
«Ասել եմ՝ հարվածի ձայնը 2-3 ամիս հետո լսելու ենք, վերջում «ջարդվելու» է գյուղացու գլխին. բոլորն էլ դժգոհ են, շատերը շուկայից դուրս են մնացել». Խաղողագործների միության նախագահ

Վերջին շրջանում բարդացել է հայկական գինու և կոնյակի արտահանման գործընթացը։ Այս խնդրին հայ արտահանողները բախվեցին դեռևս այս տարվա ապրիլից, կոնյակագործներն ու գինեգործները նույնիսկ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ահազանգելով, որ վրացական կողմը թույլ չի տալիս, որպեսզի գինով ու կոնյակով բեռնված բեռնատարները վրացական սահմանով հասնեն Ռուսաստան։
Վրացական կողմը հայտարարում է, որ լաբորատոր փորձաքննությունների է ենթարկում ապրանքը, որի հետևանքով հայկական ապրանքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ մնում են Լարսի անցակետում։
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս խոչընդոտներով պայմանավորված՝ արդեն պարզ է, որ խաղողագործության ոլորտում գլոբալ առումով իրավիճակը չի փոխվել։
«Բոլորդ էլ տեսնում եք կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները, պատճառները մշուշոտ ու անհասկանալի են, թեպետ հասկանալի է։ Այս լաբորատոր փորձաքննությունն օրենքի տառին չհամապատասխանող է, քանի որ, եթե այդ կոնյակը Վրաստան չի արտահանվում, ապա վրացական կողմն իրավունք չունի որևէ բան անելու, նկատի ունեմ այս լաբորատոր փորձաքննությունը, և այլն, երբ երրորդ կողմը, այսինքն՝ Ռուսաստանը, սպասում է այդ ապրանքին։ Կոպիտ ասած՝ «կաթի մեջ մազ են փնտրում» կամ «բարի քեռիություն» են ուզում անել հարևան երկրներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է կարողանա միջկառավարական մակարդակով խնդրին լուծում տալ։ Խնդիրը հրատապ է այնքանով, որ շատ ընկերություններ այս պահին, պայմանագրային պարտավորությունների թերի լինելու պատճառով, շուկայից դուրս են մղվում և իրենց կամայական ձևերն են առաջարկում՝ ստվերային տարբերակով։
«Սա հուսահատ քայլ է, որին մարդիկ ստիպված են գնում, սա չի կարող չազդել խաղողագործի և խաղողագործության վրա, քանի որ միմյանց հետ շաղկապված են։ Քանի որ, եթե այսօր խաղող մշակող ձեռնարկությունը շուկա չունեցավ կամ տնտեսապես վատ վիճակում հայտնվեց, նա չի կարող կարճաժամկետ և երկարաժամկետ պայմանագիր ունենալ խաղողագործի հետ։
Երբ մարդիկ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան, Կառավարության շենքի մոտ պիկետներ կազմակերպեցին, այդ ժամանակ ես իմ կարծիքն ասել եմ՝ այդ հարվածի ձայնը 2-3 ամիս հետո մենք լսելու ենք, այս ամենը վերջում «ջարդվելու» է գյուղացու գլխին։ Անհասկանալի, կամայական խնդիր են առաջացրել, որը լավ բանի չի բերելու ու չի էլ լուծվում»,- հավելեց Արտակ Սարգսյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ գուցե շատ արտադրողներ չեն կարողանում հստակ արտահայտվել, որպեսզի պետական չինովնիկներին դուր գան, կամ ստիպված են այդպես անում, բայց խնդիրը դրանով ոչ թե լուծվում, այլ խորանում է։
«Խնդիրը կա բոլորի մոտ, բոլորն էլ դժգոհ են, մարդիկ արդեն հսկայական ֆինանսական վնասներ են կրել, շատերը շուկայից են դուրս մնացել, շատերն էլ դեռևս դուրս են մնալու, եթե այսպես շարունակվի։ Տեսեք, 4 ամսից ավելի է՝ այս խնդիրների մասին բարձրաձայնվում է, բայց Կառավարությունը որևէ քայլ չի արել կամ անկարող է, որի համար ցավում եմ։ Սա մեկ ընկերության, անհատի կամ կոնկրետ իմ 30 հեկտար խաղողի այգու հարցը չէ, այլ ազգային ռազմավարական խնդիր է, և Կառավարությունը պարտավոր է այդ ամենը լուծել։
Այդ խնդիրը լուծելու համար է կոչվում Կառավարություն, դրա համար ամեն ինչ պետք է անի, որպեսզի հասնի նրան, որ հարևան երկրի Կառավարությունը հասկանա՝ անօրեն ձևով մարդկանց չի կարելի դնել «ռամկաների» մեջ։ Սա նշանակում է՝ կուլտուրական ձևով մարդուն դուրս հանել ոլորտից»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց, որ 7-8 ամիս առաջ նաև կոնյակի արտահանման, ծագման հետ կապված խնդիրներ առաջացան, որ «կոնյակ» անվանումից պետք է հրաժարվել։
«Գուցե այս խնդրի հիմքը հենց այստեղ է, չգիտեմ, բայց հստակ է, որ եթե հրաժարվենք կոնյակի բրենդից, ապա այդ ամենն անդառնալի հետևանքներ է ունենալու ՀՀ-ում գյուղատնտեսության վրա։
Արդեն քանի տարի է՝ Կառավարության դռները մեր առջև փակ են եղել՝ որպես հասարակական կազմակերպություն, կառավարություն-խաղողագործ համագործակցություն չկա, այդ մարդիկ գյուղացու, խաղողագործի տեղը չգիտեն, սա ցավ է։ 7 տարի առաջ ներկայացնում էր, թե ժողովրդի ընտրյալը գյուղացու կողքին է, փոփոխություններ ու առաջընթաց ենք ապահովելու, բայց այս ամենը մնաց օդում։ Այսօր գյուղացուն լսող, նրա խնդիրներով հետաքրքրվող չկա, սա իրականությունն է։ Այսքան ժամանակ չի եղել, որ հրավիրեն խորհրդակցության, լսեն մեր ձայնը, լսեն խնդիրների մասին, որևէ շփում չկա»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։