Հաջորդ նպատակը Բաղրամյան պողոտան փակելն է
«Դեմ ենք պարտադիր կեսաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը՝ կազմակերպված ընդդեմ այդ համակարգի ներդրման, վերածվեց իշխանության դեմ ուղղված հանրահավաքի: Հանրահավաքի հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսելով կուտակային համակարգի անընդունելիության մասին, ընդհանրացում կատարելով՝ հայտարարում էին, որ պետք է ազատվել այդ համակարգը ներդրող իշխանություններից:
Եթե նախկինում այդ համակարգի դեմ հանդես եկող ցուցարարները երթ էին կազմակերպում դեպի Հանրապետության հրապարակ` կառավարության նստավայր, և պահանջում հրաժարվել այդ համակարգի պարտադիր բաղադրիչից, կամ գոնե մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը, ապա այսօրվա երթի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջներ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ավելի հաճախ և ավելի համերաշխ էր հնչում:
Կարելի է ասել, որ քաղաքացիական շարժումը վերածվեց քաղաքականի, մանավանդ որ, հանրահավաքի հարթակում տոն տվողը խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն էին:
Ըստ էության, քաղաքացիական ակտիվիստները արեցին իրենց գործը, և այս հանրահավաքը հրավիրված էր, որպեսզի քաղաքացիական ակտիվիստները պայքարի ղեկը հանձնեն հարթակում կանգնած քաղաքական ուժերին: Չնայած պայքարն իշխանության դեմ և հանուն իշխանության դեռ որոշ ժամանակ ընթանալու է Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի կարգախոսներով, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ առաջիկայում դրանց են միանալու նաև «Գազային պայմանագրերն» անվավեր ճանաչելու, օֆշորային սկանդալի համար պատասխան տալու պահանջները: Հենց այդ պահանջներով է, որ ոչ իշխանական ուժերը պետք է խորհրդարանում բարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը:
Այս հանրահավաքը նաև ուժերի յուրօրինակ ստուգատես էր. Որքա՞ն մարդ կարող են այս ուժերը դուրս բերել հրապարակ, և ամենակարևորը՝ մարդկանց այդ քանակը բավարա՞ր է լինելու Բաղրամյան պողոտան փակելու համար: Դատելով քաղաքական գործիչների ոգևորությունից, նրանք եկել են այն համոզման, որ հետագա գործողությունների համար բավարար մարդկային ռեսուրսն առկա է: Իսկ որո՞նք են լինելու այդ գործողությունները:
Մինչև հունվարի 25-ը Սահմանադրական դատարանը պետք է քննի ոչ իշխանական ուժերի միջնորդությունը, որով նրանք առաջարկում են կասեցնել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, մինչև Սահմանադրական դատարանը կքննի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն ունեն, որ Սահմանադրական դատարանն իրենց միջնորդությունը կքննի՝ առանց իրենց տեղյակ պահելու:
Միջնորդության քննությունն աշխատակարգային գործընթաց է, և այն չի ենթադրում հրապարակայնություն: Հաջորդ հանրահավաքը պետք է որ տեղի ունենա հենց միջնորդության քննության օրը, եթե հնարավոր լինի ճշտել այդ միջնորդության քննության ճշգրիտ օրը: Եթե դա, այնուամենայնիվ, հնարավոր չլինի անել, հաջորդ հանրահավաքը տեղի կունենա խորհրդարանի շենքի դիմաց: Դրա համար պետք է, որ խորհրդարանում քննարկվի որևէ հարց, որը կառնչվի Պարտադիր կուտակային համակարգին: Ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում, կամ, ավելի ճիշտ, զգուշանում են հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում և նրանց առաջնորդել Բաղրամյան պողոտա:
Նրանց պետք է, որ Սահմանադրական դատարանում կամ խորհրդարանում քննարկվի որևէ հարց, որպեսզի հանրությունը միանգամից հավաքվի Բաղրամյան պողոտայում: Թե ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար մարդ հավաքվի Բաղրամյան պողոտայում, և այն փակվի, ընդդիմադիրներն առայժմ չգիտեն: Նրանց համար հիմա հաջորդ խնդիրն Ազատության հրապարակը Բաղրամյան պողոտա տեղափոխելն ու այն փակելն է: Պարզ է, որ նրանց նշանակետը Բաղրամյան 26-ն է՝ նախագահական նստավայրը, բայց այդ մասին նրանք առայժմ գերադասում են լռել: