Բաժիններ՝

Արդյո՞ք 200 միլիոնը կբավարարի Հայաստանում գիտությունը զարգացնելու համար

2011 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ նախագահի և երիտասարդ գիտնականների հանդիպման արդյունքում, երիտասարդ գիտնականների աջակցության նպատակով, որոշվեց հատկացնել 100 մլն դրամ, որը տնօրինելու էին հենց իրենք` երիտասարդ գիտնականները:

Դրանից հետո ձևավորվեց աշխատանքային խումբ, և ստեղծվեց ղեկավար մարմին, որը և համակարգում է ծրագիրը: Այնուհետև ստեղծվեց նաև խորհրդատու մարմին, իսկ դրանից հետո մշակվեցին չափորոշիչները, թե ծրագիրն ի՞նչ ուղղություններով է գործելու և ինչպե՞ս: Որոշվեց 4 հիմնական ուղղություն, դրանք են` երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, գիտական դպրոցների և սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության կազմակերպում: Այս 4 ուղղություններով մշակվեցին կարգերը, հայտերը, դրանց համար անհրաժեշտ չափորոշիչները, հաշվետվության ձևերը, ինչպես նաև` փորձաքննության չափորոշիչները:

Այսպիսով` ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկեց 2012թ. հուլիսի 1-ից: Ծրագրի համար անգամ հատուկ խումբ ստեղծվեց Facebook-ում, որպեսզի ծրագրի թափանցիկությունն ապահովվի, որտեղ և ներառվեց այդ ողջ տեղեկատվությունը, այսինքն` այն, թե ինչ է անհրաժեշտ տվյալ ծրագրին մասնակցելու համար:

Ընդամենը վերջերս` մայիսի 16-ին, ծրագրի ղեկավար և խորհրդատու մարմինների հետ հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պատրաստակամություն հայտնեց շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն դրամ: Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին` հաջորդ տարի պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն հատկացնել այս ծրագրին` այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները: Այս ամենի մասին մենք զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանի հետ:

– Արդյո՞ք այդ գումարը` 100 մլն դրամը, որը, փաստորեն, ՀՀ նախագահի հանձնարարականով կկրկնապատկվի և կդառնա 200 մլն, բավարար կլինի երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ, ինչպես հայտնի է` գիտությունը թանկ հաճույք է:

– Գիտությունը բավականին մեծ գումարներ է պահանջում, մանավանդ` կիրառական գիտությունը, ուստի, իհարկե, այնպես չէ, որ գումարը տրվեց, և հարցը լուծված է: Իհարկե` ոչ, որովհետև կան բազում խնդիրներ. սկսած սոցիալականից` աշխատավարձեր և այլն, վերջացրած հենց նույն ենթակառուցվածքի հին լինելու խնդրով, որն այս արագ աճող տնտեսության և գիտության պայմաններում, իհարկե, բավարար չէ:

Սակայն եկեք մի փոքր հետ գնանք, տեսնենք` ինչպիսի՞ վիճակ էր 5-10 տարի առաջ: 5-10 տարի առաջ անգամ երիտասարդ գիտաշխատող, երիտասարդ գիտնական կարգավիճակ հասկացողություն գոյություն չուներ: Այսօր կարծես ձևավորվել է երիտասարդ գիտնական կարգավիճակը: Նրանց համար կա նաև աջակցություն, օրինակ` երիտասարդ գիտնականների և ստեղծագործական միության անդամների համար` բնակարանաշինության ծրագիրը` մատչելի բնակարանների, որը, կարծում եմ, շատ փայլուն ծրագիր է, որի միջոցով պետությունն աջակցության լուրջ քայլ է ցուցաբերում:

Բացի այդ` Երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրը, որը ևս կարևոր մի քայլ է: Այսինքն` աստիճանաբար ես տեսնում եմ տենդենց, որ պետության` կառավարության կողմից, սկսում է լուրջ ուշադրություն դարձվել երիտասարդ գիտնականներին, իսկ արդյո՞ք դա բավարար է, թե՞ ոչ, հարցի այլ կողմն է: Համենայնդեպս, տարեցտարի մենք նկատում ենք դրական լուրջ փոփոխություններ:

– Դուք նշեցիք բնակարանների հետ կապված ծրագրի մասին: Մի կողմից` երիտասարդ գիտնականների համար բնակարաններ են կառուցում, սակայն մյուս կողմից` նույն երիտասարդ գիտնականները բավարար աշխատավարձ չեն ստանում, որպեսզի կարողանան այդ բնակարանները ձեռք բերել: Կամ էլ` ձեռք բերելուց հետո նրանք պետք է, այսպես ասած, չուտեն, չխմեն, որպեսզի վճարեն դրա դիմաց:

– Հասկանալի է, սակայն այսօր, ի տարբերություն մյուս երիտասարդների, երիտասարդ գիտնականն առավելություն ունի: Այսինքն` նա մատչելի գնով կարող է նոր բնակարան ձեռք բերել, իսկ դա արդեն առավելություն է: Հասկանում եմ, որ աշխատավարձերը ցածր են, և նման աշխատավարձային պայմաններում հնարավոր չէ, բայց երիտասարդ գիտնականները, աշխատավարձից բացի, տարբեր աղբյուրներից` դրամաշնորհային ծրագրերից, օգտվելու հնարավորություն ունեն, լինի դա միջազգային դրամաշնորհ կամ տեղական, որոնք տրամադրվում են, օրինակ` Գիտության պետական կոմիտեի, այս ծրագրի կողմից, և այլն:

Հասկանում եմ Ձեր հարցադրումը, սակայն այսօր դեռևս պետությունն ի վիճակի է նման ձևով օգնել: Իհարկե, լավ կլիներ, եթե, օրինակ, տրամադրվեին անվճար բնակարաններ և այլն, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Այն, որ արդեն տրամադրվում են նաև շուկայական գնից համեմատաբար շատ ավելի ցածր գներով, ես դա արդեն համարում եմ առաջընթաց:

– ԵԳԱԾ-ի ավելացված բյուջեով որքա՞ն երիտասարդներ կկարողանան ֆինանսական աջակցություն ստանալ և ի՞նչ ուղղություններով: Արդյոք առաջիկայում` ներկայիս ուղղություններից բացի, աջակցություն կցուցաբերվի՞ նաև գիտական այլ ուղղությունների:

– Անկեղծ ասած` ինձ համար անակնկալ էր ծրագրի բյուջեի կրկնապատկումը: Իհարկե, ես սպասում էի, որ ծրագիրը շարունակական է լինելու, որովհետև դեռևս 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ ՀՀ նախագահը որոշեց հատկացնել 100 մլն դրամ, նա նշեց, որ, եթե ծրագիրն իրեն արդարացնի, և ամեն ինչ լավ ընթանա, ապա ֆինանսավորումը պարբերական բնույթ կկրի:

Ծրագիրը շատ լավ էր իրականացվել, և ես վստահ էի, որ այն շարունակություն ունենալու է, սակայն, անկեղծ ասած, անակնկալի եկա, երբ կրկնապատկվեց ծրագրի բյուջեն: Կարծում եմ, նոր բյուջեով հատկացվող գումարների տրամադրման համար մենք դեռ ղեկավար կազմով կհավաքվենք և կմտածենք` այդ 4 ուղղություններից բացի, ի՞նչ այլ ծրագրեր կարելի է ընդգրկել ԵԳԱԾ-ի մեջ: Այն, որ ծրագրի աջակցության ուղղություններն ընդլայնվելու են, դա միանշանակ է, սակայն, թե ինչպիսի՞ այլ ուղղություններ կընդգրկվեն ծրագրում` դեռևս դժվարանում եմ ասել:

Ես կարծում եմ, նաև ՀՀ նախագահն էլ նշեց այդ մասին, որ պետք է մտածել և ֆինանսավորել նաև այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունք կունենան: Այսինքն` պետք է նաև ուշադրություն դարձնենք երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող այն աշխատանքներին, որոնք կարող են առևտրայնացվել և, ինչո՞ւ ոչ` այդ միջոցներով իրենք` երիտասարդ գիտնականները, կկարողանան գումար վաստակել: Հենց այս ուղղությամբ նաև պետք է մտածենք և խրախուսենք նման ծրագրերը:

– Կիրառական արդյունքները նաև մեծ ներդրումներ են պահանջում:

– Այո, կիրառականի պարագայում անընդհատ ներդրումներ ես կատարում, որի արդյունքը երևում է հետագայում` գուցե 5-10 տարի անց, սակայն այսօր մեր պետությունն ի վիճակի չէ համեմատվել, օրինակ, Իսրայելի և նմանատիպ այլ երկրների հետ: Այնտեղ գիտությանը հատկացվում է այնքան գումար, որը մեր պետության բյուջեի կրկնապատիկն է: Այսօր Հայաստանը բավականին լավ հորիզոնականում է գտնվում, եթե համեմատենք գիտությանը հատկացվող գումարներն ու մեր գիտնականների տպագրված հոդվածների քանակը, օրինակ, մեր հարևանների նկատմամբ շատ առավելություններ ունենք, այն էլ` այսքան քիչ ֆինանսավորման դեպքում:

– ԵԳԱԾ-ն իր աշխատանքները սկսել է 2012թ., այս ընթացքում ի՞նչ արդյունքներ ունեք, ի՞նչ աշխատանքներ են կատարվել ծրագրին հատկացված միջոցներով:

– Բավականին շատ աշխատանքներ են կատարվել. եթե կարճ ասեմ, ապա 48 երիտասարդ գործուղումների է մասնակցել, միջազգային գիտական ժողովների, երիտասարդական գիտաժողովների 24 հայտ է ֆինանսավորվել` գիտական դպրոցների, գիտաժողովների, սիմպոզիումների և նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար: Նշեմ, որ դրանց մեծ մասը միջազգային բնույթի են, երկու օր առաջ տեղի ունեցավ նաև հերթական գիտաժողովը մեր ֆինանսավորմամբ: Ինքս ներկա եմ եղել, փայլուն ձևով այն ընթացավ:

Մենք բոլոր միջոցառումներին մասնակցում ենք և տեսնում ենք` արդյո՞ք դրանք պատշաճ ձևով են իրականացվում: Նշեմ, որ յուրաքանչյուր միջոցառման մասնակցում է միջինը 50 երիտասարդ, արդեն ամփոփվել են նաև գիտական մրցանակաբաշխության արդյունքները, շուտով կհանձնվեն նաև մրցանակները` պատվոգրերը, ինչպես նաև` դրամական պարգևները, որի համար 114 հայտ է ներկայացվել, որոնցից 29-ը հաղթող է ճանաչվել: Առաջիկայում տեղի կունենա պատվոգրերի և դրամական պարգևների պաշտոնական հանձնման արարողությունը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս