Բաժիններ՝

Մաթիաս Բիթլինգմայեր. «Google-ում աշխատանքի ընդունվելն այնքան դժվար չէ, որքան թվում է»

Այս օրերին Հայաստանում է գտնվում Google Mountain View-ի նախկին աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով շուրջ 6 տարի աշխատել է Google-ում և ընդամենը վերջերս` հուլիսին է  դուրս եկել Google-ից: Նա  պատրաստվում է ստեղծել իր սեփական տեխնոլոգիական ընկերությունը: Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը Հայաստան էր այցելել Google Developer Group Armenia-ի հրավերով՝ մասնակցելու հուլիսի 27-ին Երևանում առաջին անգամ անցկացվող ecaHack Yerevan 2013-ին: Ներկայացնում ենք 168.am-ի զրույցը Մաթիաս Բիթլինգմայերի հետ:

– Դուք լքել եք Google-ը և ցանկանում եք ստեղծել  Ձեր Start-up-ը (նորաստեղծ ընկերությունը): Կպատմե՞ք՝ ի՞նչ եք պատրաստվում անել և ինչո՞ւ լքեցիք Google-ը:

– Նախ ասեմ, որ չեմ պատրաստվում ասել, թե ի՞նչ եմ պատրաստվում անել, որովհետև այն, ինչ անելու եմ՝ դեռևս սկզբնական վիճակում է: Անգամ Google-ի նման հզոր ընկերությունում մեզ խրախուսում են փոփոխություններ անել, օրինակ՝  լքել նմանատիպ հզոր ընկերությունը, կամ՝ 2-3 տարին մեկ ընկերության մեջ փոխել նախագիծը, որի վրա աշխատում եք: Կարծում եմ՝ դա ճիշտ ժամանակային մոդել է ծրագրային ապահովման ոլորտում ցանկացած աշխատանքի դեպքում: Գոյություն ունի նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում դու կարող ես արդյունավետ լինել և լավ արդյունքներ ունենալ, և նաև մաքսիմում ժամանակահատված, որը համարվում է 18 ամսից  3 տարի ժամկետը: Ես  Google-ում աշխատեցի 6 տարի,  2-3 անգամ փոխեցի իմ ծրագրերը, և պարզապես որոշեցի հեռանալ:

– Նշեցիք, որ արդյունավետությունը ծրագրային ապահովման ոլորտում մոտ 2-3 տարի է, դա Ձե՞ր հաշվարկն է, թե՞ Google-ի:

Կարդացեք նաև

– Դա իմ կարծիքն է: Չեմ ուզում ասել, թե ընկերության պաշտոնական քաղաքականությունն է այդպիսին, սակայն դա նորմալ է՝ 2 տարին մեկ պետք է փոխել ծրագիրը, որի վրա աշխատում ես:

– Դուք ցանկանում եք ստեղծել Ձեր ընկերությունը, ի՞նչ է այն, ո՞ր ուղղությամբ է աշխատելու և որտե՞ղ է գործելու:

– Ծրագրավորման և ծրագրային ապահովման ոլորտի գեղեցկությունը կայանում է նրանում, որ դու կարող ես դրանով զբաղվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Կարծում եմ, մենք բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ գումարներ հավաքելու և վենչուրային կապիտալ ներգրավելու հնարավորությունները դեռևս ավելի շատ հենց Սիլիկոնային հովտում է: Մենք չենք կարող ստեղծել Սիլիկոնային հովտի մթնոլորտը, որը անկախ կլինի Սիլիկոնային հովտից, սակայն մենք կարիք ունենք ստեղծելու բաց հարաբերություներ Սիլիկոնային հովտի հետ: Այսպիսով, կարծում եմ, որ կլինեմ Եվրոպայում` Բեռլինում, որը հիմնական զարգացման կենտրոններից է Եվրոպայում: Այդպիսով՝ առաջիկայում ես կլինեմ Բեռլինի և Սիլիկոնային հովտի մեջտեղում:

– Իսկ այն ինչով Դուք կզբաղվեք, արդյոք կապ կունենա՞ այն ամեն հետ, ինչ անում էիք վերջին 6 տարիներին  Google ընկերությունում:

– Ցավոք, ոչ: Իրականում ես սիրում եմ լեզուները և թարգմանությունները, թարգմանական ծրագրերը և միջազգայնացումն ընդհանրապես: Ես աշխատել եմ Google-ի ենթակայության տակ գտնվող բիզնես ծրագրային ապահովման աշխատանքներում` HR հավելվածներ և նման բաներ ստեղծելու ուղղությամբ, հետո Android-ի վրա էի աշխատում, իսկ վերջին 2 տարիներին աշխատել եմ Google translate-ի վրա: Դա իմ երազանքի ծրագիրն էր, սակայն ես այն թողեցի` մեկ ուրիշի վրա աշխատելու համար, այնուհետև վերադարձա իմ անհատական նախասիրությունների ոլորտին, իսկ հիմա այլ ոլորտում եմ որոշակի հնարավորություններ տեսնում: Բայց, ինչպես սկզբում նշեցի, չեմ ցանկանում հիմա մանրամասնել այդ ամենը:

– Վերջերս կարդացի, որ Google Translate-ը մարդկանց հնարավորություն կտա շփվել տարբեր լեզուներով իրական ժամանակում: Այսինքն՝ ընկերությունում մշակում են սարքավորումների նախատիպեր, որոնք հնարավորություն կտան գրեթե իրական ռեժիմում փոխանցել մարդկային խոսքը՝ մի լեզվից մյուսին: Դուք ինչ-որ մասնակցություն ունե՞ք այդ ծրագրում:

– Սա մի բան է, որը կարելի է գտնել հեռախոսներում կամ ինտերնետում և կոչվում է Conversation mode (զրույցի ռեժիմ): Իհարկե, ասում են, որ դա հավասարազոր չէ և այն օգտագործելն այդքան էլ դյուրին չէ, օրինակ` Google Chrome-ում նման` թարգմանությունը լսելու հնարավորությունից օգտվելու համար պետք է ինչ-որ գործողություններ կատարել, այսինքն` այդքան էլ հարթ հաղորդակցության փորձառություն չէ: Այն, ինչ կատարվում է այժմ Google transtale-ի պարագայում՝ այս հնարավորությունների ավելի հասանելի տարբերակն է: Եվ եթե նրանք դա չանեն, ապա մեկ ունիշը դա կանի, քանի որ այդ բոլոր տեխնոլոգիաներն արդեն հասանելի են:

google

-Իսկ ի՞նչ կասեք հայերենի մասին, հայերենով հնարավոր կլինի՞ Google translate-ով իրական ռեժիմում մարդկային խոսք փոխանակել մի լեզվից մյուսին:

– Ներքին տեղեկատվություն չունեմ այս մասին, սակայն կարծում եմ, որ լավագույն ճանապարհը այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, և, որը ունի շատ լավ կրթված բնակչություն, այն է, որ դուք պետք է հնարավորության սահմաններում բաց կոդով գրեք և առաջարկեք այդ հնարավորությունը հայերենի համար, ստեղծեք նման մի ծրագիր, որը կօգնի և՛ տեխնոլոգիական ընկերություններին, և՛ հետազոտական կենտրոններին, և՛ համալսարաններին: Եվ, քանի որ սա փոքր շուկա է, և բոլոր հայերը գիտեն մեկ այլ լեզու, ապա նրանց` նման խոշոր ընկերությունների համար կարիք չկա տեղայնացնել ծրագիրը հայերենով, քանի որ իրենք ավելի շատ հետաքրքրված են մեծ շուկաներով, այնպիսի շուկաներով, ինչպիսին են Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Լատինական Ամերիկան կամ այլ երկրներ, որտեղ նաև մարդիկ չգիտեն մեկ այլ լեզու: Խոշոր ընկերությունների համար կարևոր է այդ ապրանքը հասցնել մեծ շուկաներ ունեցող երկրներ, սակայն Հայաստանի համար այդ ընկերությունները երևի չեն անի: Այնպես որ, դուք պետք է ինքներդ ստեղծեք այն և  բաց կոդով տեղադրեք ինտերնետում կամ առաջարկեք խոշոր ընկերություններին:

–  Կպատմե՞ք՝  Դուք ինչպե՞ս հայտնվեցիք Google-ում:

– Դա այնքան դժվար չէր, ինչպես գուցե թվում է: Ես պարզապես ընկերությանը դիմեցի ինտերնետային կայքի միջոցով՝ շատ պարզ: Մինչ այդ Վաշինգտոնում համալսարանում էի սովորում՝ Համակարգչային գիտություն ուղղությամբ: Ես պարզապես ներբեռնեցի իմ կենսագրությունը ընկերության ինտերնետային կայքում և հետո արդեն ինձ հրավիրեցին Google-ում աշխատանքի: Օրինակ, հնարավոր է դիմեք և հաջորդ ամիս նայեն իրենց տվյալների բազզան և հենց Ձեզ հրավիրեն աշխատանքի: Դու պարզապես ներբեռնում ես «ռեզյումեդ», իսկ նրանք որոշում են:

– Իսկ կա՞ արդյոք որևէ տարբերություն՝  աշխատանքի դիմողը ապրում է Հայաստանո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, կամ որևէ այլ երկրում:

– Կարծում եմ, մենք բոլորս էլ գիտենք, որ տարբերություն կա: Սակայն իրադրություններն են փոխվում, իրադարձություններն են փոխվում և նաև կա հնարավորություն աշխատանքի ընդունվել Google-ի  օրինակ` Եվրոպական գրասենյակում, Լոնդոնում, Ցյուրիխում կամ մեկ այլ տեղ: Կարծում եմ՝ այժմ ժամանակները փոխվել են, և օրինակ՝ կարող եք գրել Ձեր ինքնակենսագրության մեջ միայն Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, կամ, ասենք, Ձեր բարեկամի հասցեն, ով ապրում է ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում և վերջ: Օրինակ` ԱՄՆ-ի ուսանողների մեծ մասը այդպես էլ մշտական գրանցված չէ որևէ կոնկրետ վայրում: Գլոբալ ընկերությունում փորձառություն կարող է ունենալ յուրաքանչյուրը,  կարիք չկա ինքդ քեզ սահմանափակել…

– Հայաստանի հետ կապված որևէ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Իմ քաղաքականությունը հետևյալն է. ես չեմ ընտրում ազգութուն կամ մշակույթ, և եթե աշխատանքի վերցնելու լինեմ՝ ես ընտրելու եմ անհատին: Կարծում եմ՝ Հայաստանում բավականին ակտիվ ծրագրավորողներ կան: Այստեղ կան բավական տաղանդավոր մարդկանց խմբեր, որոնց հետ, կարծում եմ, կցանկանամ հետագայում ևս շփվել և վերադառնալ այստեղ, քանի որ իրականում ցանկանում եմ լսել նրանց գաղափարները, և, կարծում եմ, նաև նրանց համար ևս կարևոր է միմյանց հետ մտքերի փոխանակումը:

Ես ուրախ եմ լինել Հայաստանում, քանի որ միայն լավ բաներ եմ տեսել այստեղ` մարդիկ, կյանքը, կերակուրները, հիանալի լեզուն, և հուսով եմ՝ աստեղ դեռ կվերադառնամ: Հայաստանում լինելը հիանալի է: Google-ի գլխավոր գրասենյակում, որտեղ ես աշխատում էի՝ կան հայեր և հաճելի է լինել նրանց հայրենիքում և Հայաստանին ծանոթանալ՝ արդեն այստեղ գտնվելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս