«Ես 2018-ից սկսած` խիստ վերապահումներ ունեի իշխանափոխության վերաբերյալ. շարժումը ղեկավարող անձն ինձ ընդհանրապես վստահություն չէր ներշնչում». Արշակ սրբազան
«Դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին, մասնավորապես՝ 2020 թվականից սկսած, պատերազմի ողբերգական ավարտից հետո հատկապես։ Ես Ձեզ ասեմ՝ 2018 թվականից սկսած ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։
Իմ վերապահումները մասշտաբորեն չեմ արտահայտել՝ հաշվի առնելով հասարակության լայն աջակցությունն իշխանություններին՝ հույս ունենալով, որ գուցե ես եմ սխալվել»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազան հոր խոսքով՝ սովորաբար մարդիկ ուրախանում են, երբ իրենք չեն սխալվում, բայց դժբախտաբար, ինքը 2018 թվականի իրադարձությունների հետ կապված չէր սխալվել, ինչպես չեն սխալվել մի խումբ անձինք։
Մանրամասնելով, սրբազանն ասաց՝ այն անձը, ով 2018 թվականին Հայաստանում առաջնորդում էր քաղաքական գործընթացները, որևէ վստահություն չէր ներշնչում իրեն։
«Նրա կենսագրության վերլուծությունն ինձ հուշում էր, որ որևէ դրական տեղաշարժ, որևէ լուսավոր հեռանկար հնարավոր չէ ակնկալել այդ մարդու առաջնորդած շարժումից։ Այն մի մարդ էր, ով իր ամբողջ կենսագրության ընթացքում առաջնորդվել էր շանտաժով, վիրավորակական, զրպարտչական գործելաոճով, որն արծարծված է իր կողմից հեղինակած գրքի մեջ։ Ես ակնարկում եմ «Երկրի հակառակ կողմը» գիրքը։
Հավանաբար այդ գրքին ծանոթ եք, և հնարավոր չէ դրական բան ակնկալել մի մարդուց, որի աշխարհայացքն ուղղակիորեն արտացոլված է այդ գրքում։ Բայց ի սեր Աստծո, ես չպետք է լինեի այն անձը, ով կփորձեր խափանել ժողովրդական սպասումները, չարագուշակ մարգարեի պատմուճան հագներ։
Դժբախտաբար, 2020 թվականին տեղի ունեցավ այն, ինչը բոլորիս կյանքն այսօր ավերել է, բոլորիս համար մեծագույն մտահոգություն է։ Մենք կորցրեցինք Արցախը, մեր ազգային համերաշխությունը, բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, հասարակությունը պառակտվեց։
Այդ իրավիճակում, ես անբարոյականություն եմ համարել, թե՛ որպես եկեղեցական, թե՛ որպես անձ՝ որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Ես այսօր էլ այդ դիրքորոշումն ունեմ՝ այդ անձը և այդ անձինք, որն այսպիսի արհավիրք է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության, օր առաջ նրանք պետք է հեռանան, անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարման շարունակումը։ Դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Իմ այս դիրքորոշումը, բնականաբար, դուր չի եկել իշխանություններին և վարչախմբին»,- հավելեց Արշակ սրբազանը։
Սրբազանը տեղեկացրեց, որ այս հայտարարություններից հետո մի քանի անգամ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անունները չի ցանկանում նշել։ Պաշտոնապես իրեն ծանուցագիր չեն ուղարկել, պարզապես եղել է հանդիպման հրավեր, և ինքը գնացել է հանդիպման։ Հանդիպումների ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել իրենց դիրքոշումներն արտահայտել, սրբազանը՝ իր։
«Իհարկե, ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ՝ թող Աստված ների, եթե մեծամտություն լինի, բայց ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ՝ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։ Որևէ գործողություն, տեղեկատվական տեռոր չի կարող ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես կարող էի անել»,- ընդգծեց Արշակ սրբազանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
