Արդյոք մենք չե՞նք բթանում սմարթֆոնների չափազանց գործածումից. Nikkei
Ճապոնական Nikkei թերթում հրապարակվել է Յասուտոսի Մակիի «Արդյոք մենք չե՞նք բթանում սմարթֆոնների չափազանց գործածումից» խորագրով հոդվածը.
«Տեխնոլոգիաների ճնշման տակ ԶԼՄ-ներում իրադրության փոփոխումն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն նրա վրա, թե ինչ կերպ ենք մենք ստանում տեղեկատվություն, այլև մեր մտածելակերպի վրա: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետև մեր ուղեղը շատ պլաստիկ է, այն կարող է իր հնարավորությունները հարմարացնել հանգամանքների բերումով:
Տեխնոլոգիաները դանդաղորեն, սակայն հաստատապես փոխում են մեր գիտակցությունը: Տարբեր հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ ժամանակակից հասարակությունում մեր ուղեղն ինտերնետի մշտական օգտագործման հետևանքով իսկապես ենթարկվում է փոփոխությունների:
Նախևառաջ ավելացել են տեղեկատվություն որոնելու և մեծ ծավալի տեղեկատվություն ընկալելու մեր ունակությունները: Այժմ շատերն ազատորեն օգտվում են Google-ի որոնողական համակարգից, ուր կարելի է գտնել տեղեկատվություն, մշակել այն և արտահայտվել «ավելի ծանրակշիռ»:
Եվ երկրորդ` մենք սկսել ենք միաժամանակ կատարել բազում առաջադրանքներ: Այժմ մենք սկսել ենք հեշտությամբ կազմել նյութեր, ընդ որում` միաժամանակ օգտվելով Facebook-ի չաթից, փոխանակվելով նամակներով Gmail-ում և դիտելով վերջին նորությունները Twitter-ում:
Սակայն մենք կորցնում ենք ունակությունների մի մասը, ավելի պարզ ասած` նվազում են մտածելակերպի ու կենտրոնանալու մեր հնարավորությունները: Խորհրդաժողովների ժամանակ մենք մշտապես ստուգում ենք մեր հեռախոսը, աշխատանքի ժամանակ ստուգում ենք փոստը և ինտերնետային մեկնաբանությունները, ինչի հետևանքով կորում է մեր ուշադրությունը, մենք դառնում ենք անընդունակ մեկ բանի մասին հանգիստ մտածելու համար:
Կայքերի պարզեցման ու ամփոփման պատճառով անկում է ապրում համատեքստում երկար նախադասություններն ընկալելու ունակությունը: Աշխարհում, ուր կարելի է ակնթարթորեն ստանալ տեղեկատվություն` այն որոնելով որոնողական համակարգերում, նվազում է տեղեկատվությունը հիշելու և շարունակաբար պահպանելու ունակությունը:
Ոչ վաղ անցյալում Տակաֆումի Խորիեն ինձ ասաց, որ ինտերնետում հոդվածները չափազանց երկար են, ինչի համար էլ ցանկանում է հիմնել այնպիսի լրատվական կայք, ուր բոլոր նորությունները չեն գերազանցի 400 նիշը: Սա նույնպես կարելի է վերագրել մեզանում կատարվող փոփոխությունների վնասակար էֆեկտների թվին:
Առանց տեխնոլոգիաների ապրելը բարդ է, ինչի համար էլ կարելի է նման փոփոխությունները համարել գործնականում անշրջելի: Հնարավոր է` մտածելու մեր ունակությունը կշարունակի նվազել մինչև բավական ցածր մակարդակի: Ներկայումս մեզ հետ տեղի է ունենում մի կողմից գիտելիքների ծավալի մեծացման, իսկ մյուս կողմից`մտածելակերպի կարողությունների անկման գործընթաց:
Վաղ ժամանակներում բնակված մարդիկ ունեցել են ոչ մեծ գիտելիքներ և մտավոր հարաբերական բարձր կարողություններ: Հնարավոր է` մենք կարող ենք ստեղծել շատ ավելին, քան անցյալի մարդիկ, եթե պահպանենք մտածելու մեր ունակությունները: Իսկ ի՞նչ է պետք դրանք պահպանելու համար:
Մեր ուղեղն ունակ է հարմարվել մեր առօրյա կյանքին: Մտածելու մեր կարողությունները պահպանելու համար անհրաժեշտ են որոշակի սովորույթներ: Կան տարբեր մարդկանց կողմից առաջարկված բազմաթիվ մեթոդներ, սակայն ես կներկայացնեմ դրանցից ամենաուշագրավ 4-ը:
1. Հստակեցնել օրեր, որոնց ընթացքում դուք չեք օգտվի ինտերնետից
Վերջին տարիներին համակարգիչը հնարավորություն է տվել մշակել մեծ ծավալի տվյալներ, դրա հետ մեկտեղ ինտերնետային ծառայություններն աստիճանաբար ավելի ու ավելի են խլում մեր ժամանակի մեծ մասը, ինչի հետևանքով դա շեղում է մեր ուշադրությունը: Բնականաբար, անհնար է մշտապես ապրել ինտերնետում, սակայն կարելի է, օրինակ, հանգստյան օրերին համակարգիչն ու բջջային հեռախոսը թողնել տանը և դուրս գալ փողոց` «զինվելով» միայն տետրով ու գրիչով:
2. Գրել երկար և որակյալ տեքստեր
Պետք է որպես կանոն վերցնել առնվազն 3000 նիշ ծավալով տեքստեր գրելը: Ընդ որում, չպետք է ուշադրություն հատկացնել միայն ծավալի վրա, անհրաժեշտ է մանրակրկիտ ընտրել խոսքերն ու բառակապակցությունները, կանոնավոր ուշադրություն դարձնել տեքստեր գրելու վրա: Բանն այն է, որ որոշակի երկարությամբ որակյալ տեքստեր գրելն ուղղակիորեն կապված է ուղեղի համար անհրաժեշտ մտքերի հստակեցման ու կարգավորման համար:
3. Անմիջապես չդիմել որոնողական համակարգի օգնությանը
Երբ ծագում է ինչ-որ հարց, չպետք է ակնթարթորեն դիմել որոնողական համակարգերի ծառայություններին: Ավելի լավ է փորձել լարել հիշողությունը և փորձել պատասխանել հարցին, իսկ հետո նոր ձեռնամուխ լինել որոնմանը: Դա նման է հեռուստավիկտորինայի, երբ անհրաժեշտ է անձամբ խորհել պատասխանի շուրջ, իսկ հետո նոր տեսնել ճիշտ պատասխանը: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Դա անհրաժեշտ է սեփական գլխով միջավայրում մտածելու կարողությունը չկորցնելու համար, երբ պատասխանը մշտապես ձեռքիդ տակ է:
4. Նայել սեփական աչքերով
Չպետք է բացառապես հենվել ինտերնետային տեղեկատվության վրա, պետք է մեկնել դեպքի վայր և ստանալ ուղիղ տեղեկատվություն` հենվելով սեփական զգացումների վրա: Դեպքի վայրում կարելի է որսալ այն, ինչը չեն հաղորդում ԶԼՄ-ները: Դա մթնոլորտն է, ջերմաստիճանը, հոտերը և այլն: Եթե դուք փորձում եք իմաստավորել իրավիճակը դեպքի վայրում գտնվելուց հետո, ապա ձեր եզրակացությունները դառնում են շատ ավելի խոր:
Շոպենհաուերը ժամանակին արել է հետևյալ զգուշացումը. «Կարդալ նշանակում է մտածել օտարի գլխով` սեփական գլխով մտածելու փոխարեն: Ոչինչ չի կարող ավելի վնասակար լինել, քան կարդալու միջոցով օտար մտքերի չափազանց ուժեղ ներհոսքը, որովհետև դրանք պատկանում են տարբեր խելքի, այլ համակարգի, երբեմն չեն հանգեցնում մեկ ընդհանուրի և չեն տալիս մտածելակերպի, աշխարհայացքի ու համոզմունքների միասնության հնարավորություն: Ինքնուրույն մտածելակերպը տալիս է նման հնարավորություն: Ըստ էության, միայն սեփական հիմնական մտքերն են իրական ու ունեն կյանք»:
Ինդուստրիալ հեղափոխությունը փոխեց մարդու ֆիզիկական կերպարը: Օրինակ, այն բանից հետո, ինչ մենք ստացանք փոխադրամիջոցներ, մեր ոտքերը դարձան առավել թույլ: Այդպիսի փոփոխության վտանգավորությունը գիտակցած մարդիկ սկսեցին վազել, մարզել իրենց մարմինը: Տեղեկատվական հեղափոխությունը փոխում է մարդկային ուղեղը: Հնարավոր է, այդ հեղափոխությունը զրկի մեզ մտածելու կարողությունից:
Լիովին հնարավոր է, որ մի քանի տարի անց մենք կարիք ունենանք հատուկ մարզել մեր մտածելակերպը նույն կերպ, ինչպես որ մի քանի տասնամյակ առաջ զարգացած երկրների բնակիչները բախվեցին իրենց մարմինը մարզելու անհրաժեշտության հետ: Ես ներկայացրի 4 եղանակ, որոնց կարելի է հատկացնել ձեր առօրյա ժամանակի 10 տոկոսից ոչ ավելին: Եկեք փորձենք զարգացնել ինքնուրույն մտածելակերպը»: