Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով

Ադրբեջանում տեղի է ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության մեջ մեղադրվող Ազադ Մամեդլիի դեմ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից հարուցված քրեական գործով վերջին դատական ​​նիստը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ կայացած դատական ​​նիստում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ ֆրանսիացի Մարտին Ռայանը դատապարտվել է 10 տարվա, իսկ Ազադ Մամեդլին՝ 12 տարվա ազատազրկման։

Երկու անձինք էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։

Դատարանը նաև որոշել է, որ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո Մարտին Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մարտին Ռայանը հանձնարարություններ է ստացել տեղեկություններ հավաքելու Ադրբեջանում արտադրված զենքի և զինամթերքի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի համալրման, Ադրբեջանի զինված ուժերում ծառայող կամ պահեստազորից զորացրված անձանց, որոնց կարող էին զորակոչել համագործակցության համար, արտասահմանում ֆրանսերեն կրթություն ստացած անձանց, Ադրբեջանում գործող օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ֆրանսիայի հետախուզական ծառայության անունից Ադրբեջանի միջոցով այլ երկրներ գաղտնի դրամական փոխանցումներ կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ:

Բացի այդ, նա մեղադրվում է Մեծ Բրիտանիայի, Ալժիրի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Չինաստանի, Սոմալիի, Կենտրոնական Ասիայի պետությունների և այլ երկրների հետ Ադրբեջանի համագործակցության և կապերի, ռազմական համագործակցության ծրագրերի, ինչպես նաև Ադրբեջան ներմուծված զենքի և զինամթերքի, այդ ոլորտներում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու հանձնարարություններ ստանալու մեջ։

Մեղադրյալները ձերբակալվել էին 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից։

«Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Ռայանին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտին Ռայանը գաղտնի համագործակցելու համար հավաքագրվել էր Ֆրանսիայի Արտաքին անվտանգության գլխավոր վարչության (DGSE) աշխատակիցների կողմից, որոնք հետագայում Բաքվում հայտարարվել էին անցանկալի անձ և արտաքսվել երկրից։

Նույն քրեական գործով Մարտին Ռայանի հետ մեկտեղ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլիին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն):

Տեսանյութեր

Լրահոս