Բոտոքսի դրական և բացասական կողմերը
Բոլոր կանայք ցանկանում են հավերժացնել երիտասարդությունը և ջնջել դեմքին դրոշմված տարիների հետքերը: Այդ նպատակին հասնելու համար մարդիկ դիմում են բոտոքսի ներարկմանը:
Այս գեղեցկության դեղամիջոցը կոսմետոլոգիա մուտք է գործել նյարդաբանությունից և շատ արագ տարածում գտել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում բոտոքսը
Շատերն են լսել սննդային բոտուլիզմ հիվանդության մասին: Այն առաջացնում է թույնի լուծույթը (բոտոքսը), որը ձևավորվում է պտուղների, սնկերի ոչ ճիշտ պահածոյացման հետևանքով և որը կարող է պարունակվել սխալ տեխնոլոգիայով պատրաստված մսի, ձկան, երշիկեղենի մեջ: Թույնը, որ թափանցում է մկանի մեջ, այն թուլացնում է և արգելափակում նյարդային ազդակների փոխանցումը: Բոտոքսի հենց այս հատկությունն էլ գրավել է կոսմետոլոգների ուշադրությունը: Հետազոտությունները սկսվել էին դեռևս 60-ական թվականներին և պարզվել էր, որ բոտոքսի ներարկումը հարթեցնում է մաշկի տվյալ մակերեսի կնճիռները և դեմքին վերադարձնում երիտասարդ տեսքը: Այս թեորիան գործնականում կիրառվել էր կենդանիների վրա և նույնիսկ Ամերիկայի միացյալ նահանգների նախկին նախագահը նույնպես նման մեթոդով էր ցանկացել վերադարձնել երիտասարդությունը: Բոտոքս ներարկած մարդկանց հեշտ է տարբերել մյուսներից, քանի որ նրանց մոտ առկա է դեմքի պասիվ միմիկա, ավելի սառը արտահայտություն:
Պրոցեդուրայի առանձնահատկությունները
Մասնագետները հաստատում են, որ բոտոքսը ամենաշատը ազդում է դեմքի վերին մեկ երրորդի վրա՝ ճակատի և աչքերի շուրջ գտնվող կնճիռների: Սակայն բերանի, այտերի, ծնոտի վրա բոտոքսը ավելի քիչ է ազդում: Վերջիններիս համար խորհուրդ է տրվում օգտագործել բիոպոլիմերային գելեր:
Մասնագիտացված կոսմետոլոգիական կենտրոններում, նախքան բոտոքսի ներարկումը, անցկացնում են մաշկի ախտորոշում, հետազոտում են անոթների աշխատանքը և դրական արդյունքների դեպքում կատարում բոտոքսի ներարկումը:
Պրոցեդուրան անցավ է, բոտոքսի ներարկումը չի առաջացնում որևէ տհաճ զգացողություն: Ներարկումը կատարելուց առաջ բժիշկը կամ սառույցով անզգայնացնում է ներարկման հատվածը, կամ դեմքին ցավազրկող քսուք է քսում: Ներարկումը կատարվում է բարակ ասեղներով և նման է մոծակի կծելուն:
Բոտոքսը առաջացնում է շարժողական ակտիվ նյարդի թուլացում, այս ամենը տեղի է ունենում 1-2 ժաբաթ անց և փոփոխությունները աստիճանաբար են նկատվում: Մանր կնճիռները հարթվում են և դեմքի մակերեսը ավելի հարթ է դառնում: Արդյունքը պահպանվում է 5-6 ամիս, որից հետո պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել:
Կայուն արդյունք ունենալու համար խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կատարել տարին 3 անգամ: Հիշեցնենք, որ բոտոքսի ներարկման արդյունքում կրճատվում է միմիկան և դեմքի որոշ մկաններ չեն օգտագործվում: Այս ամենի հետևանքով էլ դեմքը չի կնճռոտվում: Շատերը բոտոքսի օգտագործումից հետո աչքերը չեն կկոցում կամ ճակատը կնճռոտում:
Զգուշացում:
Բոտոքս ներարկումը արգելվում է հղի կանանց, ինչպես նաև իմունային և օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ