Բաժիններ՝

Ինչպե՞ս է լուծվելու գիտության 243 մլն դրամի պակասորդի խնդիրը

Քաղաքական ուժերից շատ-շատերը և անհատ պատգամավորներ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրենց ելույթներում նշում էին, որ հանդես են գալու գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով:

Այսօր ամենացածր վարձատրվող սոցիալական շերտը, թերևս, գիտնականներն են, հատկապես՝ ակադեմիական համակարգում աշխատողները, որոնց միջին աշխատավարձը 65-70 հազար դրամ է, բուհերում դասավանդող գիտնականների վիճակը համեմատաբար լավ է, քանի որ այնտեղ վճարովի ծառայություններ կան ուսման հետ կապված, և պրոֆեսորներն այնտեղ երեք անգամ ավելի շատ են վարձատրվում, քան ակադեմիական համակարգում աշխատողները:

Ժամանակին, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն էր, «զավեշտալի և նոնսենս» է համարել այն փաստը, որ գիտաշխատողը Հայաստանում կրկնակի ցածր աշխատավարձ է ստանում, քան կրթական հիերարխիայում ավելի ցածր կանգնած հանրակրթական դպրոցի ուսուցիչը:

«Նոնսենս է, որ գիտաշխատողն ուսուցչից կրկնակի ցածր աշխատավարձ է ստանում»,- ասել էր նա` առաջարկելով բարձրացնել գիտնականների աշխատավարձերը: Ավելին, նշենք, որ Հայաստանում ակադեմիական ոլորտի գիտնականների թիվը փոքր է, ուստի որևէ բյուջետային ծանրաբեռնման մասին խոսք գնալ չի կարող՝ գումարները մեծ չեն, պարզապես ցանկություն է պետք խոստումը կատարելու համար: Ընդ որում, սա կարևոր է այն իմաստով, որ Հայաստանի կառավարությունն, արդեն քանի տարի, գիտությունը գերակա ոլորտ է հայտարարել:

Կարդացեք նաև

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է 2013թ. պետական բյուջեի նախագծում գիտության ֆինանսավորման համար հատկացված գումարը 243 մլն դրամով պակասորդ տվել: Ի պատասխան, Ա. Աշոտյանն ասաց. «Ես ուզում եմ այս հարցին անդրադառնալով՝ նորից երաշխավորել Կառավարության անունից, որ գիտության համար օրենքով երաշխավորված ֆինանսավորումը բյուջեի վերջնական տարբերակում կլինի այնպիսին, որ պետք է լինի՝ ըստ օրենքի: 243 մլն դրամի տարբերություն է առաջացել այս պահին նախագծի և օրենքով երաշխավորված ծավալի միջև, որովհետև ծրագրերը ներկայացնելուց հետո բյուջեի եկամտային մասի ավելացումներ են տեղի  ունեցել, և առաջացել են այդ տարբերությունները, որը ծրագրերով ապահովելու համար՝ աշխատում են Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, մինչև վերջնական տարբերակում վերականգնենք այդ ֆինանսական ծավալը և կոնկրետ ծրագիր առաջարկենք այդ ծավալով իրականացնելու համար»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, նախարարն ասաց. «Երբ կլինի՝ կիմանանք»:

2013թ. պետական բյուջեի նախագծով գիտության ֆինանսավորումն ավելացել է 1մլրդ դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս