
Գյուղի մեջ անգամ ադրբեջանցիք կարան մարդ խփեն, Վարդենիսի ամբողջ տարածքը 100%-ով շրջապատված ա ադրբեջանական զորքով. Աշոտ Մադոյան
«Կյանքը ո՞նց ընթանա․ համարյա բնակչություն չկա։ 110 բնակիչ ունենք, 57 տնտեսություն, հիմնականում մեծահասակներն են և 10 փոքր երեխա»,- ասում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանը և հավելում, որ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում Վարդենիսում, որը շուրջ 20 կմ է հեռու գյուղից։
Աշոտ Մադոյանը ցավով արձանագրեց, որ բնակիչները գյուղից հեռացել են, տեղափոխվել այլ համայնքներ․ մեծ հոսք է նկատվել հիմնականում 2020 թվականի պատերազմից հետո, 2023 թվականին՝ ևս։
«Մեր տարածքը շրջապատված է ադրբեջանական զորքով, լրիվ ավտոմատի պատրոնին հասանելի է, անգամ գյուղի մեջ կարող են մարդ խփել։ Մեր համայնքը՝ հողատարածքներով, ադրբեջանցիների հսկողության տակ է, մոտ 2000 հեկտարի չափ իրենք արդեն մեր տարածքի մեջ են՝ խոտհարքեր, արոտավայրեր, մեր խմելու ջրի ակունքները լրիվ իրենց հսկողության տակ են։
Գյուղն ամեն ինչի խնդիր ունի, բայց այսօր հիմնական խնդիրն ապահովությունն է։ Ապահովություն չկա, դրա համար մեր բնակչության 90 տոկոսը չի բարձրանում սարը, վախենում են, գյուղատնտեսական աշխատանքներ չեն անում, ցանքսերն ահավոր պակասել են։ Կխփեն՝ տրակտորիտներին, կոմբայնավարին կխփեն։
Մենք Վարդենիսում նստած՝ հույս չունենք, չգիտենք՝ առավոտ ո՞նց է լույսը բացվում մեզ վրա։ Մի հատ ամպրոպ է լինում, գիտենք՝ պատերազմը էլի նորից սկսեց, սթրեսի մեջ ենք անընդհատ»,- պատմեց Վերին Շորժայի վարչական պատասխանատուն։
Սահմանամերձ համայնքի ղեկավարը կարծիք է հայտնում, որ Ալիևը «մուռ է» հանում՝ իր և հոր տարիների խեղճացման համար։
«Բայց էլի, եթե ուրիշ պետությունները չօգնեն Ադրբեջանին, մեր մեկ զինվորը դրանց 100-ի դեմը կկանգնի։ Մեր զինվորները շատ հզոր են, որ գնաս-տեսնես՝ սահմանին ինչ տղաներ են։ Իսկ սրանք՝ վախկոտ, դավաճան, թիկունքից խփող։ Տես՝ ոնց են լկտիանում։
Չունենք էն մարդը, լիդերը, որ մի հատ էլ ինքը մատ թափ տա նրա վրա։ Շատ վատ ժամանակներ են»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում