Դեսպանատների լռությունը՝ կապված Կաթողիկոսի դեմ հարձակման հետ, կասկած չի՞ հարուցում. Արշակ սրբազան
Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօրվա ասուլիսում հարցադրում արեց՝ արդյո՞ք տարօրինակ չէր լինի, եթե իշխանության թիրախում հայտնվեին մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակների այնպիսի մարդիկ, որոնք կուրծք պատռելով՝ իշխանության քաղաքականությունն են գովերգում:
«Ես կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը շատ հստակ է՝ ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում: Բայց ես դա Ծիծեռնակաբերդի իմ ելույթի հետ էլ չեմ կապում: Ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել, արել եմ այն, ինչին հավատում եմ: Արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո և անելու եմ նաև սրանից հետո:
Ես շատ օրինաչափ եմ համարում, որ իշխանությունները պետք է թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը, ովքեր քննադատում են իրենց: Հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Եկեղեցու դեմ գործող իշխանությունների դիրքորոշումն արտահայտվել է՝ ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ՝ քողարկված, երբ, օրինակ, 2018 թվականի իշխանափոխությունից հետո շրջանառվեց այն թեզը, թե «Եկեղեցու պատմություն» առարկան պետք է դուրս մղվի դպրոցներից:
«Արդյո՞ք իշխանությունների իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական ետնախորք ունեն, ես դժվարանում եմ դա ասել: Բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում:
Օրինակ, խորը տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը: Կամ՝ խորը տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպումը: Հիմա սրանք կարո՞ղ են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել, կասկածներ առաջացնել, կարծում եմ՝ այո: Կարո՞ղ են կասկած առաջացնել այն փաստերը, որ Եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին, դեսպանատների կողմից խորը լռություն է»,- ասաց Արշակ Սրբազանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
