Արագ հաղթանակի հաշվարկից դեպի երկար դիմակայություն. Որտե՞ղ կանգ կառնեն ԱՄՆ-ը, Իսրայելն ու Իրանը

Շուրջ 17 օր է, ինչ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմում է Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ՝ վերջիններիս կողմից չհայտարարված պատերազմի մեկնարկից ի վեր:

Մինչ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է հակասական հայտարարություններ անել, նշելով, թե հաղթում են, ապա հերքելով այդ հայտարարությունը, ապա ընդգծելով, թե ոչնչացրել են Իրանի օդուժն ու ղեկավարությանը, ռուսական կողմն արձանագրում է՝ Իրանը մեկ օրում նվաճելու պլանը ձախողվել է: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության հետևանքները դուրս են եկել Մերձավոր Արևելքի տարածաշրջանային սահմաններից և ձեռք են բերել գլոբալ մասշտաբներ։

«Նրանք, ովքեր այս իրադարձություններին զուգահեռ՝ զբաղվում են ագրեսիային ուղղված արձագանքով, ովքեր ահաբեկչություն են իրականացնում էներգետիկ ենթակառուցվածքների, ածխաջրածիններ տեղափոխող լցանավերի դեմ, ահաբեկչական գործողություններ են անում, նրանք, իհարկե, հավանաբար ցանկանում են ուշադրություն գրավել իրենց վրա։ Բայց հետևանքները շատ ավելի լայն են։ Եվ դրանք արդեն բոլորովին տարածաշրջանային չեն, դրանք ունեն գլոբալ մասշտաբ»,- նշել է Լավրովը:

«Ինչ վերաբերում է այս հակամարտության հեռանկարներին, դժվար է ասել։ Վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփն ասաց, որ Իրանը, մեջբերում եմ՝ «լիովին ջախջախված է»։

Կարդացեք նաև

Իսկ նույն օրը Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարում է. «Մենք դեռ հազար թիրախ ունենք առջևում և կաշխատենք այդ թիրախների ուղղությամբ առնվազն մինչև Փեսախ», այսինքն՝ ևս առնվազն երեք շաբաթ։ Ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ճգնաժամը, ինչով այն կարող է ավարտվել, եթե հենց հիմա անհապաղ կանգ չառնեն, ուշքի չգան և չսկսեն մշակել պայմանավորվածություններ, որոնք այս անգամ չեն ձախողվի»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ դրա համար «երաշխիքներ են պետք»։

«Ես հիանալի հասկանում եմ, որ Իրանը նման երաշխիքների կարիք ունի»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա գնահատմամբ, Իրանը մեկ օրում նվաճելու պլանը ձախողվել է:

«Եթե նրանք ակնկալում էին, որ մեկ օրում, մի քանի ժամում կհասնեն այս պետությունն իրենց լիովին հնազանդեցնելու խնդրի իրագործմանը, ապա, հավանաբար, նրանք այժմ արդեն հասկանում են, թե որքան էին սխալվում, որքան էին մոլորված»,- ասել է Լավրովը։

ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ը և Իսրայելն արդեն լավ դաս են ստացել՝ հարձակվելով Իրանի վրա:

«Ենթադրում եմ, որ մինչ այս պահը նրանք արդեն լավ դաս են ստացել, հասկացել են, թե ինչ ազգի հետ գործ ունեն՝ մի ազգի, որն իրեն թույլ չի տա տատանվել պաշտպանության հարցում և պատրաստ է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- ասել է Արաղչին, ում խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն։

Նրա խոսքով, Թեհրանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները, «քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր սխալը» Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության մեջ։

«Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել, մինչև ԱՄՆ նախագահը հասկանա, որ իր կողմից թե ամերիկացիներին, և թե իրանցիներին պարտադրված անօրինական պատերազմը սխալ է և երբեք չպետք է կրկնվի։ Զոհերը պետք է փոխհատուցում ստանան»,- գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է Իրանի «պատրաստակամության մասին՝ քննարկելու ցանկացած առաջարկ, որը կհանգեցնի պատերազմի արդարացի ավարտին»։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ԱՄՆ-Իսրայել հարձակումն Իրանի նկատմամբ դասական օրինակ է, թե ինչպես են մեծ տերությունները սխալ հաշվարկում հակառակորդի ռազմաքաղաքական դիմադրողականությունը և տարածաշրջանային միջավայրը։

Նրա կարծիքով, հարձակման առաջին փուլում նրանք գործեցին արագ ճնշում գործադրելու և արագ արդյունքի հասնելու սցենարով. հարձակման սկզբնական փուլում ԱՄՆ-ը ու Իսրայելն առաջնորդվում էին հաշվարկով, որ արագ և ինտենսիվ ռազմական հարվածները կստիպեն Իրանին արագ նահանջել, քանի որ ենթադրում էին, որ Իրանի ռազմական ենթակառուցվածքը հնարավոր է արագ խոցել, Իրանը չի ցանկանա լայնամասշտաբ էսկալացիա, ինչպես նաև տարածաշրջանային դերակատարները չեն միջամտի։

Սակայն Վլադիմիր Եվսեևի կածիքով՝ խնդիրը սկսվեց այն փուլում, երբ Իրանը պատերազմը վերածեց լայնամասշտաբ էսկալացիայի ու լայնամասշտաբ պատերազմի՝ ԱՄՆ-Իրան ռազմական օպերացիային արձագանքելով լայնամասշտաբ պատերազմի հոգեբանությամբ:

Նա կարծում է նաև, որ սխալ հաշվարկը վերաբերում էր նաև Իրանի դիմադրության ցանցի թերագնահատմանը, Իրանի ռազմավարությունը հիմնված չէ միայն բանակի, այլ նաև տարածաշրջանային գործընկերների վրա։

«Վաշինգտոնում, թերևս, ենթադրում էին, որ հնարավոր է ռազմական ճնշումը մեծացնել այնքան, որքան անհրաժեշտ է, պահպանելով դրա նկատմամբ կառավարելիությունը: Սակայն իրականում նման հակամարտություններում հակառակորդը հաճախ պատասխանում է ոչ թե նույն մակարդակով, այլ անհամաչափ քայլերով, ինչը խախտում է նախնական հաշվարկները:

Մյուս սխալ հաշվարկը տարածաշրջանային միջավայրի սխալ գնահատումն է, Մերձավոր Արևելքը բարդ ռեգիոն է, որը շատ է փոփոխվել նաև վերջին տարիներին: Այս միջավայրում նույնիսկ մեծ ուժերի համար է բարդ: Ուստի այս ամենի պատճառով արագ ռազմավարական արդյունք ստանալու փորձը վերածվեց երկարատև և ավելի բարդ հակամարտության: Սա կերկարաձգվի, կարծում եմ, մինչև Իրանը ստանա որոշակի երաշխիքներ»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Նրա գնահատմամբ, երկարատև ռազմական դիմակայությունը չի բխում ոչ մի կողմի շահերից, սակայն այն միանշանակ ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը հեռավորության պայմաններում կդժվարանա երկար պատերազմել մի պատերազմում, որը շատ թանկ արժեք ունի:

«Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այս պատերազմը հետևանքներ չի ունենա Հարավային Կովկասի վրա ուղիղ, եթե ռեգիոնալ երկրները շարունակեն իրենց ներկայիս դիրքավորումը, թեև Իրանը, կարծում եմ, կցանկանար ավելի մեծ աջակցություն ստանալ բոլոր գործընկեր երկրներից և այս փուլում էլ ավելի ակտիվ դիվանագիտություն է վարում: Հետայսու ԱՄՆ ընդլայնվող ազդեցությունը Հարավային Կովկասում էլ ավելի մեծ խնդիր է լինելու Իրանի համար, որի հետ բանակցելով՝ ԱՄՆ-ն երկու անգամ հարվածեց Իրանին»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս