
Թրամփը ձևափոխում է ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների որակն ու բովանդակությունը

Թրամփին ևս մեկ անգամ հաջողվեց Միացյալ Նահանգների համար ձեռնտու առևտրային պայմանագիր կնքել, այս անգամ՝ Եվրոպական միության հետ։ Նախագահ Թրամփը, ունենալով բիզնես մտածելակերպ, իր նախագահության առաջին իսկ օրվանից իրեն դիրքավորում է որպես «գործարքներ» կնքող քաղաքական գործիչ և բիզնեսմեն։ Վերջինս իր քաղաքական հաղթանակները գնահատում է կնքված պայմանագրերով, ինչպես նաև երկրումներդրումներ ներգրավելու չափով։ Թվում է, թե Եվրոպական միությունը, լինելով Միացյալ Նահանգների հետ մեկ Արևմտյան բլոկի մեջ, պետք է խուսափեր Թրամփի բիզնես հաշվարկների «զոհը» դառնալուց, այնուամենայնիվ դա նրանց չհաջողվեց։
Այս առումով Սպիտակ տան ներկայիս ղեկավարը տարբերվում է իրեն նախորդած ԱՄՆ բոլոր նախագահներից, քանի որ Թրամփի վարչակազմի քաղաքականության առանցքը «Առաջին հերթին Ամերիկան» («America first») սկզբունքն է։ Սրանից ելնելով՝ այլ պետությունների հետ փոխհարաբերություններ կառուցելիս նախագահ Թրամփը իր արտաքին քաղաքականության հիմնական գործիք է դարձրել տնտեսական և բիզնես կապերի ամրապնդումն ու ներդրումների ներգրավումը ամերիկյան տնտեսության մեջ։ Ուստի Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ հաստատելու բանաձևը ԱՄՆ-ի հետ շահավետ գործարքներ կնքելն է։
Մինչ նախագահ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելը Եվրոպական միությունում արդեն կային մտավախություններ վերջինիս վերադարձի առումով, քանի որ Թրամփը խոստանում էր դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունից (ՆԱՏՕ), մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա, ինչը մտահոգիչ էր ԵՄ երկրների համար։ Իրականում վերջինիս բոլոր այս սպառնալիքների հիմքում ընկած է ԱՄՆ տնտեսական շահը։ Վերջինիս նպատակն էր կանխել առևտրային դեֆիցիտը, որը առկա է ԱՄՆ-ԵՄ առևտրաշրջանառության մեջ, ինչպես նաև ստիպել Եվրոպական միության երկրներին ինքնուրույն հոգալու սեփական անվտանգությաննառնչվող ծախսերը։
Առևտրային համաձայնագիր. ազդեցությունը ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա
Հուլիսի 27-ին Շոտլանդիայում Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջև կնքվեց առևտրային պայմանագիր, որով ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների վրա կսահմանվեն 15% մաքսատուրքեր։ Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ից կգնի 750 միլիարդ դոլարի էներգիա և լրացուցիչ 600 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում մինչև 2028թ.։ Հատկանշական է, որ համաձայնագիրը ստորագրվեց Թրամփի՝ Շոտլանդիայում գտնվող սեփական կալվածքներում՝ մասնավորապես դրանց մաս կազմող հյուրանոցային շքեղ համալիրում:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ըստ տեղեկությունների, ասել է, որ Թրամփը կարող է ապագայում նաև բարձրացնել մաքսատուրքերը, եթե Եվրամիությունը չկատարի ներդրումների խոստացած չափը։
ԵՄ-ի համար մխիթարությունը ներկայումս այն է, որ այժմ այն բախվում է ԱՄՆ-ի կողմից սահմանված 15% մաքսատուրքի, այլ ոչ թե նախկինում սպառնացող 30%-ի հետ:
Պողպատի, պղնձի և ալյումինի 50 տոկոսանոց մաքսատուրքը շարունակելու են մնալ ուժի մեջ, սակայն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել է, որ մետաղների հարկերը «կրճատվեն և ներդրվի քվոտաների համակարգ»։
Համաձայնագրի հասնելուց հետո Ֆոն դեր Լեյենը հայտարարել է. «Մենք առևտրային համաձայնագիր ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, և դա մեծ գործարք է»։ Ըստ նրա՝ համաձայնագիրը կբերի կայունության և առավել կանխատեսելիության։ Իսկ նախագահ Թրամփի խոսքերով՝ այս համաձայնագիրը «ամենախոշոր գործարքն է, և դա հիանալի կլինի երկու կողմերի համար էլ։ Դա մեզ ավելի կմերձեցնի»։
Ֆոն դեր Լեյենի խոսքերով՝ այս առևտրային համաձայնագրի նպատակը ԱՄՆ-ի հետ առևտրային ավելցուկի վերահավասարակշռումն է։ Թրամփը չի թաքցրել, որ օգտագործում է մաքսատուրքեր՝ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատելու փորձ կատարելու համար։ Եթե խոսենք թվերով, ապա 2024թ. ԵՄ-ն Միացյալ Նահանգներ է արտահանել 531.6 միլիարդ եվրոյի ապրանքներ և ներմուծել 333.4 միլիարդ եվրոյի ապրանքներ, որի արդյունքում առևտրային հաշվեկշռում գրանցվել է 198.2 միլիարդ եվրոյի ավելցուկ Եվրամիության համար և դեֆիցիտ Միացյալ Նահանգների համար։ Իսկ 2023թ. համեմատ արտահանումն աճել է 5.5%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 4.0%-ով։
Այս առևտրային համաձայնագիրը Թրամփն ու իր թիմը համարում են ևս մեկ հաջողված և ձեռնտու գործարք Միացյալ Նահանգների համար։ Նախագահ Թրամփը և իր վարչակազմը տոնում են իրենց հաղթանակը։ Համաձայն Սպիտակ տան տարածած տեղեկատվության. «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Եվրամիության միջև կնքված առևտրային համաձայնագիրը առևտրի փորձագետների, բիզնես առաջնորդների և քաղաքականության մշակողների կողմից գովաբանվում է որպես նշանակալի հաղթանակ՝ Ամերիկան համաշխարհային առևտրի առաջատար դիրքում դնելով՝ ընդլայնելով մուտքը շուկա, կրճատելով ոչ սակագնային արգելքները և խթանելով աշխատատեղերի աճը հիմնական ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, ավիացիայի և էներգետիկայի ոլորտներում»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը նույնպես չի թաքցրել իր ցնծությունը՝ նշելով. «Ամբողջ եվրոպական մամուլը հենց հիմա գովաբանում է նախագահին՝ զարմացած ամերիկացիների անունից նրա բանակցած գործարքով»։ Ըստ նրա՝ «Վաղը ամերիկյան լրատվամիջոցները, անկասկած, կհրապարակեն այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են՝ «Դոնալդ Թրամփը ստացավ իր խնդրածի միայն 99.9 տոկոսը»։
Թեև նախագահ Թրամփը և իր վարչակազմը այս գործարքը ներկայացնում են որպես փառահեղ հաղթանակ, այնուամենայնիվ, տնտեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մաքսատուրքերը ոչ միայն կարող են վնասել ԵՄ-ին (նախնական տվյալներով խոսվում է ՀՆԱ-ի 0,5%-ի անկման մասին), այլ նաև ԱՄՆ շարքային քաղաքացիներին։
Մասնավորապես, 15% մաքսատուրքը նշանակում է, որ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծված 100 դոլար արժողությամբ ապրանքի վրա կավելացվի 15 դոլարի հարկ, ինչը ներմուծողի համար ընդհանուր արժեքը կհասցնի 115 դոլարի: ԱՄՆ արտասահմանյան ապրանքներ ներմուծող ընկերությունները պետք է հարկը վճարեն կառավարությանը, և հաճախ լրացուցիչ ծախսերի մի մասը կամ ամբողջը ստիպված են լինելու կրել հենց սպառողները։ Ուստի գնաճը որոշ ոլորտներում կարող է անխուսափելի լինել։ ԱՄՆ-ում փորձագետները զգուշացնում են, որ սակագնային պրոտեկցիոնիզմը կարող է կարճաժամկետ հեռանկարում ավելացնել եկամուտները, բայց, ի վերջո, կարող է խթանել գնաճը, սխալ բաշխել կապիտալը և դանդաղեցնել տնտեսական աճը։
Այնուամենայնիվ, համաձայնագրից ավելի շատ կտուժի հենց ԵՄ-ն, մասնավորապես՝ ավտոմեքենաներ արտադրողները. 15% տոկոսադրույքը գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությանը տարեկան միլիարդներ կարժենա, փոխարենը կշահեն ամերիկյան ավտոմեքենա արտադրող ընկերությունները։ Մեծ կորուստներ կարող են ունենալ նաև ԵՄ դեղագործական ընկերություններ։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն Շոտլանդիայում կնքված շրջանակային համաձայնագիրը որակել է որպես «մռայլ օր» ԵՄ-ի համար։
ՆԱՏՕ-ի ֆինանսավորման շուրջ հակասությունները
Միացյալ Նահանգներ-Եվրամիություն հարաբերություններում մեկ այլ առանցքային թեմա է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցը։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ԱՄՆ հարկատուների գումարները ծախսվեն Միացյալ Նահանգներից դուրս՝ ապահովելով Եվրապայի քաղաքացիների անվտանգությունը։ Ուստի քննադատության հիմնական թիրախը ուղղված է նրան, որ ՆԱՏՕ-ի մնացյալ անդամ երկրները բավարար գումար չեն ներդնում անվտանգային ոլորտում։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը առավել շատ գումար է տրամադրում, քան անդամ այլ պետությունները, և այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է իր նախագահության ժամանակ։ Իսկ որոշ ժամանակ առաջ Թրամփը բացեիբաց խոսում էր կառույցից դուրս գալու մասին, ինչը կարելի էր կանխել, եթե բոլոր անդամները մեծացնեն անվտանգային ոլորտի իրենց ներդրումը։ Ինչը և տեղի ունեցավ։ Հաագայում հունիսի 25-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-իանդամ երկրները համաձայնեցին մինչև 2035թ. պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից հասցնել մինչև 5%-ի։ 5% ցուցանիշից առնվազն 3.5%-ը պետք է ծախսվի «մաքուր» պաշտպանության վրա, իսկ մնացածը՝ անվտանգության և պաշտպանության հետ կապված «կարևոր ենթակառուցվածքների» վրա։
Սա նախագահ Թրամփը որակեց որպես անձնական հաղթանակ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն այլևս խաբեություն չէ. «Սա Միացյալ Նահանգների համար փառահեղ հաղթանակ է, քանի որ մենք իրականացնում էինք մեր արդարացի բաժնից շատ ավելին։ Իրականում դա բավականին անարդար էր։ Բայց սա մեծ հաղթանակ է Եվրոպայի և իրականում արևմտյան քաղաքակրթության համար»։
Ուկրաինայի օգնության բեռի բաշխումը
Հետաքրքիր է նաև, որ նախագահ Թրամփը Ուկրաինայի օգնության տրամադրման հարցում նույնպես ուներ խոր հակասություններ եվրոպական երկրների հետ։ Նախագահ Թրամփը փետրվարի 22-ին Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի ժամանակ Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված՝ չափազանցնելով հայտարարել էր. «Եվրոպան տրամադրել է 100 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգները՝ 350 միլիարդ դոլար, բայց վատն այն է, որ Եվրոպան այն տրամադրել է վարկի տեսքով, նրանք իրենց գումարը հետ են ստանում։ Մենք այն տրամադրել ենք ոչնչի տեսքով, ուստի ես ուզում եմ, որ նրանք մեզ ինչ-որ բան տան մեր ներդրած ամբողջ գումարի դիմաց»։
Ուստի Թրամփի նպատակն էր, որ հարուստ եվրոպական դաշնակից երկրները ավելի շատ ֆինանսական բեռ կրեն Ուկրաինային տրամադրվող օգնության համար, այլ ոչ թե մեծապես հույսները դնեն ԱՄՆ ֆինանսավորման վրա։ Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը խոսեց Միացյալ Նահանգների համար առավել արդար մոտեցման մասին՝ ասելով. «Մենք այն չենք գնում, բայց մենք կարտադրենք այն, և նրանք [եվրոպական հարուստ երկրները] կվճարեն դրա համար։ Նրանք շատ լուրջ են վերաբերվում դրան, և մենք նույնպես լուրջ ենք վերաբերվում դրան, բայց մենք շատ գումար ենք ծախսում, և մենք պարզապես այլևս չենք ուզում դա անել»։
Նախագահ Թրամփին դա նույնպես հաջողվեց։ Հուլիսի 14-ին նա հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կֆինանսավորեն Ուկրաինայի համար «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերի և այլ զենքերի գնումը։ Ըստ Թրամփի՝ «միլիարդավոր դոլարների» արժողությամբ զենքերը կստեղծվեն ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության կողմից և կֆինանսավորվեն եվրոպական երկրների կողմից։ Ավելի ուշ՝ Սպիտակ տանը կրոնական առաջնորդների հետ ճաշի ժամանակ, Թրամփն ասաց, որ գործարքը «լիովին հաստատված է, լիովին կնքված»։
Կարելի է արձանագրել, որ Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնում նշանավորվեց ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների որակի և բովանդակության էական փոփոխությամբ, որը պայմանավորված էր վերջինիս «Առաջին հերթին Ամերիկան» դոկտրինով՝ առաջնահերթություն տալով ԱՄՆ տնտեսության հզորացմանը։ Նախագահ Թրամփին այս ընթացքում հաջողվեց տնտեսական լծակները արդյունավետ օգտագործել ամերիկյան շահը առաջ տանելու նպատակով։ Նրա մոտեցումները, թեև հաճախ որակվում են որպես հակասական և կոնֆրոնտացիոն, այնուամենայնիվ հենց այս մոտեցման շնորհիվ նախագահ Թրամփին հաջողվեց առևտրային համաձայնագրի հասնել ԵՄ-ի հետ, կարգավորել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման աղբյուրները և չափը, ինչպես նաև ստիպել եվրոպական երկրներին ավելի մեծ չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի փոխարեն։
Իսկ նմանօրինակ շոշափելի արդյունքները հետագայում նրա թիմի կողմից ներկայացվում են որպես սեփական հաղթանակ։ Միևնույն ժամանակ, Թրամփի այս մոտեցումը ԵՄ-ի հետ համագործակցային հարաբերությունները դարձնում է գործարքային հարաբերություններ՝ ստիպելով ավանդական դաշնակիցներին տնտեսական ավելի մեծ բեռ և պատասխանատվություն կրել համագործակցության համար։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ պնդում են, որ նախագահ Թրամփի տնտեսական նման պրոտեկցիոնիզմը հղի է երկարաժամկետ վտանգներով, թեև կարճաժամկետ առումով նույնիսկ քննադատները դժվարությամբ, բայց ընդունում են տեսանելի օգուտներ ունենալու հնարավորությունը:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն