
Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանի լարվածության կարգավորման շուրջ

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել սահմանի լարվածության կարգավորման շուրջ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքներով։ Այս մասին ասված է X հարթակում Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ:
«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանի իրադրության կարգավորման հանձնաժողովի նիստն ավարտվել է: Երկու կողմը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի պահպանման՝ 13 կետից բաղկացած համաձայնագիրը, երկու երկրի ներկայացուցիչներն ստորագրել են արձանագրություններ, որոնք ուղղված են սահմանին լարվածության կարգավորմանը և սահմանամերձ տարածքում խաղաղության վերականգնմանը», – նշված է հայտարարության մեջ։
Ըստ համաձայնագրի տեքստի, որը հրապարակել է Կամբոջայի մամուլի գործակալությունը, կողմերը համաձայնել են պահպանել հրադադարի լիակատար ռեժիմը սահմանի ամբողջ երկայնքով, հրաժարվել ցանկացած տեսակի զենքի կիրառումից և պահպանել զորքերի ներկայիս տեղակայումը՝ առանց դրանց թվաքանակի մեծացման: Բացի այդ, Բանգկոկը և Պնոմպենը պատրաստակամություն են հայտնել սահմանամերձ շրջաններ ուղարկել Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ-ի) դիտորդական առաքելությունը՝ Մալայզիայի գլխավորությամբ՝ համաձայնագրի պայմանների կատարման հսկողության համար, և պարտավորություն են ստանձնել մեկ ամսվա ընթացքում անցկացնել նոր հանդիպում սահմանի իրադրության կարգավորման հանձնաժողովի ձևաչափով։
Հուլիսի 24-ի առավոտյան կամբոջա-թաիլանդական սահմանի վիճելի գոտուց ոչ հեռու զինված բախումներ են տեղի ունեցել: Կողմերի միջև մարտերը շարունակվել են մի քանի օր, որից հետո Մալայզիայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին: