Փաշինյանը հաստատել է մեր տեղեկությունը. Արդյո՞ք Ալիևի հետ բանավոր համաձայնությունն արդեն կայացած է
Փետրվարի 4-ին՝ «Արդյոք Փաշինյանը կցուցադրի՞ նոր սպառազինությունը՝ իշխանությունը պահելու համար» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի կարող է բավարար չհամարել առանձին խմբերի՝ նոր սպառազինությանը ծանոթանալուց հետո արձագանքը, և հրապարակային ցուցադրություն կազմակերպի՝ ընտրություններին մոտ ժամանակահատվածում: Ի վերջո, պետք է, չէ՞, ինչ-որ կերպ փորձի ապացուցել, որ արտաքին պարտքը հիմնավոր է աճել: Մենք հստակ հավաստի տեղեկություն էինք հայտնել՝ գրելով.
«Ի դեպ, հենց այս օրերին 168.am-ին տեղեկություններ են հասել, ըստ որի՝ չի բացառվում, որ հենց մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը կազմակերպի նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես: Հնարավոր վայրի մասին ևս տեղեկություններ են փոխանցվել, բայց անվտանգային նկատառումներից ելնելով՝ չենք բարձրաձայնի: Այս թեմայի հետ կապված՝ մենք փորձել ենք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն կապ հաստատել պատասխանատուների հետ չի հաջողվել, ուստի գրավոր հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք այն»:
Իսկ պաշտպանական գերատեսչությանն ուղղված մեր հարցադրումը հստակ էր՝ արդյոք մայիսի 28-ին, այն էլ՝ Սարդարապատում, նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես նախատեսվո՞ւմ է:
Փետրվարի 10-ին հրապարակել ենք ՀՀ պաշտպանության նախարարության պատասխան գրությունը, որտեղ նշվում է.
«Սարդարապատում սպառազինության ցուցադրություն-զորահանդես անցկացնելու վերաբերյալ քննարկումներ այս պահի դրությամբ չկան»:
Այս թեմայի վերաբերյալ մեր երկրորդ հոդվածում ուշադրություն էինք հրավիրել, որ Պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ հիշատակել է միայն զորահանդեսի անցկացման հնարավոր վայրի՝ Սարդարապատի մասին, և ոչ թե օրվա՝ մայիսի 28-ի:
Ըստ այդմ ենթադրել էինք՝ որ ԱԺ ընտրություններից օրեր առաջ, ամեն դեպքում, հրապարակային նոր գնված սպառազինության ինչ-որ ձևաչափով ցուցադրություն կլինի, հատկապես, որ ՊՆ-ն նշել է՝ «այս պահին նման քննարկում չկա»: Այսինքն՝ դրա հնարավորությունը չի բացառվել:
Եվ ահա մարտի 15-ին Կապանում Նիկոլ Փաշինյանը հաստատել է 168.am-ի փետրվարի սկզբին հայտնած տեղեկությունը, ինչպես նաև մեր դիտարկումներն այս առնչությամբ՝ քաղաքացիների հետ զրույցում ասելով.
«Շատ է խոսվում զենքերի հետ կապված, մենք էլ ենք ասում՝ էդ պետական պարտքն ինչի է ավելացել: Ես 2–3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք։ Եվ մենք մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը: Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել: Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվել զորահանդեսային տարբերակով գնված ժամանակակից սպառազինության ցուցադրմանը, այդ թվում՝ շարքային քաղաքացիների առաջարկներին ի պատասխան:
«Կան կարծիքներ, որ դա պետք է անել, կան կարծիքներ, որ պետք չէ՝ ամենատարբեր նկատառումներով։ Այո, Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո թեման Հայաստանում էլ է ակտիվացել։ Եթե մենք նոյեմբերին կամ դեկտեմբերին զորահանդես կազմակերպեինք, տպավորիչ կլիներ, բայց մենք պատրաստվում ենք խաղաղության օրակարգին»,- 2025 թվականի նոյեմբերին հայտարարել էր նա:
Եվ որպեսզի, ըստ նրա՝ «սխալ տեղեկություններ չտարածվեն», այդ պահին որոշել են առանձին խմբերի համար փակ ցուցադրություն կազմակերպել:
Բայց ինչպես մեր հոդվածներից մեկում նշել ենք, եթե Փաշինյանը հասկանա, որ հրապարակային ցուցադրությունը կամ զորահանդեսը կօգնի պահել իշխանությունը, ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ «բանակցությունների» արդյունքում Փաշինյանը կարող է գնալ նաև դրան: Պարզվեց՝ չենք սխալվել:
Կապանում վերջին 2-3 տարվա ընթացքում գնված սպառազինության հրապարակային ցուցադրությունն անհրաժեշտ համարելով, Փաշինյանը նաև ասել է.
«Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի՝ որպես ագրեսիվության ցուցադրություն»:
Այսինքն, ամիսներ առաջ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ նպատակահարմար չէր զենքի ցուցադրությունը, հիմա խաղաղության համատեքստում դա կարելի է: Իսկ թե ինչո՞ւ, արդեն նշեցինք:
Ի դեպ, այս տարվա փետրվարին հրապարակված՝ «Pinaka-ից մինչև Gripen. Հայաստանը բացում է խաղաքարտերը, Ադրբեջանը գնում է 6,5 միլիարդանոց կործանիչներ» վերտառությամբ մեր հոդվածում գրել էինք՝ երբ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի Հայաստան այցի ֆոնին հանրայնացվել էին Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, Ադրբեջանը բավականին մեղմ է ընդունել դա այն դեպքում, երբ Ադրբեջանը ժամանակին վտանգ է տեսել անգամ ՀՀ բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայողների զինվածության մակարդակում:
Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը նման հարցերում Ալիևից փորձում է բանավոր համաձայնություն ստանալ, այլապես ինչպե՞ս հասկանալ ամիսների ընթացքում սպառազինության հրապարակային ցուցադրության նպատակահարմար լինել-չլինելու մոտեցումների փոփոխությունը:
Ինչ վերաբերում է սպառազինության գնման հիմնավորմամբ պետական արտաքին պարտքի ավելացմանը, ապա դրա հետ կապված հետաքրքիր դրվագներ ևս հիշեցրել ենք:



