Բաժիններ՝

Հայկական առաջին արբանյակի ծրագիրը մշուշոտ է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը` Հայաստանն առաջին անգամ կունենա  տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը (ավելին տես՝ այստեղ):

Ըստ այդմ՝ մոտ երկու ամիս առաջ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին:

Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական  հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:

Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող  հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:

Կարդացեք նաև

Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար 168.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը գրավոր հարցում էր ուղարկել:

Խնդրել էինք մանրամասնել «Հայաստանի տիեզերական ծրագիրը» (ե՞րբ, ի՞նչ, ինչպե՞ս), այս ծրագրում մասնակցելու են հա՞յ, թե՞ արտասահմանցի մասնագետները: Խնդրել էինք նաև նշել թվեր և այլ մանրամասներ, թե ե՞րբ է նախատեսվում թողարկել հայկական առաջին արբանյակը և թե որքան արժե ծրագրի իրագործումը:

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) անդամ-պետություն, իրավունք ունի շահագործելու գեոստացիոնար ուղեծրի որոշակի դիրք, որի վրա կարող է տեղակայել սեփական արբանյակը: Արբանյակի թողարկման գործընթացը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշված ուղեծրային դիրքի գրանցումը Հեռահաղորդակցության միջազգային միությունում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը 2012թ. նոյեմբերին գրանցման համապատասխան հայտ է ներկայացրել ՀՄՄ: Հայտի հաստատման գործընթացը տևում է 6-ից 12 ամիս:

Միևնույն ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նախաձեռնել է նշված ուղեծրային դիրքում Հայաստանի Հանրապետության ուղեծրային հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրություն, ինչպես նաև՝ նախագծի տեխնիկատնտեսական իրագործելիություն:  Նշված աշխատանքի իրականացումը  կտևի մոտ մեկ տարի: Իրագործելիության ուսումնասիրման արդյունքների հիման վրա կորոշվի ծրագրի արժեքը, ինչպես նաև՝ արբանյակի թողարկման ժամկետները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս