«Բանկային համակարգի հարցերը քննարկելիս պետք է վերանալ էմոցիաներից և զերծ մնալ քաղաքական հայտարարություններից»
Հարցազրույց «Արարատբանկի» վարչության նախագահ, Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի հետ
– Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է ընդհանուր տնտեսական ակտիվության աճ։ Իսկ բանկային համակարգո՞ւմ վիճակն ինչպես է։
– Շուտով Բանկերի միությունը կհրապարակի բանկային համակարգի երրորդ եռամսյակի ցուցանիշները։ Նախապես պետք է նշեմ, որ համակարգում ունենք աճ բանկային գործունեության բոլոր ուղղություններով: Դա շատ ուրախալի է, քանի որ, եթե նայում ենք եվրոպական երկրներին, ապա բանկային ոլորտում աճ ապահովելը օրեցօր ավելի դժվար է դառնում։
– Հայաստանում շուրջ երկու տասնյակ բանկ է գործում՝ չհաշված վարկային կազմակերպությունները։ Այդ քանակը Հայաստանի փոքր շուկայի համար շատ չէ՞։
– Եթե այդ հարցը տայիք 10 տարի առաջ, ես կպատասխանեի՝ այո, շատ է, շուկան հագեցած է։ Կասեի, որ մեր շուկան սպասարկելու համար ավելի քիչ թվով բանկերն էլ են բավարար, և կբերեի Բալթյան երկրների օրինակըգ Սակայն այսօր այդ կարծիքին չեմ։ Բանկերի թիվը որոշում է շուկան։ Բանկային համակարգում առկա է մեծ մրցակցություն, և նույնիսկ այդ պայմաններում բանկերը կարողանում են զարգանալ և ձևավորել շահույթ։
– Մրցակցությունը լավ բան է, սակայն կան բանկեր, որ բողոքում են դրա դրսևորման ձևերից։ Օրինակ, նշում են, որ որոշ բանկեր դեմպինգային քաղաքականություն են վարում՝ ավանդների համար առաջարկելով բարձր տոկոսադրույքներ և ավանդատուներին ներգրավելով իրենց կողմը։ Բանկերի միությունում այդ հարցը քննարկվե՞լ է։
– Բանկերի միության ուշադրության ներքո է նաև բանկերի սակագնային քաղաքականությունը, և մեզ համար կարևոր է, որպեսզի շուկայում առաջարկվեն վարկերի և ավանդների խելամիտ սակագներ։ Խելամիտ ասելով՝ նկատի ունեմ տոկոսադրույքներ, որոնք համապատասխանում են շուկայի ռիսկայնությանը և պահանջարկին։
Բնական է, որ սակագնային քաղաքականությունը բանկերն ինքնուրույն են վարում, և այս պարագայում մենք բանկերին միայն կարող ենք կոչ անել` չմոռանալ, որ ֆինանսական շուկայում ամենակարևոր հանգամանքը կայունությունն է, և այն կարելի է պահպանել միայն ռիսկերի կառավարման հստակ համակարգ ունենալու միջոցով: Եվ այդ համակարգը պետք է մասնակցի բանկերի կողմից ավանդների և վարկերի սակագների սահմանման գործընթացին:
– Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ ավանդների ներգրավման որոշակի խելամիտ վերին սահման կա, որը պետք չի անցնել։
– Դա որոշում է շուկան։ Մեր ներդրողները խնայողություններ կատարելիս որոշում կայացնում են ոչ միայն տոկոսադրույքի հիման վրա, այլ նաև հաշվի են առնում ռիսկի գործոնը։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն, ինչպես գիտեք, երաշխավորում է ոչ թե անսահմանաչափ գումարի վերադարձ, այլ որոշակի սահմաններում` 4 մլն դրամի չափով:
Եթե պետական երաշխավորման չափը ավանդների գծով մեծանար, պետությունն ամբողջությամբ ռիսկը վերցներ իր վրա, ապա այդ դեպքում, իհարկե, որոշման վրա կազդեր միայն ավանդի տոկոսադրույքը։ Սակայն, քանի որ այդպես չէ, ավանդատուները բավականին խելամիտ և գրագետ ընտրություն են կատարում՝ դիտարկելով բանկի վստահելիությունը, կայունությունը և այլ գործոններ։ Վերջին ժամանակներս ավանդատուներն ուսումնասիրում են անգամ բանկերի ֆինանսական հաշվետվությունները, հարկ եղած ժամանակ խորհուրդ են հարցնում նաև պրոֆեսիոնալներից, ինչն ինձ շատ է ուրախացնում: Այնպես որ, տոկոսադրույքը մեծ դեր չի խաղում մրցակցության մեջ։
– Փոխարժեքի տատանումներն ինչպե՞ս են ազդել ավանդային և վարկային պորտֆելների կառուցվածքի դրա։ Դրամով և տարադրամով ավանդների (նաև վարկերի) հարաբերակցությունն ինչպե՞ս է փոխվել, և ի՞նչ պատկեր ունենք այժմ։
– 2009թ. դրամի մարտյան 20% արժեզրկումից հետո տեղի ունեցավ ավանդների կառուցվածքի փոփոխություն, և ավանդատուները, ցավոք, այսօր նախընտրում են խնայողությունները պահել դոլարով։ Իրավիճակը փոխելու և հայկական դրամի նկատմամբ վստահությունն ամբողջությամբ վերականգնելու համար ժամանակ է պետք։
Վարկավորման մեջ նույնպես դոլարային վարկերի տեսակարար կշիռը մեծ է։ Դա պայմանավորված է թե՛ ավանդների դոլարայնացմամբ, թե՛ այն հանգամանքով, որ վարկավորմանն ուղղվող ռեսուրսների մեծ մասը ներգրավվում է միջազգային շուկաներից` արտարժույթով։
– Շատ են ասում, որ բանկային համակարգը կայացած է և կայուն զարգանում է։ Այնպիսի տպավորություն է, որ այն գտնվում է տնտեսությունից դուրս, քանի որ, երբ տնտեսությունն անկում է ապրում կամ դանդաղ աճ է ունենում, բանկերը շարունակում են մեծացնել իրենց շահույթները։
– Նման հարցերը քննարկելիս պետք է վերանալ էմոցիաներից և զերծ մնալ քաղաքական հայտարարություններից։ Ի՞նչ է նշանակում` բանկերը դուրս են տնտեսությունից. հայկական բանկերն ակտիվ վարկավորում են Հայաստանի տնտեսությունը։ Եթե դիտարկենք վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն, ապա այստեղ մենք տարեցտարի ունենում ենք աճ:
Այդ ցուցանիշն այսօր 50%-ի սահմաններում է և համապատասխանում է զարգացող երկրների ցուցանիշներին, մասնավորապես, մենք մոտ ենք ՌԴ-ին և Թուրքիային: Իսկ ինչ վերաբերում է շահույթին, նշեմ, որ շահույթ ստանալու նպատակը բնորոշ է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում նաև` բանկերին: Պարզապես բանկերը թափանցիկ են և հրապարակում են իրենց շահույթները։
Շահույթները մեծ են, սակայն պետք է նայել նաև բանկի ակտիվներին և կապիտալին, որոնք գործադրվել են այդ շահույթը ստանալու համար։ Դրա համար ես խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել երկու կարևոր ցուցանիշի՝ կապիտալի վերադարձ և ակտիվների վերադարձ։ Այդ ցուցանիշները, ցավոք, այնքան էլ բարձր չեն: Օրինակ, կապիտալի վերադարձի միջին ցուցանիշը 2011թ.-ին կազմել է մոտ 10%, մինչդեռ զարգացող երկրների համար այն կազմում է 14-15%:
– Քննադատությունը ոչ թե բանկերին է ուղղված, որ շահույթ են ստանում, այլ կառավարությանը, որ բանկերի համար հատուկ պայմաններ են ստեղծում։
– Բանկերն աշխատում են նույն պայմաններում, ինչպես մյուս բոլոր տնտեսվարող սուբյեկտները։ Սակայն, բանկերի օրենսդրական կարգավորումն, ի տարբերություն տնտեսության այլ ոլորտների, ավելի հստակ և ավելի խիստ է. մեծ թվով հաշվետվությունների պահանջ, նորմատիվային դաշտ, պարտադիր պահուստ, մասնագետների համապատասխան որակավորում, որն արդարացված է բանկերի` «ուրիշի» փողերով աշխատելու հանգամանքով: Իսկ ինչ վերաբերում է հարկային օրենսդրությանն, ապա այս դաշտում մենք մյուսների հետ հավասար պայմաններում ենք, ինչը բնորոշ է շատ երկրների:
– Քննադատության է արժանանում նաև բանկային համակարգի աշխատավարձը, որը, ոմանց կարծիքով, անարդարացիորեն բարձր է մյուս ոլորտների աշխատավարձերից։
– Բանկային համակարգում աշխատավարձը թվում է բարձր, որովհետև, ինչպես արդեն նշեցի, բանկային համակարգը թափանցիկ է աշխատում, և որքան ստանում են, այդքան էլ հրապարակավ ցույց է տրվում։ Մինչդեռ, ցավոք, այլ ոլորտներում այդ խնդրի հետ մենք շատ ենք բախվում վարկավորման ժամանակ, երբ մարդն իրականում բավականին բարձր եկամուտ է ստանում, սակայն աշխատավարձի մասին տեղեկանքում նշվում է անհամեմատ ցածր թիվ, որն իր հերթին` խոչընդոտում է սպառողական վարկավորման զարգացմանը:
Բացի այդ, բանկերը լինելով շատ խորը մասնագիտացում ունեցող կառույց, իրենց աշխատակիցներից պահանջում են բարձր պրոֆեսիոնալիզմ և շատ դեպքերում նաև` միջազգային որակավորում, ինչի դիմաց էլ վճարվում են:
– Պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումն ինչպե՞ս ազդեց բանկային համակարգի վրա։ Նկատի ունեմ՝ բանկերի շրջանառության և եկամուտների վրա, քանի որ գումարներ են մտնում բանկային համակարգ։
– Դրական եմ գնահատում պարտադիր ապահովագրության, ինչպես նաև` սպասվող կենսաթոշակային ռեֆորմը, քանի որ դրանք, բացի այն առավելություններից, որ ընձեռում են մեր քաղաքացիներին և տնտեսությանը, նաև ֆինանսական շուկայում կստեղծեն «երկար փողեր», որոնց կարիքը մեր տնտեսությունն այսօր շատ ունի:
– ՀՀ բանկային համակարգը նաև համարվում է կայուն, սակայն այդ կայունության պայմաններից մեկն էլ չափից դուրս զգուշավորությունը չէ՞։ Այսինքն՝ բանկերը խիստ պայմաններ են առաջ քաշում վարկավորման ժամանակ։
– Կմեկնաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում` «խիստ պայման»։
– Օրինակ` այն, որ 1.5 միլիոն դրամի ավելի վարկավորման դեպքում բանկերը պահանջում են անշարժ գույքի գրավ կամ մի քանի հոգու երաշխավորություն։ Կամ՝ սկսնակ բիզնեսին չեն վարկավորում անգամ գրավի առկայության դեպքում։ Այսինքն՝ զարգացած երկրների համեմատ պայմանները շատ խիստ են, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, արգելակում է տնտեսական աճը։
– Մենք խոսեցինք այն մասին, որ յուրաքանչյուր բանկ պետք է կարողանա ինքնուրույն կառավարել ռիսկերը։ Այս պարագայում, իհարկե, գրավի պահանջ կա, սակայն այսօր բանկերի համար առաջնայինը ոչ թե գրավն է, այլ բիզնեսի առկայությունը և վարկի վերադարձելիության ապահովումը։
Բացի այդ, այսօր հայաստանյան բանկերն ունեն շատ պրոդուկտներ, օրինակ՝ էքսպրես վարկերը, որոնք իրականացվում են առանց գրավի։ Ինչ վերաբերում է «start-up»` սկսնակ բիզնեսի վարկավորմանը, ապա այն բանկային համակարգի մանդատից դուրս է: Մեր տնտեսության ցավը կայանում է նրանում, որ չունենք վենչուրային հիմնադրամներ, որոնց հիմնական գործունեությունը սկսնակ բիզնեսների ֆինանսավորումն է։ Իսկ զգուշավորությունը կամ պահպանողականությունը վատ բան չէ։
Հակառակը՝ բոլորս տեսանք, որ եվրոպական երկրներում ճգնաժամի ժամանակ ինչ խնդիրների առաջ կանգնեցին բանկերն անզգուշության պատճառով։ Արդյունքում՝ պետություններն իրենց վրա մեծ բեռ վերցրեցին բանկային համակարգերը փրկելու համար և հայտնվեցին քննադատության թիրախում։ Իսկ մեր բանկերը կարողանում են կառավարել ռիսկերը և չեն ստիպում հարկատուներին իրենց միջոցներով պահպանել այս կամ այն մասնավոր բանկը։ Այնպես որ, բանկերին զգուշության կամ պահպանողականության համար մեղադրելը ճիշտ չէ։
– Կարծիքներ կան նաև, որ պետությունը մրցակցում է բանկային համակարգի հետ։ Մասնավորապես՝ պետական պարտատոմսերի համար սահմանելով բավականին բարձր տոկոսադրույքներ՝ «քաշում» են այն փողը, որը կարող էր ավանդների տեսքով գնալ բանկային համակարգ։
– Ես այդ կարծիքը չեմ կիսում։ Պետությունը մասնավոր բանկերի համար մրցակից չէ միջոցների ներգրավման գործընթացում, որովհետև օգտագործվում են տարբեր գործիքներ, որոնք տարբեր են նաև իրենց ռիսկայնությամբ, ժամկետայնությամբ և այլն:
– Վերջերս տխրահռչակ «ՄՄՄ»-ը փորձում էր հաստատվել հայկական շուկայում, ինչի վերաբերյալ նաև Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով զգուշանալ նման կառույցներից։ Ի՞նչ եք կարծում, հայաստանյան ավանդատուները, անցնելով նման կառույցների խարդախությունների միջով և ունենալով կորուստների դառը փորձ, կարո՞ղ են կրկին հայտնվել նման թակարդներում։
– Նմանատիպ երևույթներից խուսափելու համար կարևոր է երկու գործոն՝ առաջինը՝ ավանդատուների ֆինանսական գրագիտությունը, և երկրորդ՝ պետական կարգավորումը` ԿԲ-ի վերահսկողության գործիքների կիրարկման միջոցով:
Այսօրվա մեր ավանդատուների ֆինանսական գրագիտության մակարդակը և ԿԲ-ի կարգավորման բարձր որակը, ինձ թվում է, թույլ չի տա, որ ստեղծվեն նոր թակարդներ:
– Վերջերս ԿԲ-ն արգելեց «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեությունը։ Դրանից առաջ էլ արգելվել էր «Միգոմ» համակարգը։ Պատճառաբանությունը երկուսի դեպքում էլ նույնն էր՝ շատ դեպքերում առանց պատճառի հրաժարվել են սպասարկել հաճախորդներին։ Սակայն, որքանով մենք հետաքրքրվել ենք, հաճախորդների կողմից բողոքներ չեն եղել։ Այդուհանդերձ, ո՞րն էր պատճառը։
– Պատճառն այն է, որ այդ կառույցներն անհիմն հրաժարվել են սպասարկել հայկական բանկերից մեկին: Իսկ դա սխալ է, քանի որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է գործեն հավասար պայմաններում։ ԿԲ-ն հետևելով այդ գործընթացին` շատ ճիշտ որոշում է կայացրել, և Բանկերի միությունը ողջունում է այն: Հայաստանում գործում են տասնհինգից ավելի վճարահաշվարկային համակարգեր, և չեմ կարծում, որ այդ երկու համակարգի գործունեության դադարեցումից սպառողը կտուժի։