Տխո՞ւր է, կարծես՝ ճիշտ հակառակը…

Կարելի է քննարկել ամեն ինչ` ով ինչպիսի ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին, ճի՞շտ է նրա ընտրած մարտավարությունը, ի՞նչ հեռանկար ունի, սակայն մի բան պարզ է` ա) ընտրությունները կեղծված են,
բ) Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է առավելագույն թվով ձայներ: Դա գիտեն բոլորը: Նախևառաջ` այն պաշտոնյաները, ովքեր ընտրություններից ժամեր անց փոքրիկ մի սենյակում ծափահարում էին Սերժ Սարգսյանին: Եվ ձևացնում էին, թե ծափահարելն այնքան անկեղծ պոռթկում է:
Ընտրողները կատարել են մեկ այլ ընտրություն, իսկ նրանց դարձյալ որպես նախագահ են առաջարկում մեկ ուրիշին: Մասնավոր զրույցներում դա ասում են նաև հանրապետականները, որոնք եթերից ստիպված են լրիվ այլ բան ասել:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը, հիմնավորելու համար, թե որքան արդար են անցել ընտրությունները, ներկայացնում է միջազգային դիտորդների եզրակացությունները: Մարդիկ ներկայացնում են կոնկրետ փաստեր, թե ինչպես են իրենց աչքի առաջ ընտրակաշառք բաժանել, լցոնումներ կատարել, բռնություն գործադրել: Իշխանություններն այս վկայություններն արժանահավատ չեն համարում: Կեղծիքներն ընդունում են այնքանով, որ անմիջապես հետո ասեն. «Այո՛, եղել են թերություններ, սակայն դրանք, ընդհանուր առմամբ, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»: Ազդե՛լ են: Անգամ մեկ խախտումը, կեղծիքն ուղղակիորեն ազդել է ողջ ընտրական գործընթացի վրա:
Ընտրակեղծիքների մեջ իշխանությունները ներգրավել էին բոլորին` ուսուցիչ, բժիշկգ Համացանցում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես են բարձրաստիճան զինվորականները վերահսկում զինվորների ընտրությունը: Սա ևս, ըստ ՀՀԿ էլիտայի, փոքրիկ, ընտրությունների արդյունքների վրա չազդող դրվագ է: Իրականում` բարձրաստիճան զինվորականները խախտել են ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Դա տեսել են զինվորները: Հետո արդեն զինվորին են ստիպում բաց քվեարկել: Այսպիսով` բարոյական հարված է հասցվում բանակին: Զինվորը սկսում է չհավատալ իր անմիջական ղեկավարությանը, երկրի իշխանություններին, իր Գերագույն հրամանատարի ազնվությանը: Եվ սա` իր հնարավոր հետևանքներով:
Ինքս գիտեմ կոնկրետ մարդկանց, որոնց ընտրակաշառք է առաջարկվել, գիտեմ կոնկրետ մարդկանց, ովքեր առաջարկել են այդ կաշառքը: Նրանցից ոչ մեկի անունը ես չեմ տա` անգամ մերկապարանոց երևալու հեռանկարից: Իշխանությունների համար վտանգ են ներկայացնում ոչ թե նրանք, ովքեր կաշառք են տալիս կամ ովքեր վերցնում են, այլ նրանք, ովքեր իրենց թույլ չեն տա անել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքից հետո Ֆեյսբուքում արդեն ծաղրող ստատուսներ են հայտնվել, ոչ այնքան հաջողված հումորներ: Հասկանալի է, մարդիկ ունեն քաղաքական տարբեր նախապատվություններ, ամենևին ոչ բոլորի թեկնածուն է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն, առանց ընդհանուր համաձայնության, յուրաքանչյուրն` ինքն իր որոշմամբ, իր «ոչ»-ն է ասել գործող իշխանություններին և «այո»-ն` Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եվ վերջ»:
Հաղթանակն ունի իր չգրված կանոնները: Ազնվորեն հաղթած թեկնածուն ցանկություն ունի իր հաղթանակը տոնել և ցույց դնել, շնորհավորանքներ ընդունել իր ընտրողներից, ամբողջ 57 տոկոսից: Ամեն դեպքում, այն երկրներում, որոնք դիտորդներ են ուղարկել Հայաստան, ընտրված նախագահներն այդպես էլ վարվում են: Դուրս են գալիս հրապարակ` ընտրողների օվացիայի ներքո, և անգամ մի երկու կաթիլ արցունք են թափում:
Սերժ Սարգսյանին քծնող ՀՀԿ-ականները փորձում են նրան համոզել, թե նա արդար ընտրություններում է հաղթել: Սակայն այն մեծ ալիքը, որը բարձրացել է մայրաքաղաքում և կբարձրանա մարզերում, հոգեբանական բարդ վիճակում կդնի Սերժ Սարգսյանին և կկաշկանդի ազատ ու վստահ աշխատել. մի կողմից` իրենց ապօրինությունների ու քծնանքի համար երախտագիտություն ակնկալող ՀՀԿ-ականները, մյուս կողմից` նրա լեգիտիմությունը կասկածի տակ դնող հասարակությունը: Ի դեպ, ամենածանր հարվածը Շիրակի մարզպետի հրաժարականն էր:
Նրանք, ովքեր գիտեն, որ ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է առավելագույն ձայներ, սակայն չեն ցանկանում դա ընդունել, ունեն բացատրություն: Հայաստանի առաջ այսօր բազում մարտահրավերներ կան, և շատերը չեն պատկերացնում կտրուկ իշխանափոխության հետևանքները. ինչպիսի՞ն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես նախագահ: Ամեն դեպքում, եղել են դեպքեր, երբ նրա գործողություններն անհասկանալի են եղել: Ինչպես, օրինակ, «Ժառանգության» համամասնական ցուցակը, այն, որ նա հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Հասկանալի են նաև մտահոգությունները` բացառել բախումները, նոր Մարտի 1-ը: Գուցե անորոշությունը, վտանգները շատ են: Սակայն ամենամեծ վտանգը, որը փորձում ենք արդարացնել` իբր երկրի կայունությունը չխախտելու ցանկությամբ, կեղծված ընտրություններն են:
Եթե նժարին ենք դնում կեղծված ընտրությունների հետևանքը, մի կողմից` կշարունակենք ունենալ օլիգարխների գերակայությունը, կոռուպցիան, արտագաղթը, հերթական անգամ կոտրված հասարակություն, ճահճային կայունություն: Մյուս նժարին նոր, մեզ համար ոչ սովորական մենթալիտետով, անլիարժեքության բարդույթներ չունեցող նախագահ է, գուցե նաիվ է, սակայն չի կառչի իր աթոռին անհասկանալի համառությամբ:
Տխո՞ւր է: Կարծես` ճիշտ հակառակը…

Տեսանյութեր

Լրահոս