«Սխալ բա՞ն ենք ասում, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ով եկեղեցու դեմ արշավ  է սկսել՝ դավաճան է. Ժողովուրդը համատարած դժգոհ է, պարզապես կոնսոլիդացնել է պետք». Գևորգ Ավագյան

Գյումրեցի գործարար Գևորգ Ավագյանը վստահ է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և մյուս կալանավորված անձանց նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է. այստեղ կասկած լինել չի կարող։

«Գյումրիում սրբազանի հետ կատարվողը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։ Այդ մարդը սրբազան է, նա քաղաքականությամբ չի զբաղվել, նա միայն կոչ է արել, որ՝ «ժողովուրդ ջան, երկիրը փրկեք», թե ինչ ճանապարհով կանեն, թող ժողովուրդը որոշի։ Ինչպե՞ս է ստացվում, որ սրբազանի կոչում առաջին անգամ Դատախազությունը հանցակազմ չի տեսել, բայց երկրորդ անգամ հանցակազմ է տեսել՝ զավեշտալի է ուղղակի։

Այդ մարդը, անունն էլ չեմ ուզում տամ, երկրի իբր ղեկավարն օր առաջ ուզում է այս երկիրը տա թուրքին, սրբազաններին անունով է դիմում, եկեղեցու առաջնորդի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, ինչի՞ մասին է խոսքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Ավագյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի դեմ պետք է պայքարել, շեշտում է՝ սպասում են «եկեղեցու զանգերի» հնչելուն։

Կարդացեք նաև

Գևորգ Ավագյանն ասում է՝ այսքանից հետո ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, եթե ոտքի չի կանգնել, ուրեմն՝ արժանի է նման ղեկավար ունենալուն։

«Հիմա մեր սպասելիքներն ընդդիմությունից է, ընդդիմությունը պետք է կազմակերպի ժողովրդին, շատ անելիքներ ունի։ Պետք է ունենան մարզային այցելություններ, հանդիպեն ժողովրդին, նրան բացատրեն իրավիճակը, աշխատանքներ տանեն, և այլն։ Այլ խոսքով՝ ժողովրդի հետ պետք է կոնսուլտացիաներ տանեն։ Իշխանությունը կռված գեներալների է «քաշում», նրանց կռվածը հարցականի տակ դնում, էլ ինչի՞ մասին է խոսքը։

Ժողովուրդը համատարած դժգոհ է, պարզապես կոնսոլիդացնել է պետք։ Եթե ընդդիմությունը լիարժեք աշխատի, ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Երբ սովորական քաղաքացին դուրս է գալիս պայքարի, պետք է իմանա, որ իր թիկունքին կանգնող կլինի, օրինակ, եթե տանեն ոստիկանություն, իր հետևից փաստաբան կգնա։ Ամեն օր մարդկանց տեռորի են ենթարկում, ռեպրեսիաներ են իրականացնում, մարդիկ երաշխիքներ են ուզում։ Ես նախկին նախագահների դեմ բան չունեմ, բայց նրանք աշխատանքներ պետք է տանեն, ինչը ես չեմ տեսնում այսօր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ ՔՊ-ականներն իրենց կյանքում չէին տեսել բիզնես, փող, մեքենա, հիմա տեսել են ու Նիկոլից չեն ուզում հեռանան։

«Նիկոլն իր պատգամավորներին բոլորին էլ մի «փայ» գցել է, բոլորն էլ դրանից օգտվում են։ Մարդ կա՝ իր կյանքում ներկրումով չի զբաղվել, բայց այսօր զբաղվում է։ Տեսեք, Գյումրիում ինչպես Կոմունիստական կուսակցությանը հաջողվեց իշխանությունը վերցնել իր ձեռքը, ի՞նչն է խանգարում, որ այս օրինակով ընդդիմությունը կարողանա իշխանությունը վերցնել երկրում։

Ինքս կուսակցական չեմ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կարող է անել ընդդիմությունը, եթե միավորվի։

Մենք սխալ բա՞ն ենք ասում, ասում ենք՝ ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ դավաճան է, եկեղեցու դեմ արշավ սկսածը՝ դավաճան է, ով խաչի դեմ բան ունի, ով ուրանում է մեր տղաների թափած արդյունքը՝ դավաճան է։ Ով ասում է, որ տղաները զոհվել են հանուն ոչնչի՝ ոչնչություն է՝ լինի կին թե տղամարդ»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ նրանք, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, նշանակում է, որ պետք է նրա հետ հավասար կրեն պատասխանատվություն՝ թե՛ օրենքի առաջ, թե՛ մարդկայնորեն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է «Սրբազան պայքարի» առաջնորդ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և 1 տասնյակից ավելի մարդ։ Նրանց իշխանությունը մեղադրում է «իշխանազավթում և ահաբեկչություն նախապատրաստելու» մեջ։ Հունիսի 27-ին 2 ամսով կալանավորվեց նաև Միքայել սրբազանը, իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու կոչեր» հնչեցնելու մեջ։ Նույն մեղադրանքով հունիսի 18-ին 2 ամսով կալանավորվեց նաև «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս