Բաժիններ՝

1914 թվականի կորսված սերունդը. Türkiye

Թուրքական Türkiye թերթում հոկտեմբերի 9-ին հրապարակվել է Էքրեմ Բուղրա Էքինջիի «1914 թվականի կորսված սերունդը» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռազմագերիների մասին հիշողությունները չեն կարող ոչ ոքի թողնել անտարբեր: Նրանց պատմությունը լեցուն է վշտով, սակայն այն իրական է և ուսանելի:

Օսմանյան ռազմագերիների կյանքի մասին ինձ պատմել է իմ պապը, ով տանը թողնելով իր մեկ ամսեկան (առավել ճշգրիտ` 40 օրական) երեխային, մեկնել է պատերազմ և գերի է ընկել Կովկասյան ռազմաճակատում: Նա Սիբիրում անցկացրել է 7 տարի: Նա հուշեր չի գրել, սակայն նրա պատմածները ցայժմ մնացել են իմ հիշողության մեջ: Մեզ նախորդած սերունդներն արդեն չեն տեսել իրենց պապերին:

Դա 1914 թվականի կորսված սերունդն է, որը երիտասարդ ու կենսունակ մեկնել է պատերազմ` մահ ընդունելով ռազմաճակատներում կամ ռազմագերիների համար նախատեսված ճամբարներում: Նրանք, ովքեր մնացին ողջ, այդպես էլ չկարողացան մոռանալ ստացած հոգեբանական վնասվածքը և կյանքի մնացյալ մասն անցկացրին ինչպես կենդանի մահացածներ` կորցնելով կյանքի հանդեպ ամեն տիպի հետաքրքրությունը:

Օսմանյան ռազմագերիների որոշակի յուրահատկությունը

Առաջին համաշխարհային պատերազմում օսմանյան բանակը պատերազմում էր Կովկասյան, Չանաքքալեի (Դարդանել), Իրաքի, Եգիպտոսի, Գալիցիայի, Եեմենի, Իրանի, Լիբիայի ու Սիրիայի ճակատներում: Անբարենպաստ բնական պայմաններով անհուն տարածքներում պատերազմելու համար չեն բավականացրել մարդիկ, հանդերձանքը, պարենը:

Զորակոչվել է 2.6 միլիոն մարդ: Կորուստները եղել են մեծ: Մոտավոր հաշվարկներով` զոհվածների (ռազմաճակատներում, հոսպիտալներում` վիավորվելուց կամ վարակիչ հիվանդություններից) քանակը կազմել է 325.000 մարդ, վիրավորների քանակը` 400.000 մարդ, գերիների, դասալիքների, անհետ կորածների քանակը` 1.6 միլիոն մարդ, ընդհանուր` ավելի քան 2.3 միլիոն մարդ:

Գերի ընկածների քանակը կազմել է մոտ 202.000 մարդ, որոնցից 75.000-ը` Պաղեստինյան ճակատում (հրամանատար` Մուսթաֆա Քեմալ փաշա), 55.000-ը` Արևելյան ճակատում (հրամանատար Էնվեր փաշա): Բրիտանացիներին գերի է ընկել 135.000 մարդ, ռուսներին` 65.000 մարդ, ֆրանսիացիներին` 2000 մարդ, ռումինացիներին` 600 մարդ, իտալացիներին` 100 մարդ:

Նրանք դեռ երկար տարիներ կանցկացնեն հայրենիքից հեռու ընկած ռազմագերիների ճամբարներում` գտնվելով կյանքի ու մահվան միջև, զգալով անհաղթահարելի կարոտ, և ի վերջո կկարողանան վերադառնալ: Պատերազմի հետևանքով աշխարհի մասշտաբով զոհվեց 8 միլիոն մարդ:

Ֆրանսիան, Գերմանիան ու Ավստրիան զրկվեցին ակտիվ արական բնակչության 10 տոկոսից, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Թուրքիան ու Իտալիան` 5 տոկոսից: Մոբիլիզացվածների ընդհանուր քանակը կազմել է 42 միլիոն մարդ:

«Կարմիր խաչը» և «Կարմիր մահիկը» համատեղ այցելել են ռազմագերիների ճամբարներ և կանոնավորապես պատրաստել են հաշվետվություններ` փորձելով բարելավել նրանց պահելու պայմանները: Այդ հումանիտար կազմակերպությունների աջակցության շնորհիվ ռազմագերիները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց բողոքներն ու խնդրանքները, որոնցից շատերը կատարվել են:

Ինչ վերաբերում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքին, ապա այստեղ գործել է փոխադարձության սկզբունքը, այսինքն նրանց նկատմամբ վերաբերել են այնպես, ինչպես որ Օսմանյան կայսրության իշխանություններն են իրենց տարածքում վերաբերվել ռազմագերիների հետ:

Ճամբարների ղեկավարությունը և «Կարմիր խաչի» հաշվետվությունները միաձայն օսմանյան ռազմագերիներին բնութագրում են որպես կարգապահ, մաքուր, հավասարակշիռ ու հանդուրժող:

Բրիտանացիների ճամբարները ստեղծվել են Հնդկաստանում, Մյանմարում, Եգիպտոսում, Հունաստանում, Բասրայում, Բաղդադում, Կիպրոսում, Մալթայում ու Մեն կղզում, ֆրանսիացիների ճամբարները` Կորսիկայում և Հարավային Ֆրանսիայում, ռուսներինը` Սիբիրի անծայրածիր տարածքներում:

Օսմանյան ռազմագերիների թվում եղել են նաև հունական, հայկական ու հրեական ծագում ունեցողները: Քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների ընտանքիների համար, որոնք հանդիսանում էին Օսմանյան կայսրության քաղաքացիներ և գտնվում էին դաշնակցային երկրներում, ստեղծվել էին առանձին ճամբարներ: Իրաքում գերեվարված օսմանյան ռազմագերիներին Հնդկաստան տեղափոխելը մեծացրեց բրիտանացիների հանդեպ Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը:

Բեռնատար վագոնով տեղափոխում

Ռազմագերիներին ճամբարներ էին տեղափոխում բեռնանավերով: Ջրային տրանսպորտին անսովոր որոշ զինվորների մոտ սկսվում էր ծովային հիվանդություն, նրանք ճամբար էին հասնում հիվանդ վիճակում: Ռուսական ու ռումինական ճամբարներ տեղափոխում էին փայտյա պատուհաններով ու դռներով բեռնատար վագոններով, որոնք շատ անհարմար էին: Մոտ կեսը մահանում էր ճանապարհին: Սակայն ռուս և ռումինացի զինծառայողներին ռազմաճակատ ուղարկելու գործընթացը ոչնչով չէր տարբերվում դրանից:

Եղել են տեղական բնակչության կողմից ռազմագերիներին օգնելու դեպքեր: Օրինակ, այդ պատճառով Կիպրոսում կալանավորվել է մեկ իմամ: Փախուստի փորձեր հազվադեպ են ձեռնարկվել, ինչի պատճառը եղել է կա՛մ դրա հնարավորության բացակայությունը, կա՛մ էլ հայրենիքում անկայունության պահպանումը: Նա, ով որոշել է դիմել փախուստի, օգնություն է ստացել տեղի մուսուլմաններից, ինչը մասնավորապես վերաբերում է Կիպրոսի ձկնորսներին:

Իմ պապին փախուստի հարցում օգնել է մի ուսուցիչ, ով ծագումով թաթար էր: Հայրենիք վերադառնալուց հետո շատերին սպասել են նոր փորձություններ. մի մասին չի հաջողվել գտնել իր ընտանիքը կամ տունը, մի մասի կանայք նրանց համարել են զոհված և չսպասելով նրանց վերադարձին` ամուսնացել են մեկ ուրիշի հետ, մի մասին մեղադրել են դասալքության մեջ և դատապարտել են բանտարկության:

Մուդրոսի զինադադարից (1918) հետո ռազմագերիները սկսեցին վերադառնալ ծովային ճանապարհով: Նրանց մի մասին բաց չթողեցին դաշնակիցները, որոնք մտահոգ էին նրանից, որ նրանք կարող են օգտագործվելով Անկարայի (քեմալական) շարժման կողմից:

Անկարան էլ իր հերթին անգլիացիների մտահոգությունը կապում էր նրա հետ, որ Ռուսաստանում գտնվող գերիները, անցնելով Հնդկաստան, կարող են հրահրել ապստամբություն, և դրա համար էլ չէր ձեռնարկում ակտիվ փորձեր` արտասահմանում գտնվող օսմանյան ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Վերջին ռազմագերիները կարողացան հայրենիք վերադառնալ 1922 թվականին: Նրանցից շատերը զոհվեցին արտերկրում: Ռազմագերիների մի մասն ամուսնանալով ձուլվեց տեղական բնակչությանը: Հույների դեմ հաղթանակից հետո Ռուսաստանը սկսեց վերադարձնել ռազմագերիներին: Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի պատճառով ճանապարհը փակ էր, վարձակալված ճապոնական նավերով երթևեկությունը տևում էր ամիսներ:

Նավերից մեկն Էգեյան ծովում գրավվեց հույների կողմից, և դրանում գտնված մոտ 1000 ռազմագերիները ևս 8.5 ամիս անցկացրին Իտալիայում` ռազմագերիների ճամբարում: Հետագայում ռազմագերիների մի մասը չի ցանկացել հիշել այդ ցավալի օրերը, մյուս մասն էլ շուտ մահացավ կրած զրկանքների ու կալանավայրերում ստացած հիվանդությունների պատճառով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս