Վկա. «Դիլոյան Սամվելը մի կողմ կանգնած էր, էդ հաստատ հիշում եմ»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը: Դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է:
Վկա Կարեն Խեչոյանը դատարանի դահլիճում հենց սկզբից հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննական իր ցուցմունքներից այն մասով, թե ինքը տեսել է, որ ամբաստանյալները երեքով ծեծում են Սամվել Շարբաթյանին՝ նշելով, որ ինքն այդ ընթացքում դուրս չի եկել ռեստորանից և նման բան չէր կարող տեսնել: Ասաց, որ մի քանի րոպե պատուհանից դուրս է նայել, տեսել հավաքված մարդկանց. «Դիլոյան Սամվելը մի կողմ կանգնած էր, էդ հաստատ հիշում եմ»,- հայտնեց վկան, իսկ նախաքննական ցուցմունքի հետ հակասությունը բացատրեց այսպես. «Երբ ներս բերեցին, Սամվելի դեմքին որ նայեցի, ինձ թվաց, որ մի քանի հոգով ծեծած ա, իմ առաջին ընկալումն էդ էր, ինձ թվաց, որ մի հոգու կռված բան չի»:
Դատավոր Ն. Հովակիմյանը վկային պարզաբանեց, որ նա չի կարող հրաժարվել իր ցուցմունքներից, պիտի ասի այն, ինչ տեսել է, հակասությունների վերաբերյալ նրան հարցեր կտրվեն: Վկան ասաց, որ տղաների սեղանն ինքն է սպասարկել, նրանց բերած ուտելիքը պատրաստելով և մատուցելով: Այդ ընթացքում մի քանի անգամ սենյակ մտնելովª տեսել է, որ նրանք «շնորհքով խոսում են, իրար գովում»:
Կ. Խեչոյանը հայտնեց, որ այդ օրը ժամը 14.00-ի սահմաններում 5 անծանոթ՝ 3 տղամարդ և 2 կին են եկել «Մուշ» և իրեն խնդրելª սենյակ տրամադրել: Խոհարար Խեչոյանը տրամադրել է սենյակը, պատրաստել ու մատուցել անծանոթների բերած ուտելիքը, որի համար տղամարդիկ հեռանալուց առաջ նրան վճարել են 5000 դրամ, իսկ կանայք մնացել են մինչև ժամը 22-ի սահմանները: Երբ արդեն վիճաբանության ձայներ են լսել, Խեչոյանին հարցրել են՝ արդյոք դրսում կռիվ է: Վկան նրանց ռեստորանի ետնամուտքով դուրս է բերել և ճանապարհել: Կ. Խեչոյանը դատարանում հայտնեց նաև, որ հարցաքննության տանելիս, ուղեկցող ոստիկանը կռվել է իր հետ, ասել է՝ «տեսել ես զենքը ձեռքներին, տեսել ես դանակը, տեսել ես հարվածելիս»:
Նույնը նաև մինչև քննիչի մոտ մտնելը մի բարձրաստիճան ոստիկան է ասել, ապա նաև քննչականում են ասել: Ասել են, որ Հայկը (դեպքի ականատես վկան,- հեղ.) ասել է, որ խոհարարը տեսել է: Վկան նմանաբնույթ հարցերին պատասխանելիս մի քանի անգամ շեշտեց քննչականում իրեն ուղղորդելու մասին, նշելով, որ հարցաքննությունը վերածվում էր «հարցաթելադրության»:
Ասաց, որ ոչ ոք իր իրավունքները չի պարզաբանել, ինքն էլ չունի իրավաբանական գիտելիքներ: Երբ, ի վերջո, փորձել է իր տեսածը պատմել՝ «ինչքան ես հիշում եմ, երկու հոգով են կռվելիս եղել», քննիչն ասել է, որ եթե փոխի ցուցմունքը կենթարկվի քրեական պատասխանատվության: Այսքանից հետո վկան որոշել է իր տեսածի ու լսածի մասին պատմել միայն դատարանում: Խեչոյանն ասաց, որ իրեն ծանուցագրով չեն կանչել հարցաքննության: Զանգահարել և առաջարկել են նույնիսկ մեքենա տրամադրել քննչական գնալու, ապա հարցաքննությունից հետո՝ տուն վերադառնալու համար: Մի անգամ էլ մեքենայով տարել են մինչև Վանաձորի ավտոկայան (վկան ապրում է Լոռու մարզի Թումանյան քաղաքում,- հեղ.):
Լսելով այս մասին՝ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանն իր հայտարարությամբ նկատեց, որ վարույթ իրականացնող մարմինն այս կերպ ծառայություն է մատուցում վկային՝ անտեսելով քրեադատավարական օրենսգրքի 205 հոդվածը:
Վկային հարցնելով և իմանալով, որ նա չի հիշում իրեն հարցաքննած քննիչի անունը (Կ. Խեչոյանի թվով 6 հարցաքննություններն անց է կացվել 3 տարբեր քննիչի կողմից,- հեղ.) դատավոր Ն. Հովակիմյանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է տեսնում, որ մարդն իր ազգանունը սխալ գրի՝ հայտնելով, որ գործի նյութերում քննիչը սխալ է գրել սեփական ազգանունը, ապա ջնջել ու շտկել:
Հարցաքննության ժամանակ ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են՝ Ս. Դիլոյանի և Ա. Վերանյանի շահերի պաշտպան Ռ. Հակոբյանի հարցին վկան ասաց. «Ամեն անգամ, երբ գնում էի հարցաքննության, ասում էրª խփելիս տեսել ես, դանակով տեսել ես, զենքը ձեռքներին տեսել ես, հարցաթելադրություն էր»: Կ. Խեչոյանը հայտնեց, որ դեպքի առթիվ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի թղթակից Ադրինե Թորոսյանին տված հարցազրույցում ասել է ճշմարտությունը:
Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ, ինչի վերաբերյալ նրան բազմաթիվ հարցեր տրվեցին:
Դատավորի հարցինª եթե Դիլոյանին հարվածելիս չեք տեսել, ինչո՞ւ եք նախաքննական բոլոր ցուցմունքներում Արտակի անվան կողքին նրա անունն էլ գրել՝ Խեչոյանը պատասխանեց. «Որովհետև հենց քննիչն էր ասում Սամվել Դիլոյանն է եղել»: Դիլոյանն էլ արձագանքեց. «Վերջ: Պատվիրատուների անունն էլ կարամ տամ, վկաներով, տուժողներով սարքեցին իմ վրա»: Ցուցմունքներում նշված հստակ ժամերի հետ կապված մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանի՝ վկային ուղղված հարցին էլ՝ «Քննիչի ինչի՞ն էր պետք հստակ ֆիքսել ժամերը, եթե Դուք չեք ասել», Ս. Դիլոյանն արձագանքեց. «Որ խուլիգանությունը հիմնավորի գոնե»:
Վկան ասաց, որ թեև բոլոր ցուցմունքները գրված են իր ձեռքով, բաներ կան, որ իրեն պարզապես թվացել են, իսկ այստեղª դատարանում, ասում է այն, ինչ իսկապես տեսել կամ լսել է: Ամփոփելով Խեչոյանի ասածըª պաշտպան Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ նախաքննությունը տարվել է քրեադատավարական օրենսգրքի կոպիտ և էական խախտումներով և վկային տվեց վերջին հարցը՝ ի վերջո ո՞ր՝ նախաքննական թե՞ դատաքննական ցուցմունքն եք պնդում: «Դատաքննական»,-պատասխանեց վկան:
Դատարանում վկայություն տվեց Արամ Ավագյանը, ում վարձակալությամբ տված բնակարանում հայտնաբերվել էին հետախուզման մեջ գտնվող Ս. Դիլոյանն ու Ա. Վերանյանը: Ռ. Հակոբյանը նկատեց ու դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ սա մեղադրանքի հետ կապ չունի, մինչդեռ չգիտես ինչու, նախաքննական մարմինն արձանագրել է, որ մեղադրանքը հիմնավորվում է նաև Արամ Ավագյանի ցուցմունքով:
Վկա Աղասի Վիրաբյանն ասաց, որ դեպքի օրը Արտակ Վերանյանը մասնակցել է իր եղբոր որդու մատաղի արարողությանը: Նա այս փաստը հաստատող լուսանկարներ ներկայացրեց դատարանին: Հետո նրան զանգահարել են և գնացել է «Մուշ» հանդիպելու Սամվել Շարբաթյանի՝ խոսելու իր և հավանած աղջկա հետ հարաբերությունների մասին:
Գնալուց առաջ Արտակն Աղասուն ասել է, որ եթե ամեն ինչ լավ լինի՝ երեկոյան կնշեն: Տեսնելով, որ Արտակն ուշանում է, Աղասին իր երկու ընկերների հետ գնացել է «Մուշ» և հասել այն պահին, երբ տղաներն արդեն հեռանալիս են եղել: Հեռվում ինչ որ հայհոյանքներ են լսվել, ինչին ի պատասխան տղաներից մեկն ասել է, թե վաղը կտեսնեն, կօյաղանան, կխոսեն: Հետդարձի ճանապարհին Աղասու ընկերներից մեկը զանգահարել է Արենին, նա էլ ասել է՝ ամեն ինչ նորմալ է, տուն գնացեք, հետո կխոսենք: Աղասին միայն հաջորդ օրը, լուսադեմին է շուկայում իմացել, որ «Մուշ»-ում նման դեպք է տեղի ունեցել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին: Կհարցաքննվեն Աղասի Վիրաբյանի երկու ընկերներն ու մյուս վկաները:
Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ