
Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։
Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։ Հուլիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիային բնական գազի մատակարարման հարցում աջակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։