
Չինաստանը և ԱՍԵԱՆ-ը ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Չինաստանը և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) հոկտեմբերին կկնքեն ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր։ Այս մասին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացած ԱՍԵԱՆ երկրների նախարարների մասնակցությամբ միջոցառումների ավարտին լրագրողներին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Նա նշել է, որ Չինաստան-ԱՍԵԱՆ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություններն ավարտվել են և համապատասխան փաստաթղթերը ստորագրման կներկայացվեն հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։
«Միակողմանի գործողությունների և պրոտեկցիոնիզմի (խմբ. ապրանքների և ծառայությունների ներմուծման սահմանափակմանը միտված պետական արտաքին առևտրական քաղաքականություն) քաղաքականության ներկայիս տարածման խորապատկերում Չինաստանը և ԱՍԵԱՆ երկրները դրսևորել են միմյանց աջակցելու, միավորվելու և համագործակցելու, ինչպես նաև մարտահրավերներին համատեղ դիմակայելու անսասան ձգտում»,- նշել է Վան Ին, որի խոսքը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքը։
Վան Ին հայտարարել է, որ Չինաստան-ԱՍԵԱՆ ազատ առևտրի գոտու վերաբերյալ խորհրդակցությունների ավարտը և փաստաթուղթը վավերացնելու կողմերի պատրաստակամությունը հստակ ցույց է տվել՝ շարունակվելու են տարածաշրջանային տնտեսական միավորմանը և տարածաշրջանային ազատ առևտրի բարձր մակարդակի ցանցի ձևավորման աջակցությանը միտված քայլերը։