Կաթողիկոսը հեռանալու ոչ մի հնարավորություն չունի. նման որոշում չի կայացնի երբեք. Արշակ սրբազան

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրված հանդիպմանն ուշադրություն հրավիրեց հարցին՝ ինչ ասել է՝ աշխարհիկ կյանք:

«Մենք, այսպես կամ այնպես, ապրում ենք աշխարհիկ կյանքով՝ անկախ նրանից, որ հոգևորական ենք: Մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ, շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ, այդ թվում՝ լրագրողների, ինչը ևս աշխարհիկ կյանքով ապրելու դրսևորումներից մեկն է: Եթե մենք աշխարհիկ կյանք ասելով՝ նկատի ունենք այնպիսի հարաբերությունները, որոնք ինտիմ կյանքին են վերաբերում, դա բոլորովին այլ հարց է:

Եվ քանի որ անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես ասեմ ձեզ՝ այդ բանավեճը, խոսակցությունը գռեհիկ եմ համարում, գռեհիկ և անթույլատրելի:

Մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իսկ իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ:

Կարդացեք նաև

Ես, իհարկե, հղում չեմ անում իրավաբանությանը, որովհետև մենք հոգևորական ենք, բայց ինձ համար բացարձակ անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականն իրավունք չունի անձնական կյանքի: Դա էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից, թե դա ով է ասում: Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը, ոչ իրավական մեկնաբանությունների դաշտում, այլ զուտ հոգևոր իր ընկալումների:

Մենք ինչի՞ համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում, անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականն ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ, ինչպես նաև՝ տալ այնպիսի անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի իրավիճակներ կստեղծվեն: Դրա համար հարցերի շրջանակ կա, որ անթափանցելի են, անձեռնմխելի են: Հիմա, թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ: Հիմա դուք վկայակոչում եք, որ Կաթողիկոսի անվան հետ կապված այդպիսի հարցադրումներ են առաջանում, կամ մեր եպիսկոպոսների հետ, ես ինձ իրավունք չեմ վերապահի այդպիսի հարցադրումներին պատասխանել»,- մանրամասնեց Սրբազանը՝ նկատելով՝ արդյո՞ք այսօր ՀՀ թիվ մեկ խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները և նրանց ենթադրյալ երեխաներն են:

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռանալ-չհեռանալուն, Մայր Աթոռի Դիվանապետն ասաց.

«Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու: Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Կաթողիկոսը պետք է հեռանա: Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, այդպիսի օրակարգ են առաջ մղել: Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե նման պահանջ են դրել նաև 10 եպիսկոպոսները: Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս