սխալի համար քրեական պատասխանատվության ենթարկվեն»
Այն, որ Հայաստանի առողջապահության համակարգում ամենաթողություն է՝ փաստ է, և դա գնահատելու համար բավական են թեկուզև գրեթե ամեն օր խմբագրություն դիմող մեր քաղաքացիների բողոքները: Եվ այն, որ Հայաստանում բժշկական սխալները մնում են անպատիժ, քանի որ իրավապահ համակարգը, նախաքննական մարմինը և դատական ատյաններն առանձնապես գործերին օբյեկտիվ ընթացք չեն տալիս՝ կրկին փաստ է:
Համենայն դեպս, դժվար է հիշել նախադեպ, երբ որևէ բուժաշխատող պատասխանատվության է ենթարկվել բժշկական սխալի կամ անփութության համար: Ավելորդ չէ նկատել, որ բժշկական հաստատություններ դիմող շատ քաղաքացիներ բուժօգնություն ստանալու փոխարեն` հիվանդանոցներից դուրս են գրվում հաշմանդամությամբ և հիմնականում չեն դիմում իրավապահ մարմիններին՝ գիտակցելով, որ իրենց դիմում-բողոքներին ընթացք չի տրվելու, մյուս կողմից էլ՝ քաջ գիտակցելով, որ, այնուամենայնիվ, բժիշկներից կախվածության մեջ լինելով՝ այդ քայլով է՛լ ավելի են վտանգում իրենց առողջությունը:
Ի դեպ, օրեր առաջ մի բժիշկ մասնագետ մեզ հետ զրույցում բառացիորեն ասաց հետևյալը՝ «Հավատացնում եմ Ձեզ, այն, ինչ կատարվում է մեր համակարգում, վախեցնում է անգամ ինձ: Այնպես, ինչպես հիվանդների հետ վարվում են մասնագետներըգ մեր ժողովուրդը մեղք է, մարդիկ իսկապես մեղք են: Հիվանդը դիտարկվում է` որպես բիզնես, և Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե մարդկանց ինչպես կարելի է օգտագործել` բիզնեսը ծաղկեցնելու համար: Ինքս լինելով բուժաշխատող՝ սարսափում եմ»:
Բայց, թե ինչ են ասում անձամբ բուժաշխատողները, հատկապես հազարավոր դոլարներ արժողությամբ դեղորայքը հիվանդների վրա «սաղացնելու» մասին, և ինչ «մաֆիա» է Հայաստանի դեղորայքային ցանցը՝ կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներում:
Արարատի մարզի Ուռծաձոր գյուղի բնակիչ, «Ուռծաձոր» գրքի հեղինակ, լրագրող Ավետիք Շաղոյանի դեպքն այլ է, նրանից որևէ գումար չեն պահանջել, և հաշվի առնելով հաշմանդամության 2-րդ կարգը՝ բուժօգնությունը ցուցաբերել են պետպատվերի շրջանակներում: Սակայն խնդիրն այն է, որ բժշկական միջամտության արդյունքում նա ոչ այնքան ստացել է բժշկական օգնություն, որքան՝ կրկնակի հաշմանդամություն:
2013թ. մայիսի 23-ին Հերացու թիվ 1 կլինիկայի տնօրեն, օրթոպեդիկ վիրաբույժ Արսեն Ազիզբեկյանը և նրա ասիստենտ Ջանիբեկ Ատեսյանը Ա. Շաղոյանի ձախ ոտքի մատները վիրահատել են, որի արդյունքում` վերջինս ձեռք է բերել ևս մեկ հաշմանդամություն, քանի որ դրանք ներկայումս կորցրել են իրենց կենսունակությունը՝ անշարժացել են: «Ձախ ոտքիս մատների թեքվածություն կար, սակայն այդ երևույթն ինձ ընդհանրապես չէր խանգարում, ուղիղ քայլում և ակտիվ գործունեությամբ էի զբաղվում, էլ չեմ ասում, որ կիլոմետրերով քայլում էի՝ առանց որևէ հոգնածության: Վերջին շրջանում, պարզապես ձախ ոտքիս մատներից միայն ճկույթի ցավ էի զգում, սկսում էր հանկարծակի և բավականին ուժեղ»,- պատմում է Ա. Շաղոյանը՝ վստահեցնելով, որ իր գանգատները ներկայացրել է Ա. Ազիզբեկյանին:
Նա նաև բժշկին տեղեկացրել է, որ յոգայով է զբաղվում, որի ժամանակ ոտքերի մատները նորմալ, անցավ ծալում է, 15կգ քաշով հողե դույլերը վեր ու վար է անում, բարձր տարածքներ է բարձրանում, իջնում և որևէ խնդիր չի ունենում, բացի ճկույթի պարբերաբար ի հայտ եկող ցավերից. «Նրան հարցրեցի, թե արդյոք վիրահատությունից հետո մատներս ինձ կծառայե՞ն այնպես, ինչպես առաջ:
Ի պատասխան` նա ասաց, որ` այո՛, վիրահատությունից հետո ամեն ինչ շատ ավելի լավ կլինի: Նա այնքան ինքնավստահ, 100%-ոց խոստացավ, թե վիրահատությունից հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու, որ ես անգամ կասկած չունեի»: Այնուամենայնիվ, ըստ Ա. Շաղոյանի՝ վիրահատության հետևանքն իր համար ողբերգություն է, քանի որ այժմ նրա ձախ ոտքի մատներն անշարժացել են, մի կերպ է ոտքը քարշ տալիս և անհաղթահարելի ցավեր ունի, որի արդյունքում առհասարակ զրկվել է նորմալ կենսագործունեությունից:
«Վիրահատությունից հետո մատներիցս մեկը բարձր է, մյուսը՝ ցածր, որոշ մատներ բնական վիճակից ավելի կարճ են: Ծռվածությունը` մի կողմ, դա կարող եմ հանդուրժել, բայց ունեմ սոսկալի ցավեր, մատներս անշարժացել են, չեն ծալվում առհասարակ»,- ընդգծում է Ա. Շաղոյանն՝ ավելացնելով, որ հետվիրահատական շրջանում ոտքին երկաթե շյուղեր են եղել, և վիրահատող բժիշկը հավատացրել է, թե դրանք հանելուց 1 ամիս հետո ամեն ինչ լավ կլինի: Մինչդեռ 1 ամիսն արդեն դարձել է 8 ամիս, իսկ Ա. Շաղոյանը խմբագրություն էր եկել` ոտքը, բառի բուն իմաստով, քարշ տալով: Վերջինս վստահեցնում է, որ վիրահատությունից հետո ստիպված է եղել այդ հիվանդ ոտքով 10 օրը մեկ, շաբաթը մեկ Արարատի մարզի հեռավոր գյուղից Երևան հասնել և բժշկին նույն հարցադրումները տալ, թե՝ ի՞նչ սխալ են արել, և ի՞նչ է լինելու իր հետ հետագայում:
«Նրանք մշտապես նույն բանն էին կրկնում՝ մենք կատարել ենք լավագույն վիրահատությունը, պետք է սպասես: Անցնում է 1 ամիս, ասում են՝ 1 ամսից լավ ես լինելու, նորից անցնում է 1 ամիս, ասում են՝ 1 ամիս էլ սպասի, հետո էլի 1 ամիս… Նոյեմբերի 23-ին իմ ու Ա. Ազիզբեկյանի վերջին հանդիպումն է եղել: Նորից ասացի՝ շատ վատ եմ, ցավերին չեմ դիմանում: Ասում է՝ Ձեր տեղը Սևանն է, Ձեր տեղը Նորքն է՝ նկատի ունենալով հոգեբուժարանը: Այդ նույն բանը կարող էի հակադարձել իրեն:
Բժիշկը, որը Հիպոկրատի երդում է տվել, և որը նաև պիտի լավ հոգեբան լինի՝ հիվանդի հասցեին նման արտահայտություն է թույլ տալիս: Ասաց՝ ես այլևս Ձեզ ոչինչ չունեմ ասելու և անելու: Բժշկի հետ վերջին հանդիպումից խոր հիասթափություն ապրած, վիրավորված, հոգեպես ջարդուփշուր եղած, կոտրված սրտով հեռացա»,- իր և բժշկի վերջին հանդիպումը նկարագրելով` Ա. Շաղոյանը պատմում է, որ նոյեմբերի 27-ին արդեն ստիպված դիմել է Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանություն՝ պահանջելով իրեն ենթարկել դատաբժշկական փորձաքննության, վիրահատած բժիշկներին բժշկական լուրջ սխալի համար քրեական պատասխանատվություն ենթարկել և վերականգնել ոտքի կենսագործունեությունը:
Վերջինս պնդում է, որ բժիշկները կատարել են ապաշնորհ, անբարեխիղճ վիրահատություն, որի արդյունքում ինքը կրկնակի հաշմանդամություն է ձեռք բերել. «Հասկանո՞ւմ եք, 8 ամիս շարունակ ես ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակում եմ, ես դարձել եմ հիասթափված, ջարդուփշուր եղած մի մարդ, որն ի վիճակի չէ որևէ բան ստեղծել, արարել, ստանձնել սեփական ծնողների խնամքը, և այս ամենի պատասխանատվությունն ո՞վ պետք է կրի: Եթե ես 8 ամիս առաջ մեկին սպանած լինեի, արդյոք Ոստիկանությունը նույն ալարկոտ ձևով կաշխատե՞ր…»:
Ա. Շաղոյանն ահազանգում է՝ հայտարարելով, որ 8 ամիս առաջ իր նկատմամբ հանցագործություն են կատարել, սակայն բժիշկները շարունակում են ազատ աշխատել, մնալ անպատիժ, իսկ Ոստիկանությունն իր դիմում-բողոքին չի արձագանքում:
Ընդ որում, համաձայն օրենքի՝ դիմում-բողոքը ստանալուց 10-օրյա ժամկետում Ոստիկանությունը պարտավոր էր կազմակերպել Դատաբժշկական փորձաքննություն, սակայն նոյեմբեր ամսին ներկայացված բողոքն առ այսօր մնում է անարձագանք: «Ոստիկանության քննիչը մեղքը բարդում է Դատաբժշկական կենտրոնի վրա, իսկ նրանք՝ Ոստիկանության:
Ի վերջո, պե՞տք է գոնե մեկ անգամ բժիշկներն իրենց սխալի համար պատասխանատվության ենթարկվեն: Ես նրանց մեղքով երկրորդ հաշմանդամությունն եմ ստացել, գտնվում եմ ծանր վիճակում, խնամքիս տակ են ծեր ծնողներս: Դուք լավ գիտեք մեր սոցիալական ծանր վիճակը, և այս ամենն ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ նյութական և ֆիզիկական դժվարություն է ինձ համար ամեն անգամ Երևան հասնելը, այն էլ՝ այս սարսափելի ցավող ոտքով:
Հասկանո՞ւմ եք, այդ ապաշնորհ, անբարեխիղճ վիրահատահության համար, մարդու հետ նման ձևով վարվելու համար, ի վերջո, որևէ բժիշկ պիտի՞ պատասխան տա: Իմ ոտքը, ոտքիս մատները, որոնք այսօր ինձ չեն ծառայում՝ որակում են նրանց կատարած աշխատանքը: Բժիշկն ինձ այսօր խեղանդամ է դարձրել, Ոստիկանություն, ինչո՞ւ չես կանչում պատասխանատվության:
Բնական է՝ իրենք պնդելու են իրենց դիրքորոշումը, բայց կա ոտք, որը մինչև վիրահատությունն ինձ ծառայում էր, իսկ հիմա՝ ոչ»,- հուսահատված ասում է Ա. Շաղոյանը, ով, ի դեպ, բժիշկներին պատասխանատվության ենթարկելու իր բողոքը նաև ներկայացրել է Բժշկական համալսարանի ռեկտորին (հիվանդանոցը Բժշկական համալսարանին է պատկանում), ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, սակայն, ի պատասխան` ստացել է գրություն, համաձայն որի՝ իրենք կզբաղվեն այդ խնդրով, կամ՝ դիմումները վերահասցեագրվել են համապատասխան գերատեսչություն: Մինչդեռ, 8 ամսվա վաղեմության այս գործն այդպես էլ ընթացք չի ստանում:
«Սովորական թղթախաղություն է: Հայաստանյան իրականության մեջ օրենքը չի հարգվում, հակառակ դեպքում՝ չէր լինի այս ամենը, այլ՝ կլիներ մարդու նկատմամբ սթափ, բարեխիղճ մոտեցում, և իրերը կկոչվեին իրենց անուններով»,- հուսահատված ասում է նա:
Մեր թերթի առաջիկա համարում կներկայացնենք Ա. Շաղոյանի` պետական գերատեսչություններին ուղղված բոլոր դիմում-բողոքները, դրանց պատասխանները, ՀՀ Առողջապահության նախարարության, Ոստիկանության պաշտոնական մեկնաբանությունը, ինչպես նաև` կլինիկայի ղեկավարության` դիմում-բողոքների պատասխան հիմնավորումները: