Հայաստանը տիեզերքում կունենա սեփական արբանյակը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման, ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ-ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի եւ հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման եւ գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:
Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման եւ ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:
«Ռոսկոսմոսի» տնօրեն Վ.Պոպովկինը դրական է արձագանքել նաեւ հայ գրատպության 500-ամյակի եւ դրա հետ կապված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ հայկական այբուբենը տիեզերք ուղարկելու Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությանը: Վ. Պոպովկինը ողջունել է այս ծրագիրը եւ առաջարկել այն իրականացնել ռուսական տիեզերանավի մոտակա առաջին իսկ թռիչքի ժամանակ` հոկտեմբերի 31-ին: