«Բաքվում ռեպորտաժ էին սարքել և սխալ տեղեկություններ տվել, բողոքելուց հետո YouTube-ը նյութը հեռացրեց». Մարինե Օթարյան
Այսօր Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրել էր, որ Բաքվի կողմից YouTube-ում տեղադրված կեղծ տեսանյութը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի վերաբերյալ, իրենց բողոքների արդյունքում հեռացվել է։
«Կողքի ոչ բարով հարևանների ամենամեծ լրատվական ալիքներից մեկը YouTube-ում՝ baku tv-ն, որն ունի 1.3 մլն հետևորդ, մոտ մեկ ամիս առաջ, օգտվելով Alexander Spendiaryan House-museum-ի YouTube-յան ալիքի նյութերից, ստեղծում ա մի հատ ամբողջությամբ կեղծ թեզերով ու վերաշարադրված նյութ ա հրապարակում Ալեքսանդր Սպենդիարյանի մասին, որտեղ հերքվում են թե իր աշխատության ոգեշնչման աղբյուրները, թե Երևանի մասին կեղծ թեզեր են ներկայացվում, ու շատ լավ աշխատած էր հոլովակի վրա։
Նախորդ մի քանի շաբաթը ծանրաբեռնել էի թանգարանի տնօրեն տիկին Մարինե Օթարյանին, որ ամեն մի վայրկյանի համար հակափաստարկ նյութեր հավաքեց, ու դիմեցինք YouTube–ին՝ հոլովակը հեռացնելու համար»,- գրել էր Հովհաննես Պողոսյանը։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, կոմպոզիտոր Մարինե Օթարյանը մանրամասնելով տեղի ունեցածը, 168.am-ին հակիրճ փոխանցեց.
«Այդ ալիքում հայտնվածը ռեպորտաժ էր մեր ցուցադրության հետ կապված, որտեղ որոշ սխալներ ու անճշտություններ կային, հեղինակային իրավունքի խախտման դեպք, մեր կայքից նրանք նյութեր էին վերցրել, ինչն էլ մենք բողոքարկեցինք։
Ցուցադրությունը տեղի է ունեցել մեր թանգարանում անցնող տարվա վերջին, կոչվում էր՝ «Սպենդիարյանական Երևան», որը լուսաբանվել է տարբեր հեռուստաընկերություններով։ Իրենք մի ռեպորտաժ էին սարքել, որտեղ թյուր ու սխալ տեղեկություն էր հաղորդվում, մեր բողոքարկելուց հետո նյութը հեռացվեց»։



