Ռուսաստանի նպատակը միանշանակ է. նա ընդամենն օգտագործում է այս երկրներին
Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, հնարավոր համարո՞ւմ եք նոյեմբերին Վիլնյուսում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը` թեկուզ փոփոխված տարբերակով և առանց ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի:
– Ամբողջ խնդիրն այն է, թե առաջարկելով Հայաստանին նման համագործակցություն` ի՞նչ նպատակներ են հետապնդում եվրոպացիները: Ընդամենն ընդունված է ասել, որ հետխորհրդային տարածքի վեց երկրներ ներգրավված են եվրոպական ինտեգրացիոն ծրագրերի մեջ: Բայց մենք տեսանք, որ եվրոպացիներն ի սկզբանե բավական անհասկանալի էին իրենց պահում. նախ` դրեցին պայման` դուք չեք կարող ստորագրել, եթե միանաք Մաքսային միությանը, երկրորդը` կար Հայաստանի վիճակի արհամարհում: Տարիներ շարունակ տեսնում էինք, թե ինչպես էին նրանք ամեն կերպ աչք փակում ընտրախախտումների վրա, աջակցում իշխող ուժին, միայն թե պոկեն ստորագրությունը:
Մի կողմից` պայման, մյուս կողմից` պահվածք, արհամարհանք ամեն ինչին: Կյանքը ցույց տվեց, որ դա իրատեսական մոտեցում չէր, այսինքն` Հայաստանի իշխանությունը չընդունեց եվրոպացիների պայմանը: Հիմա ասում են` Ռուսաստանը ճնշել է, դրա պատճառով` Սերժ Սարգսյանն էլ դա չի ընդունում: Ի՞նչ կա դրա տակ, ամբողջ խնդիրը սա է:
– Եվ ի՞նչ կա:
– Կարծում եմ` դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից: Ես չգիտեմ էլ, թե ընդհանրապես եղե՞լ է ցանկություն նման բան ստորագրելու: Կան բազմաթիվ տեսակետներ, որ իշխանությունները պարզապես փորձում էին դրանով ընդամենը արտաքին լեգիտիմություն ստանալ: Եվ երբ այս ընտրություններն էլ անցան, ընդամենը արհամարհեցին եվրոպացիներին, քանի որ իրենք իրենց խնդիրն արդեն լուծել էին:
– Իսկ Եվրոպան չէ՞ր հասկանում, թե ում հետ էր բանակցում:
– Հասկանում էր, բայց Եվրոպան էլ նույնն էր անում: Ես չգիտեմ` դա եվրոպական ինտեգրացիոն նախագի՞ծ է, թե՞ ընդամենը Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները մաքրելու միջոց: Կարծում եմ` խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է, ինչը փորձում են իրականացնել ինչ-որ մի ինտեգրացիոն ծրագրերի միջոցով, և դրա մեջ են ներքաշել թե՛ Հայաստանին, թե՛ շատ ուրիշ երկրներ: Այս երկրներն իրար ետևից քաշվում են, բայց չեն քաշվում այն մարդիկ, ովքեր մտել են այդ գործընթացի մեջ, քանի որ ունեն ուրիշ նպատակներ: Մնացածն արդեն մեկնաբանություններ են:
Դրա համար, երբ դրվում են կոնկրետ խնդիրները, թե` սա ճիշտ որոշում էր, սխալ էր, անիմաստ է ընդհանրապես դա քննարկել: Եթե փորձենք գտնել իմաստը, պետք է առաջին հերթին հասկանանք` Ռուսաստանի առաջարկածնե՞րն ինչ էին: Դրանք ինտեգրացիոն ծրագրե՞ր են: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ կրկնում` դրանք աշխարհաքաղաքական ծրագրեր են, բացարձակ կապ չունեն որևէ ինտեգրացիայի հետ, դրանք մեխանիզմներ են, որոնց միջոցով ռուսներն իրենց խնդիրներն են պարզում Եվրոպայի հետ, մեզ էլ ներքաշում են դրա մեջ:
– Սակայն փաստն այն է, որ կա հայտարարություն Հայաստանի` Մաքսային միություն մտնելու և եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու որոշման վերաբերյալ:
– Իսկ կա՞ այդպիսի ծրագիր:
– Կա պայմանագիր և առաջարկ, որպեսզի Մաքսային միության անդամ երեք երկրները` Ռուսաստանի, Բելառուսը և Ղազախստանը, և այն երկրները, որոնք կմիանան դրան, մինչև 2014 թ. կեսերը պատրաստեն Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի նախագիծը, որպեսզի այն գործարկվի 2015 թվականի հունվարի 1-ից:
– Այո՛, խոսվում է դրա մասին, էլի կխոսվի, բայց կասկածում եմ, որ դա է բուն քաղաքականությունը: Գուցե այդ խոսակցությունները բոլորովին այլ խնդիրներ են լուծում: Եկեք հասկանանք` սա ի՞նչ քաղաքականություն է, որպեսզի պարզենք` դրակա՞ն է այն, թե՞ բացասական: Ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի նպատակը միանշանակ է. նա ընդամենն օգտագործում է այս երկրներին` արևմտյան գերտերությունների հետ իր հարաբերությունները հստակեցնելու նպատակով:
– Ըստ Ձեզ` սա ռուսական ծավալապաշտությո՞ւն է:
– Գուցե ծավալապաշտություն էլ չի, դա էլ է կասկածի տակ: Այս քայլերի հիմնական նպատակն այս կամ այն երկրին որոշումներ պարտադրելն է, և սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին: Ադրբեջան. Ռուսաստանը նրան մատակարարում է զենք, ի՞նչ պատահեց Ռուսաստանին: Սրանք միասնական պրոցեսներ են, Ռուսաստանը յուրաքանչյուր երկրի հետ աշխատում է այն լծակների միջոցով, որոնք էֆեկտիվ են: Հիմա սա ծավալապաշտությո՞ւն է, թե՞ Ռուսաստանի ծրագրերի քայքայում, ես չգիտեմ: Տեսեք, թե ինչ է կատարվում Ղազախստանում. բողոքի հսկա ալիք է բարձրացել` ընդդեմ Մաքսային միության: Ո՞վ է այդ ալիքի ետևում, կարելի է միանշանակ ասել` Միացյալ Նահանգները: Բայց միգուցե հենց ինքը` Ռուսաստա՞նն է:
– Կա տարածված տեսակետ, որ Ռուսաստանին այդպես էլ չի հաջողվի ստեղծել այս միությունը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
– Ես ընդհանրապես կարծում եմ, որ Ռուսաստանն այն վիճակում չի, որպեսզի կարողանա որևէ լայնացող, ծավալապաշտական քաղաքականություն վարել, ի վիճակի չի, իրենք` այդ երկրի փորձագետներն են դա ասում:
– Լավ, այդ դեպքում ի՞նչ ունենք ստանալու Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ընկերակցությունից:
– Այստեղ արդեն գալիս ենք բուն էությանը: Ուրեմն այս քայլը և երկրի ապագան հասկանալու համար անհրաժեշտ է հեռանալ ձևական բաներից և փորձել պարզել այս առաջարկների քաղաքական նշանակությունը: Ինչո՞ւ էր Եվրոպան դրել այդ պայմանը, դա զուտ տնտեսակա՞ն պայման է, թե՞ քաղաքական: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին: Այն, ինչ անում է Ռուսաստանը, զուտ քաղաքականություն է, որն ավելի շատ կապված է անվտանգության, այլ ոչ թե տնտեսական խնդիրների հետ:
– Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, «անմեղսունակության արդյունք» համարեց իշխանության այն փաստարկը, թե Մաքսային միությանն անդամակցությունը բացատրվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության նկատառումով: Համամի՞տ եք սրա հետ:
– Գիտեք` ինչպես է, երբ իշխանություններն են փորձում նման փաստարկներ ներկայացնել, ուրեմն իրենք պետք է ասեին` «մեզ ճնշել են, սպառնացել են Ղարաբաղով, որ մենք սա անենք»: Բայց ո՞վ է նման բան ասում, ոչ ոք:
– Այդ դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը մարտ ամսին պնդում, որ որևէ մեկը մեզ չի կանչում Մաքսային միություն:
– Ես էլ դա եմ ասում: Նա չի ասում` ինձ սպառնացել են Ղարաբաղով, դրա համար մտել եմ Մաքսային միություն: Դե, եթե չի ասում, մյուսներն ինչի՞ պիտի խոսեն դրա մասին:
– Ուրեմն ինչո՞վ է սա բացատրվում:
– Կարծում եմ` բացատրվում է նրանով, որ իշխանությունները որևէ նպատակ չունեին ստորագրել այդ եվրոպական պայմանագիրը: Իրենք լուծում էին իրենց արտաքին լեգիտիմության խնդիրը: Կան տեսակետներ, որ այդ Ասոցացման համաձայնագիրն իր մեջ ներառում է կետեր, որոնք Հայաստանի իշխանությունները երբևէ չեն ընդունի, օրինակ` Միջազգային քրեական դատարանի ճանաչում: Բայց մենք չենք տեսել այդ թուղթը, որ ասենք` ինչու է դա արել: Թող դնեն սեղանի վրա, որ հասկանանք: Սակայն իրենք թաքցնում են: Սերժ Սարգսյանն էլ Եվրոպայում ասում է` «ես լիազորված եմ Սահմանադրությամբ, եթե խորհրդարանը դեմ լինի, կքննարկենք»: Բայց դա մինչև այժմ պետք է քննարկվեր, այդ ժամանակ կպարզվեր ամենը, մենք էլ ավելորդ հարցեր չէինք տա: Բայց թաքցնելով` մեզ համար հանելուկ է ստեղծվում:
– Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ասաց, որ «հիմա էլ պատրաստ ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը», սակայն միայն դրա քաղաքական մասը` առանց տնտեսական բաժնի: Մինչդեռ եվրոպական դիվանագետները մշտապես ընդգծել են, որ Ասոցացման պայմանագիրը հնարավոր չէ բաժանել, քանի որ այն ընդհանուր մի փաթեթ է: Ի՞նչ է մեզ տալու այդ քաղաքական մասի ընդունումը:
– Իսկ ուրիշ ի՞նչ պետք է նա ասեր, պետք է ասեր մի բան, որը եվրոպացիները չեն ընդունի: Ասելու է` ես առաջարկել եմ` սենց անենք, չեք ուզում` մի արեք:
Ի վերջո, վերջին մեկ ամսվա ընթացքում եվրոպացիների արձագանքներից երևում է մի բան, որ նրանք սկսել են ավելի լուրջ վերաբերվել այս գործընթացին: Չեմ կարծում, թե մինչև վերջերս նրանք լուրջ էին վերաբերվում:
– Այսինքն` հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծացե՞լ է:
– Ոչ թե մեծացել է, այլ նրանք ցանկանում են պահպանել այն հետաքրքրությունը, որը կար: Եթե հետաքրքրությունը պետք է պահպանվի, այդ դեպքում պետք է փոխեն իրենց մոտեցումը: Եվրոպացիներից մեկն անգամ ասաց` «մենք հաշվի չենք առնում, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդիր ունի, պետք է այդ հարցում աջակցել Հայաստանին»: Ի վերջո, այստեղ Ադրբեջանի հարցն էլ կա, սպառնալիքը գալիս է Ադրբեջանից: Եթե հավատանք նման վարկածին, ուրեմն Եվրոպան ինքը պետք է հասկանա` փաստորեն Ադրբեջանը մասնակցում է այս օպերացիային` Հայաստանին զրկելով եվրոպական ուղղությունից:
– Լեռնային Ղարաբաղի հարցը, կարծես թե, այնքան էլ չի շոշափվում թե՛ եվրոպական, թե՛ եվրասիական ծրագրերի համատեքստում: Ո՞րն է պատճառը:
– Չի շոշափվում, որովհետև խնդիրները նեղացված են գնահատվում: Եթե այս գործընթացները գնահատենք` որպես քաղաքական, ապա անպայման այստեղ կգտնենք Լեռնային Ղարաբաղն էլ, անվտանգության հարցն էլ, Ադրբեջանի դերն էլ: Բայց երբ չենք նայում այս ուղղությամբ, այդ դեպքում կարող է ընդամենը մեկ հարց ծագել` բա Մաքսային միության սահմանը որտե՞ղ է լինելու, ՀՀ-ԼՂՀ սահմանի՞ն, թե՞ ԼՂՀ-Ադրբեջան սահմանին: Իսկ եթե ավելի լայն դիտարկենք հարցը և փորձենք հասկանալ` ինչո՞ւ ծնվեց եվրոպական նախապայմանը, ինչո՞ւ Ռուսաստանն «ախպերացավ» Ադրբեջանի հետգ Հային հարցնես, կասի` Ադրբեջանին զինում է, որ մեզ վախեցնի: Բայց Ռուսաստանը, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը պահպանելուց, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի միջազգային քաղաքականության մեջ: Ես շատ ավելի մեծ նշանակություն եմ տալիս այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում և սիրիական խնդրի հետ կապված, մասնավորապես` ԱՄՆ-Ռուսաստան-Իրան հարաբերություններին:
Ռուսաստանը սկսել է դերակատարություն ունենալ Սիրիայում, բարելավվում են Իրանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Ենթադրում եմ, թե սրանք ինչ փոփոխություններ կարող են բերել միջազգային հարաբերություններում և ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Ես այստեղ եմ տեսնում Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը: Եվ որքան Իրանը լավացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետգ պարզ է, չէ՞: Այստեղ էլ արդեն կարելի է տեսնել Հայաստանի դերի նվազեցումը Ռուսաստանի քաղաքականության մեջ:
«168 ԺԱՄ»