
Զելենսկին Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և քննարկել երկու երկրի դիրքորոշումների համակարգումը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
«Ուկրաինան և Գերմանիան հավասարապես տեսնում են պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտությունը՝ արժանապատիվ խաղաղությամբ, և այս պատերազմի ավարտի պարամետրերը կորոշեն Եվրոպայի անվտանգության պայմանները տասնամյակներ շարունակ։ Պատերազմը Եվրոպայում է, և Ուկրաինան Եվրոպայի անբաժանելի մասն է, մենք արդեն բանակցություններ ենք վարում Եվրամիությանը միանալու վերաբերյալ։ Հետևաբար, Եվրոպան պետք է մասնակից լինի համապատասխան գործընթացներին», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ վարելու մասին քննարկումներին։
«Ուկրաինան չի վախենում հանդիպումներից և ակնկալում է նույն համարձակ մոտեցումը ռուսական կողմից։ Ժամանակն է ավարտել պատերազմը», – հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունների եռակողմ ձևաչափը օրակարգում է։ Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպման վայրն արդեն համաձայնեցված է, սակայն հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։